Կարծիք

13.11.2013 13:00


Ե՞րբ կլուծվի Ղարաբաղի խնդիրը

Ե՞րբ կլուծվի Ղարաբաղի խնդիրը

Երեկ Խորհրդարանը քննարկում էր «Ժառանգության» կողմից ներկայացված նախագիծը Հայաստանի կողմից ԼՂ պետականությունը ճանաչելու վերաբերյալ: Քննարկումները միանգամից ցույց տվեցին, որ այն չի ընդունվի, քանի որ պաշտպանվում է միայն Դաշնակցության եւ «Ժառանգության» մի մասի կողմից. նույնիսկ նույն «Ժառանգության» քվոտայով անցած Ալիկ Արզումանյանը հայտարարեց, որ այն չի բխում Հայաստանի պետական շահերից: Եվ քանի որ զուտ կազմակերպչական տեսանկյունից սույն հարցը, ամենայն հավանականությամբ, օրակարգից դուրս կգա, արժե այն քննարկել հասարակական, ազգային, պետական շրջանակների համար, քանի որ թեեւ այս հարցի շուրջ առաջացել է որոշակի կոնսենսուս, սակայն հարցի լրջագույն վերլուծություն, որն իսկապես օգուտ կբերի մեր հասարակությանը, մինչեւ այսօր չի ընթացել:

Մինչդեռ, ԼՂ խնդիրը առարկայորեն շաղկապված է Հայաստանի անվտանգության խնդրի հետ, եւ գոնե այս հարցում հասարակությունը եւ ժողովուրդը պետք է ունենար հստակ եւ ճշգրտված կոնսենսուսային պատկերացում, թե ինչպես եւ երբ այդ հարցը կարող է լուծվել հօգուտ հայ ժողովրդի: Եվ այսպես, սկսենք խնդիրը վերլուծել առաջին հարցադրումից` ճանաչե՞լ, թե՞ չճանաչել ԼՂ անկախությունը Հայաստանի կողմից:

Կարծում ենք՝ հարցադրումն ինքն արդեն իր մեջ բացասական երանգ է պարունակում, քանի որ, ի վերջո, միջազգային հանրության կողմից առանց ԼՂՀ ճանաչման, այն չի կարող լեգիտիմ կարգով ընդգրկվել պետականաստեղծ ազգերի շարքում, որոնք հիմնականում ներկայացված են ՄԱԿ-ում: Եվ ուրեմն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության մի մասի կողմից Հայաստանի համար պետք է գերնպատակ լինի:

Երկրորդ հարցադրումը. ե՞րբ պետք է սկսել այդ գործընթացը եւ պե՞տք է արդյոք, որ այն սկզբում ճանաչվի Հայաստանի կողմից: Կարծում ենք, որ այս հարցադրումն ինքնին անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ինչ ճանապարհային քարտեզ պետք է անցնի հայ ժողովուրդը՝ այս խնդրի լուծման համար: Նախ սկսենք Հայաստանի կողմից ճանաչման հարցի մասին: Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը, ապա այն երբեք չի ճանաչվի որեւէ այլ երկրի կողմից. սա քաղաքական աքսիոմա է, որը սակայն երեկ փորձում էին հերքել իշխող ուժի ներկայացուցիչները: Եվ ուրեմն, առաջին եւ կարեւորագույն քայլը այս հարցում պետք է անի Հայաստանը` ճանաչելով ԼՂ պետականությունը:

Եվ հենց այստեղ է, որ գալիս է հետեւյալ հարցադրումը` իսկ ե՞րբ Հայաստանը կարող է այդ քայլը կատարել:Զուտ կազմակերպչական տեսանկյունից այն կարելի է կատարել ցանկացած պահի, սակայն որքանո՞վ այն կնպաստի ՀՀ-ի եւ ԼՂ-ի պետական շահերին, այլ խնդիր է, քանի որ ԼՂ պետականության ճանաչումը ոչ թե էմոցիոնալ եւ հախուռն քայլ պետք է լինի, այլ պետք է շաղկապված լինի մի շարք գործոններով, որն էլ կբերի այդ քայլի ոչ թե բացասական, այլ դրական հետեւանքների:

Ե՞րբ ճանաչել ԼՂ անկախությունը

Ինչպես հայտնի է ԼՂ խնդրի միջազգայնացումը սկսվեց 1992 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձեւերով: Եվ եթե առաջին բանաձեւը պատերազմական գործողությունների դադարեցման մասին էր, ապա երկրորդ բանաձեւը կոչ էր անում հայկական-տեղական ուժերին դուրս գալ «գրավյալ» տարածքներից, ինչը ակնհայտ հակասում էր մեր ազգային պետական շահերին, սակայն պատերազմում մեր հաղթանակները հանգեցրին նրան, որՄԱԿ-ի 3-րդ եւ 4-րդ բանաձեւերն արդեն չեզոք բնույթ էին կրում, ինչը ենթագիտակցաբար արդարացնում էր հայերի ձեռքբերումները, քանի որ քողարկված ձեւով այս ամենի պատասխանատուն համարում էր ադրբեջանցիներին: Իսկ երբ 1994 թվականին Բիշքեկում կնքվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որի տակ դրված էր նաեւ ԼՂ ներկայացուցչի ստորագրությունը, ապա այդ ժամանակահատվածից սկսած միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը դիտարկեց որպես ռեալ գործոն: Ճիշտ է` այդ ժամանակ միջազգային հանրությունը դեռ չէր ընդունում ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանից դուրս, սակայն Բուդապեշտում ընդունված որոշումներով ամրագրեց այն իրավունքը, որով ղարաբաղցիները կարող էին բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ:

2001 թվականին Քիվեսթում առաջ քաշվեց արդեն ԼՂ-ի եւ Ադրբեջանի կոնֆեդերատիվ հարաբերությունների գաղափարը, որին կողմ էին հայերը եւ քիչ էր մնում համաձայներ նաեւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը, ինչը դիվանագիտական մեծ ձեռքբերում էր հայկական կողմի համար, քանի որ առաջին անգամ միջազգային հարաբերություններում ընդունվեց Ստեփանակերտի եւ Բաքվի իրավահավասարության սկզբունքը, որը հիմք դարձավ հետագա բանակցություններում հասնելու նրան, որ ԼՂ-ն ձեռք բերեց ինքնորոշվելու իրավունք Ադրբեջանից դուրս, ինչը ամրագրվեց 2007 թվականին` այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներ»-ով: Միջազգային հանրությունն այն բնութագրեց որպես «խաղաղության հաստատում տարածքների դիմաց» բանաձեւ, որի դրույթներն իրենցից ներկայացնում էին ամբողջական փաթեթ եւ կիրառման մեջ չէին կարող մտնել առանձին-առանձին:

Հասկանալի էր, որ սա արդեն նոր եւ լրջագույն հանգրվան էր ԼՂ պետականության ճանաչման համար, սակայն այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր դրա համար, քանի որ ինչպես հայտնի է դիվանագիտական հաջողությունները սովորաբար հնարավոր է ամրապնդել ռազմական հաջողությունների, տնտեսական հզորացման եւ աճող քաղաքական իմիջի շնորհիվ: Եվ ճիշտ հակառակը, եթե դու ինֆլյացիայի ես ենթարկում վերը նշված հատկանիշները, ապա դիվանագիտական հաջողությունների շանսը կորցնում ես: Ահա մոտավորապես այն, ինչ կատարվեց սկսած 2007 թ-ից, երբ Հայաստանը կորցրեց իր տնտեսական զարգացման հեռանկարը եւ մի շարք անհեթեթ նախաձեռնությունների արդյունքում կորցրեց նաեւ իր քաղաքական իմիջը թե Արեւմւոտքում եւ թե Ռուսաստանում` դառնալով նրանց միջեւ դիվանագիտական ֆուտբոլի գնդակ: Հասկանալի է, որ այսօրվա թուլացած Հայաստնը չի կարող ունենալ արդյունքի հասնող եւ ուժեղ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, քանի որ բացակայում է դրա իրական բազան: Իսկ երբ դու այսպիսի պայմաններում փորձում ես ռադիկալացնել քո արտաքին քաղաքականությունը, ապա անխուսափելի պարտություն ես կրում տարբեր ճակատներում: Բնականաբար, ներկայիս իրավիճակում Հայաստանի կողմից ԼՂ պետականության ճանաչման խնդիրը այն առիթը կդառնար, որի միջոցով Ադրբեջանը լեգիտիմ ձեւով կհրաժարվեր Մինսկի խմբի բանակցային ֆորմատից եւ պաշտոնապես կմերժեր «Մադրիդյան սկզբունքները»` քանդելով եւ փլուզելով ներկայիս ողջ բանակցային ֆորմատը: Եվ ճիշտ հակառակը, եթե Հայաստանը հասներ լրջագույն հաջողությունների տնտեսության ոլորտում, պահպաներ ռազմական հավասարակշռությունը եւ մեծացներ իր քաղաքական կշիռը Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում, ինչպես որ նա կարողանում էր անել նախկինում, ապա կարող էր հանգիստ գնալ ԼՂ անկախության ճանաչմանը եւ սկսեր ԼՂ ճանաչման միջազգային գործընթաց` զուգորդելով այն Ցեղասպանության ճանաչման հետ: Եվ այս պայմաններում «սաֆարովներին» հերոսացրած եւ ընտրություններում խայտառակ արդյունքներ ցույց տված ալիեւյան վարչակազմը ոչ մի լուրջ գործոնով չէր կարող հակազդելու Հայաստանին:

Ահա այն բոլոր շանսերը, որը կորցրեց Հայաստանը բացառապես Սերժ Սարգսյանի եւ նրա նեղ շրջապատի պատճառով: Սակայն, դեռ ոչինչ ուշացած չէ եւ քանի դեռ Ադրբեջանում իշխանության ղեկին է Իլհամ Ալիեւի նման անմեղսունակ գործիչը, հայ ժողովուրդն ունի պատմական հնարավորություն փոխելու իրերի այս դասավորությունը` թոթափելով ներկայիս վարկաբեկված եւ փթած ռեժիմը եւ նոր էջ բացել Հայաստանի զարգացմանը` բոլոր ոլորտներվ: Եվ եթե մենք կարողանանք այն իրականացնել, ապա անշուշտ այդ ամենի արդյունքում մենք կհասնենք մեր բաղձալի նպատակներին նաեւ մեր ազգային հարցերին, քանի որ սա է իրականությունը, չկա առանձին վերցված ԼՂ-ի, քաղաքացիական հասարակության ստեղծման, դեմոկրատիայի, ուժեղ եւ էֆեկտիվ բանակի ստեղծման խնդիրներ: Այդ բոլոր խնդիրները շաղկապված են միմյանց հետ, այսինքն եթե Հայաստանում առկա է այսպիսի խայտառակ սոցիալ-տնտեսական միջավայր, երբ մարդիկ փախչում են սեփական երկրից եւ առկա է ճչացող անարդարություն, բնականաբար այս պայմաններում, երբ հասարակ քաղաքացին չի կարող սիրել սեփական հայրենիքը, քանի որ այդ հայրենիքից ոչինչ չի ստանում, բնականաբար այդպիսի երկրում չի կարող լինել ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, եւ ուրեմն չի լուծվելու ԼՂ խնդիրն այնպես, ինչպես մենք ենք ուզում, քանի որ ճանճի տզզոցի դեպքում էլ վախենալու ենք ադրբեջանական տանկերից ու «սմերչերից»:

Եվ ճիշտ հակառակը, եթե երկրում զարգանա տնտեսությունը, մարդականց սոցիալական վիճակը բարելավվի, անվստահության այս սոցիալ-հոգեբանական վիճակը լավանա, արտագաղթի փոխարեն առաջանա ներգաղթ, ապա այս պայմաններում մենք չենք կարողանա չունենալ ուժեղ բանակ, քանի որ ուժեղ բանակի հիմքում դրված է քաղաքացու սերն առ հայրենիք, իսկ քաղաքացին կսիրի իր հայրենիքն այն դեպքում, երբ այդ հայրենիքն էլ նույն զգացմունքները վերադարձնի քաղաքացուն: Հետեւաբար, ոչ մի ադրբեջանական «սմերչ», հրթիռ կամ տանկ չի վախեցնի մեր ժողովրդին, քանի որ դրա ապացույցը մենք տեսանք 1993-94 թթ., երբ հաղթեցինք նույն ադրբեջանցիներին, որոնք մեր հանդեպ ունեին զենքի եւ զինամթերքի երեք անգամ առավելություն: Ուշադիր հիշենք այդ թվերը. մենք հաղթեցինք այդ պատերազմում` ի հակառակ ռազմական ռացիոնալ տրամաբանության, քանի որ հավատում էինք մեր հայրենիքին, մեր նպատակներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/16676.html

Այս խորագրի վերջին նյութերը