Լրահոս

18.11.2013 15:20


Եթե մարդը մահանա, իր կուտակած գումարները կստանան ժառանգները

Եթե մարդը մահանա, իր կուտակած գումարները կստանան ժառանգները

Կուտակային կենսաթոշակային համակարգով պարտադիր 5% վճարները ոչ թե գնալու են պետական բյուջե, այլ մասնավոր ընկերություններ։ Այսօր հրավիրված ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը վստահեցրել է, որ այդ ընկերությունները կուտակային կենսաթոշակներից ստացված գումարները ներդնելու են արժեթղթերի շուկայում։

–Ակտիվների կառավարչի սնանկացումը ազդեցություն չի ունենա մարդու կուտակածի վրա: Եթե ակտիվի կառավարիչը սնանկանա, արժեթղթերը կփոխանցվեն նոր կառավարչին: Ակտիվի կառավարիչն էլ հասանելիություն չի ունենալու և չի էլ իմանալու, թե ում ակտիվն է կառավարում։ Բայց քաղաքացին իմանալու է, թե իր ակտիվն ով է կառավարում։ Գանձապետարանից դեպի ակտիվի կառավարիչ փողի շարժը կատարվելու է սկզբում «Նասդաք Օ-ԷՄ-ԷՔՍ»-ի, իսկ հետո՝ պահառու բանկերի միջոցով,–հայտարարել է Ն. Երիցյանը:

Իսկ եթե մարդը մահանա, իր կուտակած գումարները կստանան ժառանգները։

Ի դեպ, մինչև փետրվարի 20-ը 1974–ից հետո ծնված քաղաքացիները պետք է ընտրեն իրենց ակտիվների կառավարչին: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ լիցենզիա ստանալու համար 2 ընկերություն է դիմել ԿԲ՝ ֆրանսիական «Ամունդի» ակտիվների կառավարիչը, որը «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» և «Սոսիե դը ժենիալ» խմբերի համատեղ ընկերությունն է, և գերմանական «Տալանքս» խմբի «Սի-Քվադրատ» ընկերությունը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրելյանն էլ չի համաձայնել, որ օրենքը հակասում է ՀՀ սահմանադրությանը։

10 տարի մանրամասն քննարկել ենք այս հարցը բոլոր առումներով։ 2 անգամ նախագահի մոտ ենք մանրամասն քննարկել: Ու էլի անդրադառնալ սահմանադրականությանն անիմաստ է,-ասել է նա:

Կառավարությունը մտադիր է Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործարկել 2014 թվականի հունվարի 1-ից, չնայած բազմահազար քաղաքացիների բողոքներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը