Մեկնաբանություն

11.11.2013 19:39


Սերժ Սարգսյանի արարատյան «թվաբանությունը»

Սերժ Սարգսյանի արարատյան «թվաբանությունը»

Երեկ Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակվել են։ Վերջնականը հազիվ թե շատ տարբերվի. տղերքը ոսկերչական ճշգրտությամբ են կեղծում։

Ըստ ԿԸՀ–ի՝ քվեարկության իրավունք ունեցողների ընդհանուր թվաքանակը 13218–ն է։ Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն ըստ ստորագրությունների՝ 8918 կամ ավելի քան 67% մասնակցություն: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 160։

ԲՀԿ–ն ներկայացնող Սամվել Բարսեղյանը ստացել է 4214 քվե, իսկ ՀՀԿ–ական Հայկ Հայկյանը՝ 4544։

Սրանք, կրկնեմ, ԿԸՀ–ի ներկայացրած պաշտոնական թվերն են։

Եթե փորձենք «միս ու արյուն» տալ այս թվերին և համեմատական վերլուծության ենթարկել դրանք, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի կեղծիքների հետ ենք գործ ունեցել երեկ։ Կեղծիքներ, որոնք 2012թ. խորհրդարանական ընտրություններից այս կողմ կիրառվում են որպես նոր տեխնոլոգիաներ։

Բանն այն է, որ ընտրողների թիվն ակնհայտորեն ուռճացված է։ Արարատի կողքի գյուղերից մարդիկ են բերել ու գրանցել, իսկ հետագայում այդ մարդկանց դարձրել շրջիկ խմբերի անդամներ՝ տոկոսներ ապահովելով Սերժ Սարգսյանի դրածոյի համար։

Այդ տեխնոլոգիան կիրառվել է և՛ 2012թ. ԱԺ, և՛ 2013թ. նախագահական, և՛ Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ։

Նոյեմբերի 10–ին Արարատում շարունակվեցին «լավագույն ավանդույթները»։ Դա է պատճառը, որ համայնքային նշանակության ընտրությունների ժամանակ համարյա նույնությամբ արձանագրվեց համապետական վերջին երկու ընտրությունների թվերը։

Այսպես, ԱԺ վերջին ընտրություններին Արարատում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 13902 հոգի։ Մասնակցել են 9457–ը կամ ընդհանուրի 68%ը։

2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ ԿԸՀ–ն Արարատում ցույց է տվել քվեարկելու իրավունք ունեցողների 13890 թիվը։ Ընտրությանը մասնակցել է 9994 հոգի կամ ընդհանուրի 72%–ը։

Ստացվում է, որ Արարատում վերջին երկու տարվա ընթացքում ընտրողների թվաքանակը գրեթե չի փոխվել (արտագաղթը, փաստորեն, շրջանցել է այդ քաղաքը), իսկ համայնքային նշանակության ընտրություններն էլ այնքան են հետաքրքրել արարատցիներին, որ նրանք մասնակցության բարձր ցուցանիշներ են ապահովել (67%)։

Համեմատության համար տեղեկացնենք, որ Արարատի քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ (2011թ.) քվեարկողների ընդհանուր թիվը կազմել է 12802 հոգի։ Ընտրությանը մասնակցել է 5694 մարդ կամ ընդհանուրի՝ 44%–ը։

Արարատի քաղաքապետի նախորդ ընտրությունների հետ համեմատությունն առավել ցայտուն է դարձնում այն քանակային «լցոնումը», որն իրականացրել է Սերժ Սարգսյանը 2012թ. սկսած։

Եթե համեմատենք քաղաքապետի նախորդ և այս ընտրությունների ցուցակային տվյալները, ապա ստացվում է, որ արտագաղթի բարձր տեմպի պայմաններում Արարատի ընտրողների քանակը երկու տարվա ընթացքում ավելացել է 416–ով, իսկ նրանց քաղաքական գիտակցությունն այնքան է աճել, որ մասնակցության 44 տոկոսը դարձել է 67%։

Տեղին է նկատելը, որ ԲՀԿ թեկնածուն «պարտվել» է ՀՀԿ–ականին 330 ձայնով։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կիրակի օրը տոկոս է «խփել» իր ցուցակային ռեզերվի հաշվին։

Ահա՛ Սերժ Սարգսյանի արարատյան «թվաբանության» ամբողջական պատկերը։

Ի դեպ, նույն պատկերն է ողջ հանրապետությունում։ Այդպես է տոկոսը «խփվում» և այդ ամենը հաշվի առնելով պետք է պայքարի ու իշխանափոխության ոչ ստանդարտ, բայց մարդկությանը հայտնի մեթոդները կիրառել։

Ներկայացված թվերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հակառակորդը նենգ է և ցինիկ։ Ուստի պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի։

Սերժ Սարգսյանը քվեաթերթիկով չի հեռանա։ Նրա նմանները կա՛մ մնում են աթոռին մինչև մահ, կա՛մ հեռացվում։ Այսինքն՝ երկու դեպքում էլ «ոտքերով դեպի առաջ» տարբերակով։

«Ես «կխփեմ» այնքան, որքան կուզեմ և որքան ինձ դա թույլ կտրվի հանրության կողմից». սա՛ է նրա գլխավոր ուղերձը։ Այդ ուղերձը պետք է ընդունել ի գիտություն և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ու հանրային շրջանակների համար օրակարգային միակ հարցը պետք է դառնա Սերժ Սարգսյանի հեռացումը։ Եթե, իհարկե, չենք ուզում Գյուլիստանի պայմանագիրը Հայաստանի մասով վերակենդանացնել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը