Մեկնաբանություն

12.11.2013 00:08


Թամաշա՝ ողբերգության հաշվին

Թամաշա՝ ողբերգության հաշվին

Երբ Վարդան Պետրոսյանով սկսեցին մտահոգվել մարդիկ, ովքեր առանց նախագահական նստավայրից թույլտվություն ստանալու անգամ տանից դուրս չեն գալիս, զգացվեց, որ շոու է նախապատրաստվում կամ էլ մարդկանց անկեղծ մտահոգությունը փորձ է արվելու ծառայեցնել «Բոլորին հետևող մեծ եղբոր» PR–ին։

«ՀՀ Նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»,– ի պատասխան կայքերից մեկի հարցին՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

Ահա այսպես:

Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ստորագրահավաք նախաձեռնած խմբերը կարող են հետ քաշվել, քանզի արդեն Սերժ Սարգսյանը որոշել է իր «աջը» դնել հիվանդ դերասանի գլխին եւ նրան հանել մեկուսարանից:

Ի դեպ, «7 օր»-ն արդեն գրել էր, որ «ժողովուրդների հայրը» իքս պահից կխառնվի գործին՝ հանրության աչքում «արդարադատ, ներող ու լայնախոհ» երեւալու համար:

Այնպես, որ ուզում են այնպես անել, որ Վարդան Պետրոսյանը մինչեւ կյանքի վերջ երախտապարտ լինի բարի թագավորին, ով նրան փրկեց երկամսյա կալանքի մեջ մնալու ծանր փորձությունից:

Դե, իսկ գլխավոր դատախազին եւ Կոտայքի մարզի դատախազին ուղղված դիմում-խնդրանքների տակ ստորագրած հայտնի ու անհայտ դեմքերը, բազմաթիվ քաղաքացիները վաղվանից կսկսեն աղոթել Սերժ Սարգսյանի համար, ով այնքան մեծահոգաբար ստանձնեց «արբիտրի» դերը եւ թույլ չտվեց, որպեսզի ստորագրահավաքի կազմակերպիչները օրեր շարունակ մաշեն գլխավոր դատախազության ճանապարհը:

Կարելի է պատկերացնել, թե վաղվանից սոցիալական ցանցերում իշխանական ստատուսագիրներն ինչպիսի օվացիաներով են ողջունելու «մարդասիրության էտալոն» Սերժ Սարգսյանի այս մտադրությունը կամ որոշումը: Նրանցից յուրաքանչյուրը «ժողովուրդների հորը» նվիրված առնվազն տաս գրառում է անելու՝ ձոներգելով Սերժ Սարգսյանի հերթական «աննախադեպ ու բարի քայլը»:

Այն, որ այս գործով քննիչը դատարանում հրաժարվեց որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար ներկայացված մի քանի փաստերից, արդեն իսկ ենթադրելի էր, որ «հիմնահարցերի» լուծման «նախաձեռնողականությունը» թողնվում կամ վերապահվում է Սերժ Սարգսյանին:

Պարզապես, մի քանի օր ժամանակ էր պետք, որպեսզի խնդրի շուրջ բարձրացված հանրային աղմուկն ու բողոքը, ընդհանուր լարվածությունը հասնի որոշակի աստիճանի եւ այդ պահին միայն հայտնվի շեֆը եւ իր «մարդասիրական» քայլով հիացմունք պատճառի «բոլորին»: Նաեւ ցույց տալու, որ երկրում եթե կա մեկը, որ կարող է «երաշխավոր» լինել, ապա դա հենց ինքն է՝ Սերժ Սարգսյանը:

Փաստորեն ողբերգությունն էլ է ծառայեցվում թամաշային ու «Սիրու՛ն չէ» սերիալային տրամաբանությանը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը