Մեկնաբանություն

07.11.2013 15:11


Իշխանի վախը բռնեցին. Տիգրանը կշարունակի «ատկատային» քաղաքականությունը

Իշխանի վախը բռնեցին. Տիգրանը կշարունակի «ատկատային» քաղաքականությունը

Թեև Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը ջանք ու եռանդ չէր խնայում պաշտոնական առաջխաղացում ունենալու համար, Սերժ Սարգսյանը գերադասեց վերահսկողության գործը կրկին վստահել Իշխան Զաքարյանին, ում ամիսներ առաջ հրապարակավ քլնգել էր «պետական գաղտնիք» հրապարակելու համար։ Այստեղից հետևում է, որ Իշխանի վախը բռնել են, ու նա «ավելորդ» բաներ այլևս չի անի։

Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ 2012թ. պետբյուջեն թալանվել է, նշել էր թալանի կոնկրետ չափ ու խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին։ Նա ասել էր մի բան, որի մասին բոլորը գիտեն, և որի մասին խոսել էր նույնիսկ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ։

Իշխանի «բացբերանությունից» հետո Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց ու «մին լյավ» քննադատեց նրան՝ ձեռքի հետ ցուցում տալով դատախազությանը, թե ինչ չափի թալան է պետք «հայտնաբերել»։

Թվում էր, թե դրանից հետո Իշխանի գլուխը «թռչելու» է, քանզի նա իշխանության «սրբության սրբոցին» էր դիպչել, այն է՝ «ատկատներին» ու բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործմանը։ Բայց Սարգսյանը շատ ներողամիտ ու հանդուրժող մարդ է։ Նաև՝ շոումեն։ Արդյունքում Իշխան Զաքարյանը Բաղրամյան 26ից ներկայացվել է Բաղրամյան 19՝ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերահաստատման։ Իսկ դա նշանակում է, որ Իշխանը խելքը գլուխն է հավաքել ու այլևս թալանի թեմայով ինքնագործունեությամբ չի զբաղվի։ Կամ էլ՝ ոչ մի ինքնագործունեություն էլ չի եղել, այլ Սերժը պարզապես ցանկացել է Վերահսկիչ պալատի միջոցով հասկանալ, թե արդյոք Տիգրան Սարգսյանը սահմանվա՞ծ չափաբաժիններով է աշխատել, թե՞ չափն անցել է։

Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանն արդարաբար է իրականացրել թալանը, իսկ Իշխանն էլ միլիմետրի ճշգրտությամբ ամեն ինչ հաշվել է։ Սերժն էլ, տեսնելով, որ Տիգրանն ու Իշխանն իրենց ֆունկցիաները լավ են կատարում, երկուսին էլ թողել է իրենց գործերին։ Այսինքն, Տիգրանը կշարունակի «ատկատահան» անել բյուջեն ու սահմանված «դրույքաչափերով» հասցնել վերև, իսկ Իշխանն էլ կհետևի, որպեսզի վարչապետը «կռաիտ» չանի, «ալաֆից» ու գրաֆիկից հետ չմնա։

Ինչ վերաբերում է այս ամենի հրապարակայնացմանը, ապա այդ մասով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորվածություն ձեռք բերված կլինի։ Ասել է թե՝ Իշխանն այլևս բերանբացություն չի անի, քանզի նախընտրական շրջան չէ։ Դե, իսկ նորանշանակ գլխավոր դատախազ Կոստանյանն էլ կհայտնաբերի այնքան թալան, որքան կնշի Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոստացած մեծ կոռուպցիոներներին գլխից բռնելու գործընթացը շարունակվում է։ Մանավանդ որ, հայտնի ֆիլմի Պողոսի պես Իշխանն այլևս «սախատ» ոտք չունի ու «Նաջարյանի» սեղմելուց հետո ամեն ինչ «ճիշտ» կանի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը