Մեկնաբանություն

15.11.2013 01:33


Հայաստանը «կամ–կամ»–ի առաջ

Հայաստանը «կամ–կամ»–ի առաջ

Գրեթե ամեն օր առանձին խմբեր եւ գործիչներ հրապարակավ պահանջում են Սերժ Սարգսյանի եւ կառավարության հրաժարականը, բայց այդ հայտարարությունները իշխանությունների մի ականջից մտնում՝ մյուսից դուրս է գալիս:

Այսօր մինչ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները կառավարության շենքի դրմաց վեր կպարզեին «STOP կառավարությանը» վերտառությամբ պաստառները, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն արդեն իր Ֆեյսբուքյան էջում ներկայացրեց Սերժ Սարգսյանին ուղղված դիմումի նախագիծը.

«Մեծարգոյ պարոն Սերժ Սարգսեան,
Անկախ այն բանից, թէ ով ինչպէս է վերաբերում Ձեր նախագահութեանը, Դուք եք մեր պետութեան աշխարհով մէկ ճանաչուած առաջին դէմքը։ Ելնելով դրանից մեր պարտքն ենք համարում պաշտոնապէս Ձեզ իրազեկել, որ Մաքսային Միութեանը միանալու Ձեր անակընկալ, ամենայն հաւանականութեամբ ճնշումների պայմաններում ընդունած որոշումը, այն էլ ի օգուտ ՄՄ-ի տարուող միակողմանի քարոզչութեան պայմաններում ժողովրդի միայն 23 տոկոսին է գոհացնում։ Այս տուեալներն ստացուած են գիտական անաչառութեամբ իրականացուած հարցումների արդիւնքում, որոք պատրաստ ենք կրկնել ցանկացած ազնիւ թերահաւատների հետ։
Այս պայմաննեում Հայաստանի իշխանութիւններին մնում է կամ ժողովրդի կամքին համահունչ կտրուկ փոխել արտաքին քաղաքաւկանութեան ռազմավարութիւնը, կամ ժողովրդի հիմնական մասի իղձերը չարդարացնելու պատճառով հրաժարական տալ։
ԱԻՄ ներկայացուցչական խորհդի եւ համախոհ քաղաքացիների անունից
Պարոյր Հայրիկեան»:

Այսպես. Հայրիկյանն էլ անցավ «կամ-կամ»-ի քաղաքականությանը՝ չմոռանալով, իհարկե, PR անել Սերժ Սարգսյանին՝ առաջ մղելով «Խեղճն ի՞նչ կարող էր անել, նրան ճնշել են» իշխանական քարոզչամեքենայի տարածած «մեղմացուցիչ հանգամանքը»: Ինչևէ։

Պարզ է, որ Սերժ Սարգսյանն էլ ծանոթանալով այս դիմումի բովանդակությանը՝ անցնելու է «եւ-եւ»-ի քաղաքականությանը. «Ե՛վ չեմ փոխելու արտաքին քաղաքական ռազմավարությունը, ե՛ւ հրաժարական չեմ տալու»:

Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Հայրիկյանի դիմում-ուղերձը Սերժ Սարգսյանի համար գրոշի արժեք չի ունենալու, եւ ընդհանրապես զրոյական նշանակություն է ունենալու: Մանավանդ, որ Հայրիկյանին «Համոն փողն էն գլխից է տվել», և հետևաբար՝ ԱԻՄ առաջնորդին լսելու պատճառ չունի։

Սակայն, ուշագրավն այն է, որ Հայրիկյանն առաջին անգամ է «ուլտիմատումի» ոճով խոսում Սերժ Սարգսյանի հետ: Որքանով է այս ամենը լուրջ՝ հետո կերեւա: Չմոռանանք, որ Հայրիկյանը հետ ու առաջ անելու բնավորություն ունի և շատ հեշտ կարողանում է ընդհանուր լեզու գտնել Սերժ Սարգսյանի հետ։ ՍԴ դիմելու և ժամեր անց դիմումը հետ վերցնելու պատմությւոնը վկա։

Իսկ ՀՅԴ-ական երիտասարդների կողմից «Վատագույն կառավարություն» ճանաչված (մրցանակային գավաթն, իհարկե, կառավարության ներկայացուցիչը չվերցրեց) կառավարության ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավորների հետ ԱԺ-ում շարունակում էր բողոքել ընդդիմությունից, որն ամեն ինչին սեւ ակնոցներով է նայում, եւ ընդհանրապես ժողովրդի մեջ հուսահատություն է «սերմանում»:

Սա դեռ հերիք չի՝ ընդդիմադիրները վիրավորում են կառավարությանը։ «Բայց անել վիրավորական արտահայտություններ կառավարության հասցեին, դա ոչ մի լավ բանի չի բերելու»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Այսինքն՝ իշխանությանը, կառավարությանը վրդովվեցնում են ընդդիմադիր պատգամավորները, ովքեր 2014-ի պետբյուջեն խոտանում են մինչեւ վերջ:

Փոխանակ այդ փաստաթղթում լավ-լավ բաներ տեսնեն, միայն փնովում են:

«Հանեք ձեր սեւ ակնոցները»,- զայրացած գոռում է իշխանությունը:

Դե, Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, իշխանական վերնախավի անդամները ժողովրդին չեն նկատում, այլապես կտեսնեին, որ ժողովուրդն էլ է «սեւ ակնոցներով» նայում իրենց «փառահեղ» գործերին:

Օրինակ, այսօր Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկները համբերությունն հատած բղավում էին. «Սրիկաներ, գենդերներ, կապիկներ, դավաճաններ, հեռացե՛ք…հայությունն այսօր ոչ թե գենացիդի ա ենթարկվում, այլ՝ գենդերացիդի»:

Բայց իշխանությունը ականջները բամբակ է մտցրել ու չի ուզում լսել:

Հակառակը՝ Տիգրան Սարգսյանը անպատկառորեն ստում է, ասելով, թե կոռուպցիան նվազել է: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից (որ 2011-ին փախավ ՀՀ-ից) նորից փող է ուզում պոկել, ինչի համար այստեղից գովում է իր կառավարությանը, թե «դրական տեղաշարժ է արձանագրվել», մի քանի ոլոլոլորտներում:

Առաջիկայում պարզ կդառնա, թե այս դեմագոգիային կորպորացիան կհավատա՞, թե՞ ոչ :

Մի խոսքով, ժողովրդին թալանելով, ապօրինություններ գործելով, ստելով ու հոխորտալով շարունակում են իշխել, իսկ հրաժարական պահանջողներն էլ շարունակում են պահանջել:

Ժամանակն է, իսկապես հանել «սեւ ակնոցները» եւ հագցնել իշխանության աչքերին:

Գուցե այդ ժամանակ իրենց «ամենազոր» համարող իշխանությունները կկարողանա՞ն տեսնել, թե իրականում ինչ օրին են հասցրել երկիրն ու ժողովրդին: Բայց դա էլ արդեն պետք չէ։ Իշխանությունը բաց տեքստով հայտարարում է, որ հնարավոր է սոցիալական հատկացումներ անել, բայց չի արվի (տե՛ս Տիգրան Ուրիխանյան–Տիգրան Սարգսյան հարցուպատասխանը)։ Դե ուրեմն մենք ինքներս մեզանից պետք է պահանջենք փոփոխություններ։

Սերժ և Տիգրան Սարգսյաններից դրական փոփոխություններ սպասելն անմտություն է, իսկ նրանց հանդուրժելը՝ թուլություն։ Պետք է հետևաբար ուժեղանալ։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը