Լրահոս

12.11.2013 15:56


ՀԱԿ–ը ՀՀ–ի կողմից ԼՂՀ–ի անկախության ճանաչումը համարում է ժամանակավրեպ

ՀԱԿ–ը ՀՀ–ի կողմից ԼՂՀ–ի անկախության ճանաչումը համարում է ժամանակավրեպ

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեում հռչակած անկախության միջազգային ճանաչման հետևողական կողմնակիցն է: Այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանի կողմից ԼՂՀ–ն ճանաչելու «Ժառանգության» օրինագծի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, ՀԱԿ–ը ՀՀ–ի կողմից ԼՂՀ–ի անկախության ճանաչումը համարում է ժամանակավրեպ հետևայլ պատճառներով՝

  1. 1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության և դրա լուծմանն ուղղված Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող բանկցությունների հիմնահարցը հենց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 884 բանաձեւի աջակցությունն ստացած՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցությունների գործընթացը այսօր Հայաստանի և Ղարաբաղի, ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրված զինադադարի պահպանման կարեւորագույն երաշխիքներից մեկն է: Հայաստանի կողմից Ղարաբաղի կարգավիճակի կանխորոշումը, ըստ էության կնշանակի, որ Հայաստանը միակողմանիորեն դուրս է գալիս բանակցություններից և դառնում այդ բանակցությունների տապալման գլխավոր պատասխանատուն:
  2. Հաշվի առնելով, որ ԼՂ իշխանությունները նույնպես այսօր նման քայլը ժամանակավրեպ են համարում, Հայաստանի կողմից այդպիսի միակողմանի որոշումը կհակասի ԼՂ ինքնորոշման սկզբունքին:
  3. Այսօրվա միջազգային իրավիճակում Հայաստանի կողմից նման միակողմանի քայլը ոչ թե կնպաստի Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացին, այլ հակառակը՝ միջազգային մեկուսացման մեջ կդնի Հայաստանը:

Լ. Զուրաբյանը նաև հայտարարել է, որ Ղարաբաղի անկախության ճանաչմանը կարելի է հասնել ոչ թե թղթով, այլ՝ Հայաստանը և Ղարաբաղը զարգացնելով և բնակեցնելով, ստեղծելով այնպիսի ժողովրդագրական, տնտեսական և ռազմական ռեսուրսներ, որի հետ հաշվի կնստի Ադրբեջանը և ողջ միջազգային հանրությունը:

Ղարաբաղի անկախության ճանաչման բանալին, ուստի, Հայաստանում արմատական փոփոխությունների և ժողովրդի մասնակցությամբ արդիականացման մեջ է: Ելնելով վերոհիշյալից և ժամանակավրեպ համարելով հարցի քննարկումը ԱԺ–ում՝ ՀԱԿ խմբակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի քվեարկությանը,–եզրափակել է Լ. Զուրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը