Կարծիք

15.11.2013 16:37


Վահան Բաբայան. Ձևավորված կառավարման մշակույթը նմանվում է խորհրդային ժամանակների մշակույթին

Վահան Բաբայան.  Ձևավորված կառավարման մշակույթը նմանվում է խորհրդային ժամանակների մշակույթին

-Պարո՛ն Բաբայան, ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ձեր ելույթում անդրադարձել էիք «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ պետական բուհերի ռեկտորներին եւ ԿԳ նախարարին ուղղված նամակներին, որոնք, արդեն մոտ երկու ամիս է՝ անպատասխան են մնացել: Քանի որ ժամանակն ավարտվելու պատճառով Ձեր ելույթը կիսատ մնաց, ուզում էինք իմանալ՝ ի՞նչ առաջարկ էր ներկայացրել հիմնադրամը, որին նրանք չեն պատասխանել, եւ դուք ԱԺ-ում հայտարարել եք այդ մասին:

-Անդրադառնալով ներկայիս ծանր իրավիճակին, որը տիրում է բուհական համակարգում, մասնավորապես՝ վերջերս ուսման վարձավճարների բարձրացման պատճառով, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բուհերին առաջարկել է կրթաթոշակներ, որոնք կտրվեն ամեն ամիս՝ դրա կարիքն ունեցող ուսանողներին: Կրթաթոշակը նախատեսված էր 1 ուսումնական տարվա համար, եւ գումարը յուրաքանչյուր ամիս փոխանցվելու էր ուսանողի անձնական հաշվեհամարին: Ասեմ ավելին, ուսանողների ընտրության հետ հիմնադրամը որեւէ առնչություն չուներ: Այն, ըստ առաջարկի, թողնվում էր բացառապես բուհի ղեկավարությանը: Ընտրությունը կատարելիս մենք խնդրել էինք բուհերի ղեկավարներին հաշվի առնել ուսանողների սոցիալական վիճակը, առաջադիմությունը, մասնագիտական ու մարդկային հատկանիշները:

- Իսկ ինչո՞ւ է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հանդես եկել նման առաջարկով, ո՞րն է իմաստը:

- Ինչպես ես նշեցի ԱԺ իմ ելույթում, մեր երկրում ոչ թե գումարի կամ փողի սակավությունն է խնդիրը, այլ կառավարման համակարգի դեֆեկտի: Բացեմ փակագծերը. բուհական շրջանակներում շշուկներ էին պտտվում, որ բուհերի ռեկտորները սարսափած են հիմնադրամի առաջարկներին ընդառաջելու մտքից, քանի որ նախարարի կողմից չկա հրահանգ: Թեկուզ եւ այդ սարսափի պատճառով սոցիալապես անապահով հարյուրավոր ուսանողներ մնում են առանց աջակցության, այդ մարդկանց համար ավելի կարեւոր է դառնում քծնելը վերադասներին, քան ռեալ քայլերի գնալը, որոնց միջոցով կարող էինք թեթեւացնել առանց այն էլ ծանր պայմաններում սովորող մեր ուսանողների հոգսերը: Ստացվում է հետեւյալ մեխանիզմը. չկա գումար, բարձրացնում են ուսման վարձերը, բայց, միաժամանակ՝ կան մարդիկ, ովքեր պատրաստակամ են աջակցել ուսանողներին: Սակայն հանրահայտ «բլոկ դնելու քաղաքականությունը», ցավով եմ նշում, մեր աչքի առաջ է ու մեր առօրյայում: Մի՞թե դժվար է հասկանալ, որ կրթություն ստանալու ցանկություն ունեցող երիտասարդի համար միեւնույն է, թե որ կուսակցությունն է զբաղեցրել կրթության ոլորտի պատասխանատվությունը: Բայց «միեւնույն» չի դառնում այն պահից, երբ պարզ է դառնում, որ նույն ոլորտի պատասխանատուների կողմից առկա է արհամարհական վերաբերմունք՝ ֆինանսական աջակցություն իրականացնող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նկատմամբ, որի գործունեությունը բոլորի աչքի առաջ է, եւ տարատեսակ ոլորտներում հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին: Կառավարման ձեւավորված մշակույթը նմանվում է խորհրդային ժամանակների մշակույթին, երբ բոլոր ոլորտներում անխտիր, ամենուրեք գործում է մեկ կուսակցության համակարգը, եւ յուրաքանչյուր, նույնիսկ ոչ քաղաքական նպատակներ հետապնդող ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ է դառնում տվյալ կուսակցության քաղաքական որոշումը:

-Ո՞րն է, ձեր կարծիքով, նամակներին չպատասխանելու պատճառը:

- Այդ հարցն ուղղեք պարոն Աշոտյանին ու ռեկտորներին: Ես ընդամենը կարող եմ ասել, որ նամակները բոլոր հասցեատերերին հանձնվել են առձեռն՝ ընդունարաններ: Կարծում եմ՝ նամակներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետը վաղուց ի վեր լրացել է: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պատրաստակամ է շարունակել այս ծրագիրը: Հիմա մենք ստիպված կլինենք հայտարարել բաց մրցույթ այն ուսանողների համար, որոնք այդ ծրագրի կարիքն ունեն, եւ անկախ բուհերի ղեկավարությունից, ստիպված կլինենք մենք ընտրություն կատարել ուսանողներին աջակցելու հարցում: Կարծում եմ, որ կրթական ոլորտի պատասխանատուների նման վերաբերմունքի պատճառը հակաժողովրդական է, ինչ-որ տեղ՝ նույնիսկ հակամարդկային, եւ չի տեղավորվում որեւէ ողջամիտ, ռացիոնալ տրամաբանության շրջանակներում:

Ա.Գալոյան

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/21171.html

Այս խորագրի վերջին նյութերը