Հարցազրույց

07.11.2013 17:49


Նաիրա Զոհրաբյան. «Այս այլանդակ, անբարո բարքերով համակարգը երկար չի կարողանալու դիմանալ»

Նաիրա Զոհրաբյան. «Այս այլանդակ, անբարո բարքերով համակարգը երկար չի կարողանալու դիմանալ»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

ամուլում այսօր հրապարակում եղավ, որ չնայած ԲՀԿ-ին Արարատի հրապարակի տարածքը չեն տրամադրել հանրահավաքի համար, սակայն Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վաղը ինքը, միևնույն է, հրապարակում է հանրահավաք անելու։ Մինչդեռ, վաղը նույն տեղում, նույն ժամին ՀՀԿ թեկնածուի հանրահավաքն է։

-Գիտեք, ինձ անկեղծորեն զարմացնում է, որ իմ նախկին գործընկերները որպես փաստ են ընդունում ադեկվատության հետ լրջագույն խնդիրներ ունեցող մեկի զառանցանքները, դա ընկալում որպես փաստ և դրա վրա Կիկոսի մահի տարբերակով սցենարներ կառուցում։ Որևէ մեկը չի կարող վկայակոչել Գագիկ Ծառուկյանի, կամ ԲՀԿ որևէ անդամի կողմից արված նմանօրինակ հայտարարություն։ Արարատի հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր հայտերը ի սկզբանե մերժվել են, ուստի մեր օրակարգում հրապարակում հանրահավաք անցկացնելու խնդիր չի էլ եղել։ Որ լիներ, վստահ եղեք՝ կանցկացնեինք։ Այո՛, վաղը Արարատում մենք ունենք հանդիպում արարատցիների հետ և ընտրողների հետ մեր հանդիպումը մենք անցկացնելու ենք այն վայրում, որը նախապես ծրագրել էինք։

-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում ևս գործի է դրել ընտրակեղծիքի իր ողջ զինանոցը, քանզի Գրիգորյան եղբայրներն ամենուր հայտարարում են, որ այս ընտրությունն իրենց պատվի հարցն է։

-Ցանկացած արժանապատիվ պաշտոնյայի համար պատվի հարց պիտի լիներ իր ղեկավարած մարզում արդար և ազնիվ ընտրության անցկացումը։ Պատիվն ու արժանապատվությունը ես միայն այդ կերպ եմ հասկանում։ Իսկ այն, ինչ արվում է՝ մեզ դրանով ո՛չ կարելի է զարմացնել, ո՛չ վախեցնել, և ոչ՛ էլ անակնկալի բերել։ Մենք ի սկզբանե գիտենք, թե ին՞չ քաղաքական ուժի հետ գործ ունենք, հաշվարկել ենք բոլոր հնարավոր ապօրինությունները, որ արվել են, հենց այս պահին արվում են ու դեռ արվելու են։

-Իսկ չե՞ք պատրաստվում բողոք ներկայացնել տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։

-Ո՞ւմ ներկայացնենք։ Կամ ներկայացնեք, որ ի՞նչ լինի։ Մենք գիտենք, որ գործ ունենք ամեն ինչի ընդունակ ուժի հետ, ուստի որևէ ահազանգ, որը ստանում ենք անընդմեջ, մեզ չի զարմացնում։

-Ի դեպ, այսօր թերթերից մեկին տված հարցազրույցում ՀՀԿ թեկնածում Հայկ Հայկյանն ասել էր, որ ինքը վստահ է իր հաղթանակին, և հիշեցրել էր, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ընդամենը 7 քվե էր ավել ստացել ՀՀԿ-ից։

-Ես որքան հիշում եմ՝ այդ թեկնածուն արդեն երկու, թե երեք անգամ նախկինում առաջադրվել է Արարատի քաղաքապետի պաշտոնում և բոլոր նախորդ անգամներում ևս նա վստահ էր իր հաղթանակին, ու այդպես վստահ-վստահ էլ պարտվել էր։ Ինչ վերաբերում է ձայների տարբերությանը. վերջին խորհրդարանական ընտրություններում մեր առավելությունը ՀՀԿ-ի հանդեպ ոչ թե 7, այլ 100-ից ավելի ձայն էր, այն էլ այն դեպքում, երբ երկու «կռուգ» պտտեցրել էին բանակը՝ մոտ 1000 զինվոր։ ՏԻՄ ընտրություններում բանակը քվեարկելու իրավունք չունի, սակայն մենք արդեն ունենք հստակ տեղեկություններ, որ իշխանությունները այս օրերին որոշել են անչափ մարդասեր լինել և արարատցի բոլոր զինակոչիկներին երկու օրով ուղարկել են հայրենի օջախ, անձնագրերն էլ տվել են՝ Հայկ Հայկյանին օգտին քվեարկելու համար։

յդուհանդերձ, չե՞ք կարծում, որ Գրիգորյան եղբայրները դիմելու են ցանկացած քայլի՝ Արարատում հաղթելու համար, այլապես կասկածի տակ կլինի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետագա պաշտոնավարումը։

-Գիտեք, այս այլանդակ համակարգը, այս անբարո բարքերով, վստահ եղեք, երկար չի կարողանալու դիմանալ։ Մի համակարգ, որտեղ պաշտոնյայի պաշտոնավարումը կախված է նրանից, թե նա ինչպե՞ս և ի՞նչ որակով կկեղծի ընտրությունները, անխուսափելիորեն փլվելու է։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ օրը հեռու չէ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը