Մեկնաբանություն

15.11.2013 17:08


Բացահայտվել է պետական գաղտնիք

Բացահայտվել է պետական գաղտնիք

Օֆշորային մեքենայությունների մեծն գիտակ Տիգրան Սարգսյանը, կամա թե ակամա, պետական գաղտնիք է բացահայտել։ Ավելի ճիշտ՝ ասել է մի բան, որի մասին բոլորը գիտեն։ Հիմա այդ մասին հայտարարվեց բարձրաձայն՝ «Հայկական աշխարհի» ճարտարապետի կատարմամբ։ Այն կարելի է ինքնախոստովանական ցուցմունք համարել։

Ինչպես հայտնի է, վարչապետը, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, խոստովանել է, որ կառավարությունը կարող է վարչական շենքերի ֆասադները վերանորոգելու փոխարեն հատկացումներ անել առանց տանիք մնացած սահմանամերձ դպրոցներին ու պոլիկլինիկաներին, բայց չի անի դա։

Ոմանք զարմացած են մեռելոցների մենեջմենտով զբաղվող Տիգրան Սարգսյանի ցինիզմի վրա, իսկ ոմանք էլ՝ զայրացած։ Դրա կարիքը, սակայն, չկա։ Այդ ի՞նչ մի նորություն կար վարչապետի ասածների մեջ։

Ո՞ւմ համար էր գաղտնիք, որ հնարավոր է պետբյուջեի «ատկատները» կանգնեցնել, բայց դա չի արվի, որ հնարավոր է կոռուպցիոներներին գլխից բռնել, բայց դա չի արվի, որ հնարավոր է օֆշորային թալանի միջոցով գործարարին «քցած» վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկել, բայց դա չի արվի, որ հնարավոր է Լիսկայի տան բակում տեղի ունեցած սպանության մեղավորներին պատժել, բայց դա չի արվի, որ հնարավոր է արտագաղթը կանգնեցնել, բայց դա չի արվի (մնան, որ հեղափոխություն անե՞ն), որ հնարավոր է ...

Մի խոսքով, ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց դա չի արվի, քանզի Սերժ և Տիգրան Սարգսյանները կառուցում են «մեկ օլիգարխի տնտեսություն», ինչի հետևանքով էլ Հայաստանն այս օրն է ընկել՝ ըստ «Ֆորբսի» տվյալների՝ հայտնվելով աշխարհի 10 ամենավատ տնտեսություններն ունեցող երկրների ցանկում։

Վարչապետն, այո՛, պետական գաղտնիք է բացահայտել։ Մարդն այլևս ձևականությունների հետևից չի ուզում ընկնել։ Անցել են Հայաստանը միջազգային տարատեսակ կենտրոնների վերածելու նյուվասյուկիստական խոստումներ տալու ժամանակները։ Այժմ բաց պատերազմ է հայտարարված պետությանն ու հասարակությանը։ Ու եթե Հայաստանում կա մարդ, ով բարեփոխումների հույս ունի այս իշխանությունից կամ սերժատիգրանական խմբակից պահանջում է արդար կառավարում, ապա այդ մարդն առնվազն անմեղսունակ է կամ անինքնասեր։

Սրանց ձեռքին ճար լիներ՝ ՀՀ քաղաքացիների տներում էլ կարմիր կետագծերով հատվածներ կանեին, տեսախցիկ կտեղադրեին ու «SMS»–ներով փող կհավաքեին խոհանոցում երկար մնալու համար։ Կարող եք չկասկածել՝ եթե Սերժը սահմանադրական «բարեփոխումներով» մնաց աթոռին, այդպես էլ կանի։ Տիգրանն էլ ցինիկաբար կհայտարարի, որ կարող են խոհանոցները կարմիր կետագծերով չպատել, բայց դա չեն անի։

Այնպես որ, հեղափոխության պատվերը վերևից է գալիս։ Մնում է այն բավարարել։ Կլինի դա «մարգանցովկա բրոնզով», թե այլ տարբերակով՝ ճաշակի հարց է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը