Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը
Երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը: Եվրոպայի Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ի պատասխան կայքի հոդվածին Եվրոպական Օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն այն է, որ Գլխավոր քարտուղարը Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: Պարոն Յուրի Հայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «անհատական» անդամ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի Օմբուդսմենի ներկայացուցիչը (Օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ Օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ:
Միջադեպից հետո Ադրբեջանի Օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը:
Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը