Լրահոս

08.11.2013 10:38


Ալ Բանոն ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախ այցելելու համար

Ալ Բանոն ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախ այցելելու համար

«Ռոսբալտի» փոխանցմամբ՝ իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ խնդրելով հանել իր անունն այն անձանց ցուցակից, որոնց արգելված է մուտք գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Նշենք, որ նոյեմբերի 18-ին Բաքվում կայանալու է իտալական էստրադայի աստղերի՝ Սան Ռեմո փառատոնի մասնակիցների և հաղթողների մասնակցությամբ համերգ, և Ալ Բանոն նույնպես կարող էր մասնակցել այդ համերգին։

Ինչպես գրում է «Լենտա. Ռու»–ն, իտալացի երգիչը նշել է իր դիմումում, որ 2010–ին այցելելով ԼՂ՝ ինքը քաղաքական նպատակներ չի հետապնդել, ընդհանրապես ծանոթ չէ տարածաշրջանում առկա խնդիրներին, հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Երգիչն ավելացրել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Ադրբեջանում, և հույս հայտնել, որ երկրի իշխանությունները կընձեռեն իրեն նման հնարավորություն։ Ադրբեջանի ԱԳՆ–ն խոստացել է ուսումնասիրել երգչի դիմումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն հրապարակել էր 335 մարդուց կազմված անձանց «սև ցուցակը», որոնք, առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու, այցելել են ԼՂՀ։ Նրանց թվում են ՌԴ որոշ պատգամավորներ, քաղաքական տարբեր գործիչներ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, ինչպես նաև Ֆիլիպ Կիրկորովի հայր Բեդրոս Կիրկորովը։

Այս խորագրի վերջին նյութերը