Լրահոս

11.11.2013 19:55


Ն. Զոհրաբյան. «Մե՛կ հոգի է որոշում, թե ով է մեղավոր, ով է անմեղ»

Ն. Զոհրաբյան. «Մե՛կ հոգի է որոշում, թե ով է մեղավոր, ով է անմեղ»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բնական է համարում ՀՀ կառավարության ոչ ադեկվատ արձագանքը Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված բյուջետային չարաշահումներին։

–Եթե ադեկվատ արձագանքեր, ապա այդ կառավարությունը, որի տարբեր օղակներում այսպիսի գլոբալ մասշտաբի գանձագողություն է եղել, մինիմում պետք է հրաժարական տար՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Բնականաբար, ադեկվատ արձագանք լինել չէր կարող, քանի որ դա կքանդեր ներիշխանական խաղի կանոնները,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։

Նա նաև ավելացրել է՝ քանի դեռ Հայաստանում շատ սահմանափակ թվով մարդիկ են որոշում անմեղին և մեղավորին, չի կարող լինել բացարձակապես անկախ մարմին, որը կկարողանա Սահմանադրությամբ տրված իր լիազորությունները մինչև վերջ իրականացնել.

–ԲՀԿ–ն անվստահություն չի հայտնելու ՎՊ–ին, քանի որ, այդպիսով, մենք ուղղակիորեն կփակենք բյուջետային չարաշահումների բացահայտումներն անելու ևս մեկ հնարավորությունը։ Բայց պետք է պատժվեն այդ չարաշահումների իրական պատասխանատուները, այլ ոչ թե մանր սլաքավարները։ Քանի դեռ երկրում գործում է այն համակարգը, որն այժմ է, և որտեղ մե՛կ հոգի է որոշում, թե ով է մեղավոր, ով է անմեղ, ով պիտի պատժվի, և ով պիտի չպատժվի, չի կարելի ՎՊ–ից ակնկալել ավելին։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նաև հիշեցրել է նախորդ բացահայտումներից հետո տեղի ունեցածը, երբ «վարչապետը պարտադրեց նախարարներին աշակերտների նման ասուլիսներ հրավիրել և արդարանալ իրենց արածների կամ չարածների համար»։

–Բայց տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է լինում, որ գործադիրում բոլոր այն պաշտոնյաները, ովքեր շատ սերտ առնչվում են պետական բյուջեին, կարճ ժամանակ հետո դառնում են խիստ ունևոր մարդիկ։ Որքան մենք հետևեցինք նրանց հայտարարագրերին, այնտեղ ժառանգություն ստանալու կամ գանձ գտնելու մասին որևէ հիշատակում չկար։ Թե ինչպես է լինում, բոլորիս համար էլ պարզ է,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը