Լրահոս

14.11.2013 12:27


Պարզաբանում քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ

Պարզաբանում քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից բարձրաձայնված խնդիրներին: Գնահատելով, որ քաղաքապետարանը, կարևորելով հարցը, տվել է մեկնաբանություն, չենք կարող չնկատել, որ պատասխանում տրված չեն Կազմակերպության կողմից բարձրացված 3 հիմնական հարցերի պատասխանները: Քաղաքապետարանն իր պատասխանում անդրադարձել է Կազմակերպության կողմից ժամանակին բարձրացված մի շարք խնդիրներին, հետևյալ նախաբանով՝ «մեջբերենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կայքից վերցված, խնդրո առարկա հարցին վերաբերող նրա կողմից նախկինում արված հայտարարություններից որոշ հատվածներ»: Չնայած նրան, որ Կազմակերպությունը չունի պաշտոնական կայք, այդուհանդերձ, եթե պաշտոնական կայք ասելով հասկանում են Կազմակերպության ֆեյսբուքյան էջը, ապա վերը նշված տողերը թույլ են տալիս ենթադրել, որ քաղաքապետարանում ծանոթացել են նաև Կազմակերպության ֆեյսբուքյան էջում առկա տեղեկատվությանը, իսկ նույն էջում հստակ տրված էին այն հարցերը, որոնց պատասխաններն ակնկալում էինք ստանալ քաղաքապետարանից: Քաղաքապետարանը պատասխանել է մեր կողմից բարձրացված միայն երկրորդ հարցի ենթահարցերից մեկին՝ նշելով՝ «Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հարցին վերաբերող խոսքերի յուրովի մեկնաբանմանը, ապա պարոն Պիպոյանը, ուշադիր լսելու դեպքում, կարող էր հասկանալ, որ այդ պարագայում նրանք արտահայտել են սոսկ իրենց տեսակետը, մեկ անգամ ևս շեշտելով, որ որևէ հաշվարկ կամ մեկնարկային արժեք դեռևս գոյություն չունի, քանի որ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը»։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Կազմակերպության նախագահը ոչ թե լսել, այլ ընթերցել է քաղաքապետի և փոխքաղաքապետի հայտարարությունները, որտեղ խոսք չկա այն մասին, որ քաղաքապետը կամ փոխքաղաքապետը ասել են, թե որևէ հաշվարկ կամ մեկնարկային արժեք դեռևս գոյություն չունի, և ոչ թե ինքն է մեկնաբանել, այլ կոչ էր արել քաղաքապետարանին մեկնաբանել, և միայն հիմա քաղաքապետարանը մեկնաբանում է, որ քաղաքապետի կամ փոխքաղաքապետի հայտարարությունները զուտ իրենց սեփական կարծիքն են, ինչը կարծում ենք շատերի համար է նորություն, իսկ եթե քաղաքապետարանի դիրքորոշումը պատասխանում նշված այն հատվածն է, որտեղ նշվում է, որ մեկնարկային արժեք դեռևս գոյություն չունի, ապա քաղաքապետարանի նման դիրքորոշումն ընդունելի է:

Հարկ ենք համարում պարզաբանել նաև քաղաքապետարանի տարածած հայտարարության մի շարք մոլորեցնող և իրականությանը չհամապատասխանող դառողություններին և ենթադրություններին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ «Նոյեմբերի 11-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բ. Պիպոյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կազմակերպությունը այսուհետ հրաժարվում է մասնակցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։ Սակայն արդեն հաջորդ օրն իսկ՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բ. Պիպոյանը հայտարարեց, թե ոչ թե դուրս է եկել հանձնաժողովի կազմից, այլ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»։ Քաղաքապետարանը, 2 նախադասություններն իրարից բաժանելով «Սակայն» շաղկապով, փորձել է իրարամերժության էֆֆեկտ ստանալ Կազմակերպության կողմից տարածված 2 հայտարարություններում, մինչդեռ կազմակերպությունը միշտ հայտարարել է, որ ոչ թե դուրս է եկել հանձնաժողովի կազմից, այլ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, սակայն վերջինս չի նշանակում, որ խուսափում է կտրուկ քայլերից, այլ կողմնակից է կառուցողական աշխատանքի, և կշարունակի աշխատանքները քաղաքապետարանի կողմից բավարար մեկնաբանություններ ստանալու պարագայում, իսկ չստանալու դեպքում՝ ոչ, ինչը համարժեք է հանձնաժողովի կազմից դուրս գալուն, ինչի վառ ապացույցն է նաև ս.թ. նոյեմբերի 11-ի Կազմակերպության հայտարարության հետևյալ հատվածը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասրակական կազմակերպությունը հրաժարվում է այսուհետ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կոչ է անում Երևանի քաղաքապետարանին մեկնաբանել նման գործելաոճը, իսկ բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին՝ մերժել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, մինչև համապատաստան մեկնաբանությունների ստացումը», որում հստակ նշվում է նաև այն շահագրգիռ կողմերի մասին, ոնքեր հանձնաժողովի անդամ չեն. Ստացվում է դուրս գալ հանձնաժողովից, որի անդամը չե՞ս:

Մեջբերելով Կազմակերպության նախագահի կողմից քաղաքապետարանի և հանձնաժողովի կազմում ընդգրկված քաղաքապետարանի անդամների պատրաստվածության վերաբերյալ նախկինում ասված դրական խոսքերը՝ քաղաքապետարանը հայտարարության մեջ նշել է՝ «Անշուշտ, կարելի է էլի շարունակել, սակայն պարոն Պիպոյանի բարձրաձայնած հայտարարությունները, որոնք արձանագրվել ու տարածվել են նաև էլեկտրոնային և տպագիր այլ լրատվամիջոցներով, հիմք են տալիս եզրակացնելու, որ նա ի սկզբանե, համաձայն լինելով մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին և տեսնելով կոնկրետ հարցերի վերաբերյալ ներկայացված հաշվարկները, որոշել է մի քանի հավակնոտ, բայցև հաշվենկատ հայտարարություններ անելով՝ դուրս գալ բնակչությանն իսկապես հուզող խնդրի մասնագիտական բանավեճի ձևաչափից, և մնալ ավելի <> ձևաչափում, այն է՝ սպառողի շահերը ներկայացնելու, դրանք հիմնավորված պաշտպանելու համար այլևս որևէ պատասխանատվություն չվերցնել։ Ամեն դեպքում որոշումն իրենն է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, խոսքը թռչուն չէ, երբ ասվեց՝ այլևս բոլորի սեփականությունն է դառնում», ինչպես նաև, որ՝ «Պարզապես, գնահատելով քննարկվող հարցում պարոն Պիպոյանի որոշակի իրազեկվածությունն ու պատրաստվածության աստիճանը, կխնդրենք ի սկբանե մասնագիտական հիմնավորումները չտեղափոխել քաղաքականացված կամ պոպուլիստական տիրույթ»։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Կազմակերպության նախագահը լրագրողների հետ զրույցում հստակ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը չի նշանակում խուսափել աշխատանքներից և, որ Կազմակերպությունը շարունակելու է իրականացնել սեփական ուսումնասիրություններն ու տեղեկատվությունը տրամադրել հասարակությանը, հետևաբար ըստ քաղաքապետարանի «հարմար» ձևաչափի մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է պոպուլիստական և քաղաքական տիրույթ տեղափոխվելուն, ապա Կազմակերպության նախագահը տարանջատում է պոպուլիստական հայտարարությունները և եթե պոպուլիստական հայտարարություններ անելու ցանկություն ունենար, ապա ինչպես քաղաքապետարանի հայտարարության մեջ է անգամ հիշատակվում, ոչ թե կգովեր, այլ կփնովեր հանձնաժողովի և քաղաքապետարանի թիմին, ինչը Կազմակերպության կողմից չի արվել, դեռ ավելին՝ իրականում պոպուլիստական տարր կպարունակի մեկնաբանություններ չստանալու դեպքում հանձնաժողովում աշխատանքները շարունակելը, քանզի եթե չկա կատարված աշխատանքի արդյունք, հետևաբար աշխատանքից մնում է միայն բարձրացված աղմուկը, իսկ Կազմակերպությունն աշխատում է բացառապես դրական արդյունքի հասնելու համար: Ինչ վերաբերում է քաղաքական տիրույթին, ապա Կազմակերպությունը միշտ բարձրաձայնել է և շարունակում է բարձրաձայնել, որ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխանները քաղաքական դաշտում են, և, որ լավ կլիներ՝ հանձնաժողովում ընդգրկված լինեին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտար ստանալու նաև այդ հարցերի պատասխանները: Իսկ Կազմակերպության կողմից բարձրացված ոչ մի հարց քաղաքական չէ, այնպես որ կարիք չկա խնդրելու հեռու մնալ քաղաքական և պոպուլիստական տիրույթից, քանզի Կազմակերպությունը եղել և շարունակում է մնալ բավական հեռու: Ինչ վերաբերում է հայտարության մեջ նշված Կազմակերպության կողմից ներկայացված տարբեր ինքնարժեքներին, ապա վերջիններիս թվային հիմնավորումը տրված է Կազմակերպության ֆեյսբուքյան էջում, որի հետ կապված կամայական առարկություն պատրաստ ենք հրապարակային քննարկել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:

Կազմակերպությունը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, կարևորում կառուցողական մոտեցումը և կրկին հայտնում իր պատրաստակամությունը շարունակել աշխատանքները բացառապես բարձաձայնված հարցերի մեկնաբանությունները ստանալուց հետո:

Հ.Գ.

Չենք մեկնաբանում Կազմակերպության կողմից բարձաձայնված հարցերի վերաբերյալ քաղաքապետարանի նման պատասխանի հնարավոր դրդապատճառները՝ ակնկալելով ստանալ ս.թ. նոյեմբերի 12-ին Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցերի բավարար և հիմնավոր պատասխաններ, ինչն էլ հնարավորություն կտա շարունակելու կարևորագոյյն հարցի շուրջ համատեղ աշխատանքները:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը