Քաղաքական

06.11.2013 15:21


Քաղաքական ուժերը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի մասին

Քաղաքական ուժերը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 5–ին Ազատության հրապարակից մեկնարկած «Դիմակներով երթն» ավատվեց Մաշտոցի պողոտայում։ Միմյանց բախվեցին երթի մասնակիցներն ու ոստիկանները։ 3 տասնյակից ավելի ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանություն, եղան նաև վնասվածքներ ստացողներ։

Տեղի ունեցածի կապակցությամբ «7օր»–ը Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքներն է ճշտել։

Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես է արձագանքել։

–Մի կադր եմ տեսել, թե ոնց էին ինչ–որ ախմախներ՝ փետերը վերցրած, մարդ ծեծում։ Էդ ով ա՞ էդ Շանթ Հարությունյանը վաբշե։ Չգիտեմ իրան, ոչ էլ ուզում եմ նման ախմախի մասին բան իմանամ։ Եթե փեդերը վերցնում են, չեմ իմանում` ինչեր են պայթացնում ու հեղափոխության կոչեր են անում, կարելի՞ է այդ մարդկանց գնահատել որպես նորմալ մարդ։

Մեր հարցին՝ «Չե՞ք կարծում, որ հենց ՀՀԿ–ն է իր վարած քաղաքականությամբ մարդկանց հասցրել նման ծայրահեղ քայլի», Մ. Բադեյանը պատասխանել է.

–Դե դու էլ մի հատ դանակ վերցրու, գնա, սկսի մարդկանց խփել ՀՀԿ–ի գործունեության պատճառով։ Խուլիգանը մնում է խուլիգան, ի՞նչ կապ ունի։ Գժին պիտի տանեն գժանոց, խուլիգանին պիտի տանեն քաղմաս, հեղափոխության կոչեր անողին պիտի տանեն բանտ։

Սակայն պարզվում է, որ տեղի ունեցածը ՀՀԿ–ի համար ահազանգ է։

–Մեզ համար ամեն ինչն էլ ահազանգ է։ Մենք որ կառավարումը ստանձնել ենք էս երկրի, ամեն ինչն էլ ահազանգ է՝ ընդհուպ մինչև եղանակի փոփոխությունը։ Բայց էլի նույն՝ միակ ճիշտ ճանապարհով ենք գնում,–հայտարարել է Մ. Բադեյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը շատ հակիրճ է մեկնաբանում.

–Ակնհայտ է, որ դեռ անհասկանալի շատ բաներ կան։ Մինչև այդ պարզաբանումները չունենամ, մեկնաբանություններից զերծ կմնամ։ Շատ հարցականներ կան։

ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ անհեռանկարային է համարում անկազմակերպ և անընդունելի գործողությունները: Նա չի բացառում նաև սադրանքի տարրերը, բայց և վստահ է, որ այս միջոցները ոչ մի լավ բանի չեն հասցնի: ՀՅԴ–ն համակարգային բարեփոխումներին հասնելը տեսնում է միմիայն սահմանադրական ճանապարհով։

Իսկ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղի ունեցածում մեղադրում է ռեժիմին։ Նրա համոզմամբ՝ հենց ռեժիմն է երկիրը հասցրել այնպիսի անելանելի վիճակի, որ մարդիկ դիմում են ամենածայրահեղական և անգամ ապօրինի միջոցների։

Սա պետք է այս ռեժիմի գործողությունների լավագույն բնորոշումը համարել և առաջին հերթին մեղադրել Սերժ Սարգսյանի ռեժիմին,-ասել է Լ. Զուրաբյանը:

Նոյեմբերի 5–ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումները «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս երկրի առջև ծառացած արմատական խնդիրները չլուծելու հետևանք է համարում։

–Այս տարիների ընթացքում քաղաքացիները փորձելով խաղաղ ձևով պայքարել և, ցավոք սրտի, չհասնելով իրենց ցանկացածին՝ այժմ ստիպված պայքարին տվեցին արմատական դրսևորումներ։ Կարծում եմ, որ իշխանությունները պետք է հրաժարական ներկայացնեն, որովհետև երկիրը ծանր իրավիճակի առջև է կանգնել, իսկ այդ միջադեպի սակավամարդությունը դեռ չի նշանակում, որ մնացածը գոհ են։ Հակառակը՝ այդ դժգոհությունն արտագաղթի ձևով է արտահայտվում,–«7օր»–ին ասել է Ա. Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծել է, որ եթե նախկինում ծայրահեղ գործողությունները բացակայում էին, ապա այժմ դա տեսնում ենք, և հնարավոր է՝ ինչ–որ մի պահի այդ ծայրահեղ իրավիճակն անվերահսկելի դառնա.

–Ցանկալի է, որ մինչև այդ պահի հասունանալը լուծումներ գտնվեն այս իրավիճակից, և խաղաղ ձևով իշխանափոխության արդյունքում արմատական բարեփոխումներ իրականցնելով՝ փորձենք ստեղծված իրավիճակը հարթել և լուծել մեր ներքին խնդիրները։

Փորձեցինք ճշտել նաև ՕԵԿ–ականների կարծիքը, սակայն Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Խաչիկ Հարությունյանը չպատասխանեցին հեռախոսազանգերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը