Լրահոս

07.11.2013 14:54


«Օֆշորային» գործով վարչապետը չի հարցաքննվել

«Օֆշորային» գործով վարչապետը չի հարցաքննվել

Տևական ժամանակ է՝ գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու (http://hetq.am/arm/news/26891/) գործի քննությունն է տեղի ունենում։ Թե ինչ ընթացքի մեջ է այն, «7օր»–ը փորձել է պարզել ՀՀ ոստիկանությունից։

Հետաքրքրվել ենք նաև, թե այս գործով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քանի՞ անգամ է հրավիրվել հարցաքննության, քանի որ թե՛ «Հետք»–ի հրապարակումներում և թե՛ Փայլակ Հայրապետյանի հայտարարություններում բազմիցս հիշատակվել է նրա անունը։

Հայտնի է նաև, որ «օֆշորային սկանդալի» կապակցությամբ Կիպրոս քննչական խումբ էր մեկնել։ Ցանկացել ենք տեղեկանալ նաև, թե ինչ է հաջողվել պարզել արդեն Հայաստան վերադարձած այդ քննչական խմբին։

Մեր գրավոր հարցմանը ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից հետևյալ պատասխանն են տվել.

«Ձեր հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում Աշոտ Արշիկի Սուքիասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հարցավոր արարքները կատարելու համար:

Քրեական գործով նախաքննությունն ընթանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ, որի շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները և ձեռնարկվում բոլոր անհրաժեշտ միջոցները` քրեական գործով նախաքննության արդյունավետության ապահովման և գործի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քրեական գործի շրջանակներում չի հարցաքննվել:

Քրեական գործի շրջանակներում քննչական խմբի Կիպրոսի Հանրապետություն գուրծուղման ընթացքում կատարվել են առգրավումներ և հարցաքննվել մի շարք անձինք:

Իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ և ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռևս շարունակվում են համապատասխան գործողությունները»:

Այս խորագրի վերջին նյութերը