Լրահոս

15.11.2013 14:41


ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, երբ բուժվում է

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, երբ բուժվում է

Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչները դիմեցին Հայաստանում գործող լրատվամիջոցներին և անկախ լրագրողներին իրենց հետ միասին հետամուտ լինել ՀՀ իշխանությունների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված քայլերի իրականացման ընթացքին:

Վերջին ամիսների ընթացքում կազմակերպությունը նախաձեռնել է քարոզարշավ, որի նպատակն է ներկայացնել հասարակությանը և որոշում կայացնողներին ՄԻԱՎ վարակի բուժման առավելությունները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, հասարակության և պետության համար: Մենք ստացել ենք ավելի քան 1000 նամակ-միջնորդագիր՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, հետևյալ պահանջով՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեր հասարակությունը ՁԻԱՀ-ից պաշտպանելու համար:

«Այսօր մենք նամակով դիմեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետին, որով խնդրում ենք ՀՀ Կառավարությանը մեկ քայլ կատարել ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժման շարունակականության ապահովման ուղղությամբ, այն է Կառավարության որոշման մեջ ընդամենը մեկ լրացում կատարել: Եվ եթե պետական այրերի համար դա նշանակում է միջոցներ, որոնք նրանք չեն ցանկանում հատկացնել պետբյուջեից, ապա հարյուրավոր ընտանիքների համար այդ որոշումը նշանակում է կյանք, հույս և հավատ ապագայի նկատմամբ: Բուժման մատչելիությունը և մեր իշխանությունների մասնակցությունը այս գործընթացին կփրկի բազմաթիվ մարդկային կյանքեր»,- կարևորեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի հիմնադիր Հովհաննես Մադոյանը:

Հետազոտող, ՄԻԱՎ-ի ոլորտի ակտիվիստ Էլմիրա Բախշինյանը, կարևորելով ՀՌՎ բուժման մատչելիության ապահովումը Հայաստանում, նշեց, որ հակառետրովիրուսային դեղերը ոչ միայն նվազեցնում են հիվանդացության և մահացության ցուցանիշները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում, այլև կրճատում հիվանդության փոխանցման ռիսկերը:

***

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 561 մարդ, ովքեր ՄԻԱՎ ախտորոշում են ստացել, բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Սակայն, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հաշվարկների Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժման կարիք ունեցող մարդկանց թիվը կազմում է 1500 (http://apps.who.int/gho/data/node.main.574):

Այս խորագրի վերջին նյութերը