Մեկնաբանություն

14.11.2013 00:39


Կադրերը ոչինչ չեն որոշում

Կադրերը ոչինչ չեն որոշում

Սովետական տարիներին մի լոզունգ կար՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ Դա Ստալինի սիրած ձևակերպումն էր, որն իրականում դեմագոգիա էր, քանզի նրա համար մարդը արժեք չէր ներկայացնում։ Ստալինն, իրոք, շատ մեծ դեր էր հատկացնում կադրերին, բայց ոչ թե մարդկանց կյանքը բարելավելու, այլ մարդատյացության մեքենան կատարելության հասցնելու նպատակով։

Սովետական կուսդպրոցն անցած և Ստալինին ներքուստ երկրպագող Սերժ Սարգսյանն էլ է կադրային հարցերում բծախնդիր, սակայն նրա մոտ այլ բանաձև է գործում՝ կադրերը ոչինչ չեն որոշում։ Ձևական առումով դա տարբերվում է ստալինյան բանաձևից, բայց բովանդակությունը նույնն է։ Այդ տիպի գործիչներին կամազուրկ ենթականեր են պետք, քանզի նրանք վախենում են սեփական «ես»–ն ունեցողներից։

Ինչպես բոլոր հարցերում, կադրերի ընտրության հարցում էլ Սերժ Սարգսյանը մնում է «անմրցելի»: Օրինակները շատ են, չարժե հիշեցնել, պարզապես նայեք կառավարությանը եւ հատկապես Տիգրան Սարգսյանին:

Թվում է, Սերժ Սարգսյանը կադրեր ընտրելիս առավոտյան արթնանում է, բացում հնամաշ սնդուկը եւ այնտեղից հանում է հերթական անդեմ եւ անկարող մեկին ու նշանակում է որեւէ պաշտոնի:

Այսօր պարզվեց, որ Սերժ Սարգսյանը որոշել է ՀԱՊԿ Ակադեմիայի ռեկտոր նշանակել ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանին:

Երբ այս տարվա հունվարի վերջին ՀԱՊԿ քարտուղարության եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի միջեւ ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր ստորագրվեց, Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե նախատեսվում է մի քանի ամսից սկսել Ակադեմիայի աշխատանքները եւ վստահեցրեց. «Սա կլինի լուրջ վերլուծական կենտրոն»:

Իսկ ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի. «Ակադեմիան նախատեսված է ՀԱՊԿ եւ դրանից դուրս երկրներում մասնագետներ պատրաստելու համար: Օրինակ` Եվրոպայի երկրներում: Դա կլինի խոշոր տարածաշրջանային կենտրոն, որում կկրթվեն ապագա քաղաքագետներ, կմշակվեն ավտանգության բնագավառի հարցերի լուծումների վերաբերյալ առաջարկներ եւ կքարոզվեն ՀԱՊԿ նպատակներն ու խնդիրները»:

Տարին ավարտվում է, իսկ Ակադեմիան չկար ու չկար: Երեւի, այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը ռեկտորի պաշտոնին արժանի մարդ չէր գտնում:

Ահաեւ՝ վերջապես գտավ:

Ո՞վ Է սույն «ակադեմիկոսը»: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար Խաչիկ Հարությունյանը, ով 2008-ից համալրել է ՕԵԿ խմբակցության պատգամավորների շարքերը, ԱԺ-ում գլխավորել է գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ 2010-ից առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Հիմա, փաստորեն, ղեկավարելու է «լուրջ վերլուծական կենտրոն» եւ արտադրելու է քաղաքագետներ՝ միաժամանակ քարոզելով ՀԱՊԿ նպատակներն ու խնդիրները:

Հետաքրքիր է՝ ինժեներ-շինարար Հարությունյանը պատկերացումունի՞ ՀՀ անվտանգության համակարգից ու մասնավորապես՝ ՀԱՊԿ–ից։ Գյուղ, բնապահպանություն, մայրություն եւ մանկություն «քարոզելուց» հետո արդյոք կհասցնի՞ նա մխրճվել անվտանգության համակարգ: Թեև եթե Արթուր Բաղդասարյանը մխրճվել է, ապա նրա կուսակցի մոտ էլ կստացվի։

Ի դեպ, դեռեւս օգոստոսին կառավարության որոշմամբ աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով լուծարվեց Հ. Աճառյանի անվան դպրոցը եւ շենքն անհատույց օգտագործման իրավունքով նվիրվեց այս Ակադեմիային:

Այսինքն՝ նվիրեցին «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանին, որտեղ «մշակելու» եւ «վերլուծելու» են անվտանգության բնագավառի հարցեր:

Արտագաղթի եւ ծնելիության նվազման հետեւանքով աշակերտների թվաքանակը պակասում է, իսկ սրանք այդ շենքում զբաղվելու են «վերլուծություններով»: Հերթական «Կոտոշների եւ կճղակների» կանտորա, որ գործելու է պետբյուջեի հաշվին:

Ինչեւէ, ժամանակին թունդ «ՆԱՏՕ»–ական Արթուր Բաղդասարյանը, ով ակադեմիական մակարդակից (հիշենք, ժամանակին Ֆրանսիական ակադեմիայի հիմնադիրների մեջ էր) ցածր բան չի ուզում, այս անգամ էլ տնօրինելու է ռուսամետ սույն կառույցը: Պարզ է, Խաչիկ Հարությունյանի ռեկտորությունը ձեւական բնույթ է կրելու, իրականում այս Ակադեմիան ղեկավարելու է Արթուր Բաղդասարյանը՝ բնականաբար Սերժ Սարգսյանի «ռուսամետ» հայացքի ներքո:

Հայտնի է, որ Երեւանում նախատեսվում է ստեղծել նաեւ Մոսկվայի համալսարանի մասնաճյուղը: Հավանաբար, Սերժ Սարգսյանը այդ համալսարանի ռեկտորի պաշտոնն էլ կտա Հեղինե Բիշարյանին:

Մի խոսքով, ապահով, օրինաց, մաքսային, ՀԱՊԿ ուղիով գնում ենք դեպի «Հայկական աշխարհ»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը