Մեկնաբանություն

08.11.2013 11:09


Արարատյան «դեռբի»

Արարատյան «դեռբի»

Առաջիկա կիրակի օրը Արարատում տեղի կունենա քաղաքապետի արտահերթ ընտրություն։ Մրցակցում են ԲՀԿ–ի ու ՀՀԿ–ի առաջադրած թեկնածուները։ Խորհրդարանում ներկայացված մյուս ուժերից ՀԱԿ–ը սատարում է ԲՀԿ–ին, իսկ «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն ֆորմալ առումով դիրքորոշում չունեն, ինչը տվյալ պարագայում համարժեք է ՀՀԿ–ին աջակցելուն։ ՕԵԿ–ի պահվածքն իմաստ չունի քննարկել։

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով ՀՅԴ պատգամավորական ցուցակի անդամ է, և ով հայտնի է իր «առնետավազքային» հատկանիշներով, լծվել է ՀՀԿ թեկնածուին անցկացնելու գործին։ Նրա վրա պլան են դրել։ Եթե այդ պլանը չկատարի, ապա կարող է զրկվել ոչ միայն մարզպետի, այլ նաև «Ավշարի» գինու գործարանի սեփականատիրոջ իրավունքից։

ՀՀԿ դրածո թեկնածուի համար բուն տոկոս «խփելու» մենեջմենտով զբաղվում է մարզպետի եղբայրը՝ Արայիկը, ով հայտնի ընտրակեղծարար է։

Սերժ Սարգսյանի համար Արարատում տոկոս «խփելու» «գաղափարական» կողմն ապահովում են բազմակի օգտագործման «անկախ» լրատվամիջոցները, որոնք, իրար «պաս» տալով, էժանագին «մուտիլովկաներ» էին երեկ տարածել, թե, իբր, ԲՀԿ–ն հրաժարվել է հանրահավաքից ու զիջել ՀՀԿ–ին, սակայն նման բան չկա։ ԲՀԿ հանդիպումն ընտրողների հետ այսօր կկայանա նախատեսված վայրում։ Արարատ է այցելելու Գագիկ Ծառուկյանը։

Եվ այսպես, արարատցիները նոյեմբերի 10–ին հրաշալի հնարավորություն ունեն՝ «ոչ» ասելու Սերժ Սարգսյանին և նրա դրածոներին։ Իսկ այն, որ Արարատում իրականում քվեարկվում է ՀՀԿ ղեկավարը, երևում է այն քայլերից, որոնք կիրառում է իշխանությունը։ Կարելի է ասել, որ ամբողջ պետական ապարատը հիմա տեղափոխվել է Արարատ ու կեղծիքներին պատրաստվում է համապետական ընտրությունների մակարդակով, ինչը լրացուցիչ փաստարկ է արարատցիների համար, որպեսզի նրանք խիարը թարս բուսեցնեն։

Տեղին է հիշել հայտնի վանկարկումը՝ Արարա՛տ, հո՛ւպ տուր, ՀՀԿ–ին կո՛ւլ տուր։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը