Մեկնաբանություն

15.11.2013 16:21


Շանթահարվածները

Շանթահարվածները

Իշխանությունների և «անկախ» լրատվամիջոցների համար աղետի նախանշան չկար։ Սերժ Սարգսյանն ու իր ազգանվանակից Տիգրանը սեպտեմբերի 3–ից հետո իրենց համար հանգիստ քծնում էին Պուտինին, իսկ «արևմտամետ» «1in.am»-ը, «Lragir.am»–ը և մյուս «mutit.am»–ները քննադատում էին Մաքսային միություն մտնելու սերժսարգսյանական որոշումը՝ պահանջելով ... ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, Ռոբերտ Քոչարյանի, Վլադիմիր Պուտինի, Պան Գի Մունի, Բորդյուժայի, «Սմերչի» (հիմա նաև՝ Յանուկովիչի) հրաժարականները։

Դե, իսկ «անկախ» փորձագետներն էլ հիմնավորում էին, թե ինչքան վատ բան է Մաքսային միությունը՝ չմոռանալով շեշտել, որ Սերժ Սարգսյանը ստիպված է այնտեղ մտնել, և հոգու խորքում մնացել է «թունդ արևմտամետ»։

Իդիլիան կատարյալ էր դառնում, երբ Ազատության հրապարակ իջավ հակակրեմլյան տրամադրություններ ունեցող Շանթ Հարությունյանն ու հայտարարեց հեղափոխություն անելու մասին։

Թվում էր, թե արևմտամետության ռահվիրա ներկայացող «Lragir.am»–ն ու «1in.am»–ը պետք է ձեռք ձեռքի տված կանգնեին Շանթի կողքն ու «մարգանցովկա բրոնզով» գնային սերժենց հայաթ՝ Բ26, սակայն պարզվեց, որ ներիշխանական «մուտիլովկաների» մեջ սույն կայքերին տարբեր ֆունկցիաներ է տրված։ Արդյունքում «Lragir.am»-ը սկսեց փառաբանել Շանթի հեղափոխությունը (այդ դեպքում հարց է առաջանում՝ բա ո՞ւր էիք, տղե՛րք և աղջկե՛րք, ինչո՞ւ մի մի փայտիկ էլ դուք ձեռքներդ չէիք վերցրել ու Շանթի կողքը չէիք կանգնել), իսկ ահա «1in.am»–ը սկսեց աշխատել Շանթի դեմ։

Մի՛ շտապեք, սակայն, եզրակացնել, որ «lragir.am»–ը սկզբունքային դուրս եկավ ու պաշտպանեց Շանթի հակառուսական կեցվածքը, իսկ ահա «1in.am»–ը գնաց Զորի Բալայանի հետևից։ Եթե հանգամանքներն այլ կերպ դասավորված լինեին, ապա կարող էինք հակառակ պատկերը ստանալ։

Շանթն, անկախ իր կամքից, պարզապես բացահայտեց, որ «Lragir.am»–ը «Օշֆորի Տիկոյի» փաստաբանն է, և որ վարչապետը «տակից» զբաղված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ «մուտիտներ» անելով։ «1in.am»–ի կեցվածքն էլ Շանթի պահով ցույց է տալիս, որ ոստիկանապետը ձեռքերը ծալած չի նստում։ Այդքան բան։

Թե չէ, արևմտամե՜տ, ռուսամե՜տ, եսիմինչամե՜տ ձևակերպումները շատ պայմանական են «անկախ» լրատվամիջոցների պարագայում։ Դրանք բոլորն էլ, մեծ հաշվով, Բ26–ի տակ են։ Պարզապես ներիշխանական ինտրիգների ժամանակ դրանց մի մասը դուրս է բերվում իշխանության մի թևի դեմ, և հակառակը։

Մի խոսքով, Շանթ Հարությունյանը «քաշեց» Սերժին, Տիգրանին ու «անկախ» լրատվամիջոցներին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը