Լրահոս

12.11.2013 17:05


Երևանի քաղաքապետարանի պերճանքն ու թշվառությունը

Երևանի քաղաքապետարանի պերճանքն ու թշվառությունը

Առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող Սայաթ-Նովան ու Շիրակ աշխարհը միանգամից կկապվեն իրար, եթե առաջինը դիտարկենք որպես երևանյան պողոտա, որտեղ այս օրերին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ մյուսի միջպետական ճանապարհներով, ավտոմեքենան ջարդող փոսերի ու թրխկոցների ուղեկցությամբ և վաղ միջնադարյան սայլի արագությամբ, Գյումրիից հասնենք մինչև Ջավախքի սահմանները՝ Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետ:

Քավ լիցի, այստեղ բնավ իմ մեջ չի խոսում նախանձն՝ առ այն, թե ինչու պետք է Սայաթ-Նովա պողոտան ասֆալտ ունենա, իսկ Շիրակը՝ երբեմնի ասֆալտի հետքեր: Բնա՛վ: Հարցն այստեղ այն է, թե ինչու է մեր պետության մեջ մի քաղաքում, բնակիչների վկայությամբ, որոշ ժամանակ առաջ հիմնովին վերանորոգած և այժմ բառիս բուն իմաստով ոչ մի ճաք, ոչ մի թերություն չունեցող ասֆալտը կրկին քերվում, կրկին ավերվում, տեղը մակերեսային բարակ շերտով նորից ասֆալտապատվում մի պողոտա, իսկ մեկ այլ մարզում միջպետական ճանապարհները գտնվում են ամոթալի վիճակում:

Կրկնում ենք՝ Սայաթ-Նովա պողոտան իբր վերանորոգվում է, սակայն ոչ մայթերին, ոչ եզրաքարերին, ոչ կոյուղային անցքերին ձեռք չի զարնվում, քանի որ իրականում դրանց կարիքն էլ չկար, այլ միայն անթերի ասֆալտը հափշտապ քերվում և, նույնքան արագ, անգամ անձրևին, բարակ շերտով շպարվում է նոր ասֆալտ:

Հետաքրքիր է, ի վերջո, ինչու է Երևանի քաղաքապետարանին տրամադրվում այդքան բյուջե, որն էլ իրեն թույլ է տալիս քաղաքացիների հարկերից ձևավորվող այդ նույն բյուջեն ծախսել այդքան ցինիկորեն, այդքան անիմաստ, իսկ փոխարենը մարզերում չունենք անգամ միջպետական քիչ թե շատ բարեկարգ ճանապարհ՝ այն աստիճան, որ երկիր մտնող յուրաքանչյուր ավտոմեքենա ստիպված է, մայրուղին թողած, քշել մարգագետիններով:

Վահե Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը