Լրահոս

13.11.2013 11:16


Խ. Քոքոբելյանը Վարդան Պետրոսյանին կալանավորելու մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում

Խ. Քոքոբելյանը Վարդան Պետրոսյանին կալանավորելու մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ճիշտ չի համարում։

–Այս էլ որերորդ անգամ մենք համոզվում ենք, որ ՀՀ–ում խափանման միջոցն ավելի շատ ճնշում գործադրելու, ավելորդ քաշքշուկ առաջացնելու, ինչու չէ, նաև շոու անելու համար կիրառվող իրավական գործիք է հանդիսանում։ Այս դեպքում նույն քննիչը կամ դատարանը կարող էին բավարարվել ստորագրությամբ չհեռանալու մասին,–«7օր»–ին ասել է Խ. Քոքոբելյանը։

Նա նաև նշել է՝ որևէ հիմք չունի չմտածելու, որ Վարդան Պետրոսյանի կալանավորումը միտումնավոր չի արվել.

–Չեմ կարծում, որ Վարդան Պետրոսյանն այն մարդն էր, ով պետք է ՀՀ–ից բացակայեր կամ խոչընդոտեր նախաքննությանը։ Կարծում եմ՝ կալանքի կիրառման նպատակն ավելի շատ կերևա առաջիկա գործողություններից։ Այնուամենայնիվ, ես այս գործընթացի մեջ դիտավորություն տեսնում եմ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, ՀՀ նախագահն այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում, Խ. Քոքոբելյանը նշել է։

–Այս ամենի մեջ ես քաղաքական ենթատեքստ, իրոք, տեսնում եմ։ Չէի ասի, որ քաղաքական հետապնդում է, բայց քաղաքական աստառ կա։ Կարծում եմ՝ առաջիկայում նաև Վարդան Պետրոսյանը պետք է գնահատական տա,–հավելել է նա։

Այս հարցով մտավորականների հանկարծակի ակտիվանալն էլ նա առաջին հերթին պայմանավորում է ամեն մեկն իր տեսակին պաշտպանելու մոտեցումով։

–Բայց պետք է ՀՀ ցանկացա՛ծ քաղաքացու հետ թույլ չտալ նման վերաբերմունք, ինչ որ արեցին Վարդան Պետրոսյանի հետ։ Եվ հետո, Հայաստանը փոքր երկիր է, և մենք բոլորս գիտենք, թե որ մտավորականն ով է։ Կան նաև անաչառ մարդիկ, բայց բոլորս էլ գիտենք, թե որ մտավորականը կամ ով, երբ և ինչու է խոսում,–եզարափակել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը