Աշխարհ

18.11.2013 09:29


Հայաստանի ԱԳ և էներգետիկայի նախարարները ներկա են գտնվել Վրաստանի նախագահի երդմնակալությանը

Հայաստանի ԱԳ և էներգետիկայի նախարարները ներկա են գտնվել Վրաստանի նախագահի երդմնակալությանը

Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։

Հանդիսավոր արարողության ավարտից հետո Գեորգի Մարգվելաշվիլին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը։

Գեորգի Մարգվելաշվիլին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ երկուստեք ջանքերով հնարավոր է դրանք առավել խորացնել և ամրապնդել:

Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ինչպես նաև վիրահայությանն առնչվող հարցեր:

Գեորգի Մարգվելաշվիլին խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Արմեն Մովսիսյանը հանդիպեցին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հանդիպումներին ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը։

Նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Մայա Փանջիկիձեի առանձնազրույցը, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը