Մեկնաբանություն

14.11.2013 14:35


«Կեցցե՛ Սերժ Սարգսյանը, աշխարհի ամենաարդարադատ և ամենաբարի նախագահը»

«Կեցցե՛ Սերժ Սարգսյանը, աշխարհի ամենաարդարադատ և ամենաբարի նախագահը»

Այն, որ Սերժ Սարգսյանը թամաշաների սիրահար է, գիտեն բոլորը։

Հիշո՞ւմ եք նրա՝ Մարզահամերգային համալիրում հայտնի ու անհայտ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումները և անպտուղ գյալաջիները։

Սերժ Սարգսյանը նաև ցախիսցինոբերյան բնույթի կոմպլեքսներ ունի։ Ուզում է մեծ ու հզոր մարդ երևալ։ Նա սիրում է, որ բոլորն իրենից կախված լինեն, և ինքը իշխի՝ մարդկանց պաշտոններ տալով ու ազատելով աշխատանքից։ Այդպիսով նա ինքնահաստատվում է։

Սերժը զուգահեռաբար փորձում է բարի թագավոր խաղալ։ Համենայնդեպս, գեբելսյան քարոզչաթիմն այդպիսին է ձգտում հանրությանը ներկայացնել 10 զոհի գնով նախագահի աթոռին հայտնված այդ մարդուն։

Մի խոսքով, Հայաստանի նախագահի պաշտոնում է հայտնվել չինքնահաստատված մի մարդ, ով ոչ մի կերպ չի կարողանում ազատվել վաղ տարիներից ձեռք բերած անլիարժեքության կոմպլեքսից։

Այդ կոմպլեքսն արտահայտվում է ամեն օր և ամեն առիթով։ Վերջին անգամ այն ի հայտ եկավ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգության պահով։

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության համակարգը բոլորի աչքի առաջ կանգնեց իր պերճանքով ու թշվառությամբ՝ որոշելով կալանավորել Վարդան Պետրոսյանին։

Սկզբում մի քանի հոգի հանդես եկան Վարդանին երաշխավոր կանգնելու պատրաստակամությամբ։ Դա խոցեց Սերժին, քանզի Հայաստանում նա միայն ինքն իրեն է տեսնում երաշխավորողի դերում։

Տեսնելով, որ «աշխատավորական կոլեկտիվները» հապաղում են իրեն դիմելուց, Սերժն իր խոսնակի միջոցով «իշմար» տվեց ստալինյան ժամանակների ոգով դաստիարակված «մտավորականներին», և սկսվեց։

«Ե՛ս եմ Սպարտակը, ե՛ս եմ Սպարտակը» ոճով պալատական սազանդարները և առանց Բաղրամյան 26–ի թույլտվության նույնիսկ թաշկինակից չօգտվողները հանկարծ ու դարձան պահանջատեր և իրավատեր՝ պահանջելով կալանքից ազատ արձակել Վարդանին։ Կարելի է չկասկածել, որ վերջում խաղի մեջ կմտնի Սերժը՝ յուր «Սիրո՛ւն չէ» բանաձևով։ Նկատենք, սակայն, որ դա ոչ մի միլիմետր չի ավելացնի նրա շրիշակային մակարդակի վարկանիշը։

Ահա այսպիսի նողկալի զարգացումներ ողբերգական դեպքից հետո։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ «ՀՀ Նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»,– նշել էր Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը։

Պատկերացնո՞ւմ եք, պարզվում է՝ ՀՀ նախագահն իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացի։

Ինչպիսի՜ օրինապաշտն է Սերժ Սարգսյանը։ Սիրտն ուզում է Վարդան Պետրոսյանին օգնել, բայց միտքը թույլ չի տալիս, քանզի «իրավասու չէ որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացին»։

Այո՛, Սերժն իրավասու չէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին միջամտել, բայց քանի՞ մարդ է Հայաստանում հավատում, որ նա չի անում այդ բանը։ Լիսկայի, «Հարսնաքարի», օֆշորի և այլ գործերը ճիշտ հակառակի մասին են վկայում։

Իսկ եթե Սերժի օրինապաշտության ու արդարադատության մասին մատուցվող հեքիաթին հավատացող կա, ապա թող ամեն առավոտ բացականչի՝ «Կեցցե՛ Սերժ Սարգսյանը, աշխարհի ամենաարդարադատ և ամենաբարի նախագահը»։

Այս խորագրի վերջին նյութերը