Մեկնաբանություն

07.11.2013 13:29


Պուտինը գալիս է, որ ի՞նչ անի

Պուտինը գալիս է, որ ի՞նչ անի

Դատելով այն բանից, որ օդանավակայանը Երևանին կապող Էջմիածնի խճուղու միջանկյալ պատնեշի վրայի ներկը սկսել են թարմացնել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ամենայն հավանականությամբ, որոշել է գալ Հայաստան՝ Սերժ Սարգսյանին «մաքսայնացնելու» կամ էլ «մաքսազերծելու»։

Թե ինչու է Պուտինը որոշել գալ Երևան, պաշտոնական շրջանակները չեն բացահայտում։

Զուտ տալիքի ու առնելիքի պահով ամեն ինչ հստակ է Պուտին–Սարգսյան հարաբերություններում։ Պուտինը ստացել է իր ուզածից ավելին, իսկ Սարգսյանը տվել է ավելին, քան ունի՝ Զորի Գայկովիչի միջոցով «մեյդան» նետելով Գյուլիստանի պայմանագիրը։ Այսինքն, կողմերն իրար այլևս բան չունեն ասելու։

Սարգսյանի համար Պուտինի այցը առիթ է նրա հետ նկարվելու և մոտիկից զրուցելու համար։ Նրան պետք է հանդիպման ձևական կողմը, քանզի բովանդակային առումով սեպտեմբերի 3–ից հետո այլևս քննարկման թեմա չկա։

Ի հեճուկս Սարգսյանի մոտիվների՝ Պուտինին «կակռազ» պետք չէ նկարվել նրա հետ, քանզի ՌԴ նախագահն այնպիսի անձնական հակակրանք ունի ՀՀԿ ղեկավարի հանդեպ, որ «դաժե կուշատ նե մոժետ»։ Սակայն ՌԴ–ին պետք է Հայաստանի հետ համագործակցությունը, և նա գալիս է ավելի շատ այստեղ աշխարհաքաղաքական «ֆիշկա» խփելու, քան Սերժին տեսնելու։

Եթե Սերժին Պուտինը «տետ–ա–տետ» տարբերակով ասելիք ունենար, ապա բազմաթիվ առիթներ կային դրա համար, որոնք ՌԴ նախագահը չօգտագործեց անգամ Սերժի՝ Մոսկվայում եղած ժամանակ, էլ ուր մնաց, թե նրա հետ զրուցելու համար հասներ Հայաստան։

Ոչ անհայտ Սմբատ Կարախանյանը պնդում է, որ Պուտինը գալիս է Հայաստանը փրկելու։ Դժվար է ասել, թե ինչքանով Պուտինին կհաջողվի փրկել Հայաստանը, եթե նա իր հետ չի տանելու Սերժին։ Չնայած, մյուս կողմից դա լավ է։ Մեզ ոչ պետք են դրսից դրածոներ, ոչ էլ դրսի օժանդակությամբ փոփոխություններ։

Սերժ Սարգսյանին հայաստանցիներս պետք է վռնդենք նախագահական նստավայրից։ Թե չէ, ուրիշների տարած ու հետ բերածներից օգուտ չկա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը