Լրահոս

14.11.2013 11:09


Նինա Մարգարյան. Բաղրամյան 26-ից պատվերն իջեցված է

Նինա Մարգարյան. Բաղրամյան 26-ից պատվերն իջեցված է

Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ խիստ «անկախ», բայց իրականում հոգով և սրտով սերժամետ լրատվամիջոցների և առանձին անձերի հրապարակումներին: Մարդիկ քունն ու հացը մոռացած՝ իրենց բոլոր ուժերն ուղղել են ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեմ ինչ-որ նյութեր գրելուն, որոնք, ի դեպ, զուրկ են որևէ ռեալ բովանդակությունից և ընդամենը խոհանոցային բամբասանքի մակարդակի են: Դե պարզ է, Բաղրամյան 26-ից պատվերն իջեցված է, փողերը ստացած են, բայց քանի որ ռեալ` քաղաքական բնույթի քննադատությանն արժանի հիմքերը բացակայում են, մարդիկ ստիպված են փրփուրներից կախվել և ինչ-որ անմակարդակ, էթիկայի սահմաններից դուրս նյութեր թխել:
Հարգելինե՛րս, էլ նյութի թեմա չունե՞ք: Եթե չունեք, ապա մի քանի թեմա ասեմ, լեն ու բոլ գրեք: Օրինակ՝ գրե՛ք, թե ինչու մինչև հիմա համապատասխան մարմինները չեն կանչել Տիգրան Սարգսյանին օֆշորային սկանդալի հետ կապված հարցաքննությանը, թեև կա տուժող կողմ, ում բողոքներն այդպես էլ ոչ ոք հաշվի չի առել: Գրե՛ք, թե ինչպես է Սերժը ամբողջ պետական մեքենան մոբիլիզացրել, որպեսզի ընտրակեղծիքների շնորհիվ Արարատում հերթական անգամ «տոկոս խփեն»: Գրե՛ք այն մասին, որ Տիգրան Սարգյսյանը «պրովալ» է տվել բոլոր տնտեսական ծրագրերը, և որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը խայտառակ անկում է ապրում, ինչը ռեալ վտանգ է երկրի համար՝ հաշվի առնելով հարևան երկրների միտումներն ու ռեսուրսները: Չի կարելի ուշադրության կենտրոնից դուրս թողնել նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն իր անսկզբունքային արտաքին քաղաքականության պատճառով գրեթե 0-ի է հավասարեցրել Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ Հայաստանը դարձնելով «անվստահելի» գործընկեր և թույլ տալով, որ մեր երկիրը նվաստացնեն բոլոր մակարդակներում: Հետաքրքիր նյութի թեմա է նաև այն հարցը, թե ինչու պետք է հասարակ քաղաքացիների հաշվին բարձրացվի տրանսպորտի գինը, եթե այդ խնդիրը կարելի է լուծել Սերժի ծանոթ-բարեկամներին պատկանող ընկերությունների (ընդ որում, չգիտես՝ որտեղից և ինչ իրավական հիմքերով եկած և մարդկանցից փող պոկող ընկերություններից, ինչը, ի դեպ, առանձին նյութի թեմա է) եկամուտների շնորհիվ (նույն «Փարքինգ Սիթի»-ի ականջը կանչի): Կարող եք գրել նաև այն մասին, որ իշխանությունները գրեթե ամեն օր հակասահմանադրական օրենքներ են ընդունում (օրինակ՝ նույն գործազրկության նպաստի վերացումը, որը հակասում է Սահմանադրությանը, քանի որ, ըստ Սահմանադրության 1–ին հոդվածի, ՀՀ-ն սոցիալական պետություն է)։
Կան էլի բազմաթիվ թեմաներ, որոնց մասին կարելի է գրել, բայց, բնականաբար, դուք չեք գրի, քանի որ շեֆի դեմ գրելը, այսպես ասած, «սիրուն չի», չէ՞:

Նինա Մարգարյան.

Այս խորագրի վերջին նյութերը