Քաղաքական

11.11.2013 17:28


ՀԱԿ–ը չի մասնակցի ՎՊ նախագահի քվեարկությանը

ՀԱԿ–ը չի մասնակցի ՎՊ նախագահի քվեարկությանը

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին կրկին նշանակելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ ակնհայտորեն իշխող մեծամասնության ճնշումների պատճառով Ի. Զաքարյանը հրաժարվել է իր նախորդ այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որոնք կարող էին ընդդիմության բերանը երկար լեզու դնել:

–Ավելին, անցյալ զեկույցի քննարկումներից հետո տեղի ունեցավ հայտնի խորհրդակցությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, խախտելով ձեր ղեկավարած մարմնի անկախությունը, հրապարակային բացահայտ ճնշումներ գործադրեց ձեզ վրա և անգամ ցուցումներ տվեց, թե ինչպես պետք է դատախազությունն արձագանքի ՎՊ զեկույցներում տեղ գտած բացահայտումներին: Եվ ուրեմն, մենք արձանագրում ենք հետևյալ իրողությունը՝ Իշխան Զաքարյանի թեկնածությունը ներկայացված է Սերժ Սարգսյանի կողմից, որի գործունեության մեջ մենք ոչ միայն չենք տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի որևէ նշույլ, այլև որ նա ուղղակիորեն ղեկավարում է կոռուպցիոն այս բուրգը,–ասել է Լ. Զուրաբյանը։

Ուստի ՀԱԿ խմբակցությունը որոշել է դե՛մ քվեարկել Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածությանը:

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի քվեարկության ժամանակ դեմ ձայների անհետացմանը, Լ. Զուրաբյանի միակ բացատրությունն այն է, որ տեղի է ունեցել խայտառակ կեղծարարություն հենց ԱԺ պատերի ներսում, որի միակ նպատակը եղել է ընդդիմության վարկաբեկումը և ընդդիմության մեջ փոխադարձ մեղադրանքների հրահրումը:

–Ուստի, մենք որոշում ենք ընդունել` չմասնակցելու կեղծարարության այս ֆարսին, որպեսզի ՀՀԿ-ական կեղծարարները չստանան նորից մի հնարավորություն՝ ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու,–ընդգծել է Լ. Զուրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը