Կարծիք

06.11.2013 11:35


«Տարօրինակ թվաց, որ Օսիպովը ոչ մի ձև չփորձեց խոչընդոտել»

«Տարօրինակ թվաց, որ Օսիպովը  ոչ մի ձև չփորձեց խոչընդոտել»
Ներկա եմ եղել Ազատության հրապարակի և Մաշտոցի հրապարակի դեպքերին սկզբից մինչև վերջ:
Թվում էր, թե սկզբից ամեն ինչ շատ հանգիստ էր և նորմալ, բայց տարօրինակ թվաց, որ Օսիպովը, տեսնելով փայտյա ձողերի կույտը Ազատության հրապարակի աստիճաններին, ոչ մի ձև չփորձեց խոչընդոտել, որ ցուցարարները դրանք չվերցնեին: Մի պահ մոտս տպավորություն ստեղծվեց, որ կա՛մ Օսիպովը լուրջ չի ընդունում այդ ձողերով երթը և ձողերով պրովակատորներին լղելու կոչը, կա՛մ գիտեր մի բան, ինչ մենք չգիտեինք:
Հասնելով Մաշտոց պողոտայի հատվածը՝ տեսա, որ բախում է արդեն սկսվում, փորձեցի ավելի մոտենալ, ու արդեն սկսվեցին պայթյունները, ահավոր պանիկա ու խուճապ սկսվեց շրջապատում, սաղ մի կողմ վազում էին, գոռում, ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, մի մոմենտ համակվել էի խուճապով, մի պահ չէի հասկանում, թե ինչ են պայթեցնում, ու ինձ թվում էր, թե դա կարող է ասկոլկաներով վիրավորել, ու մի պահ ոնց որ ենթագիտակցորեն մտածեցի ավելի հեռու կանգնեմ, նոր շարունակեմ նկարելը, բայց ինչ–որ չկարողացա տեղաշարժվել. կանգնած մնացի նույն կետում ու անգամ ավելի մոտեցա, որ կամեռայով ֆիքսեի բոլոր պրովակատորների ու ակտիվիստների դեմքերը:
Ասեմ, որ երբ արդեն ցույցը խաղաղվել էր, ոստիկաններն անցան համարյա աննախադեպ բռի ու լկտի պահվածքի: Բերման էին ենթարկում բոլորին՝ անկախ սեռից և տարիքից, բերման էին ենթարկում ահավոր բռի ու կոպիտ միջոցներով: Ինչպես այդ իրադարձություններին անմիջականորեն ներգրավվածների, այնպես էլ կողքից հետևողների նկատմամբ կիրառում էին նույն բռնությունները բերման ենթարկելիս, խոչընդոտում էին լրագրողներիս աշխատանքը, ու բերման ենթարկվելուց ինձ փրկեց միայն լրագրողական բեյջս, որը վերջին պահին ներքին ձայնիս թելադրանքով վերցրեցի խմբագրությունից դուրս գալիս:
Մի խոսքով, ոստիկանությունը անցավ բոլոր չափերը: Մի պահ մոտս տպավորություն էր, որ տեղափոխվել ենք Ադրբեջան կամ Ուզբեկստան:
Ոստիկանական գործողություններում ակնհայտ էր մեկ բան. ոստիկանները փորձում էին հավաքվածներին սարսափով ու վախով համակել, իրենց անպարտելիության միֆը տարածել ու այս դեպքը օգտագործել ի նպաստ ռեժիմի հետագա ակցիաները և ցույցերը խոչընդոտելու և սահմանափակելու համար:
Կա՛մ մենք այսօրվա դեպքերից հետո նորից կշարունակենք մեր համառ, խաղաղ ու անզեն պայքարը իշխանությունների դեմ ու տևական պայքարից հետո կհասնենք անցնցում իշխանափոխության, կա՛մ վախենալով ոստիկանների այսօրվա ապօրինությունների և բռնությունների կրկնությունից՝ նորից կգնանք կփակվենք մեր տներում և կերկարաձգենք ռեժիմի գոյատևումը՝ ի հաշիվ Հայաստանի և մեր ապագայի: Մեկ բան ակնհայտ է՝ կա՛մ Հայաստանի քաղաքացին կզրկի Սերժ Սարգսյանին իր բռնազավթած աթոռից, կա՛մ Սերժ Սարգսյանը կզրկի մեզ Հայաստանից: Մենք իրավունք չունենք հանդուրժել այս ռեժիմը:
Ամեն դեպքում, չենք մոռանում, սակայն, որ հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը և ոչ թե հախուռնը կամ խելագարը: Սա մեկ օրում լուծելիք խնդիր չէ, մեկ օրվա գործ չէ: Այստեղ հաղթելու է կամքը...
Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը