Մեկնաբանություն

25.07.2009 15:45


Վարչապետի 16,3 %-ը

Վարչապետի 16,3 %-ը

Աչքալուսանքի պես պաշտոնական վիճակագրությունը հայտարարեց, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 16,3%։ Թվերի տրամաբանությամբ սա այնքան էլ սարսափելի չէ, քանի որ մինչև երկրի «զարկերակի» վերջնական մարելը՝ դեռ 83,7% կա, և այս տեմպերով Հայաստանի «մահվան ջղաձգումները» դեռևս 4-5 կիսամյակ էլ «կձգեն»։ Բոլորովին այլ է, սակայն, տնտեսությա՛ն վարման տրամաբանության տեսանկյունից։ Հայաստանը, բացի միջազգային բորսաներում գինը գցած պղնձից ու մոլիբդենից, արտահանելու գրեթե ոչինչ չունի, ներսում արտադրվող ապրանքները միայն նեքին շուկայում կենցաղային սպառման նշանակություն ունեն, կամ էլ գյուղատնտեսական վերամշակման ոլորտից են, որ «ցամաք հացի» օրապահիկի պայմաններում հազիվ ներքին շուկան են բավարարում։ Էդ դեպքում առողջ դատողությունը հուշում է, որ համընդհանուր ճգնաժամի պայմաններում երկրի կառավարությունը պետք է կտրուկ փոփոխություններ կատարի վարվող տնտեսական քաղաքականության մեջ։ Կտրուկ փոփոխություններ արվեցին, բայց՝ միայն իրականացվող քարոզչության մեջ։ Մինչև առաջին եռամսյակը կառավարությունը, ի դեմս վարչապետի, քարոզում էր ճգնաժամին «շան տեղ չդնել»։ Աստիճանաբար ճգնաժամի ազդեցությունը, ինչպես և սպասվում էր, ահագնացավ, ու մեր կառավարությունն ստիպված էր ոչ միայն «շան տեղ դնել», այլև վարչապետն սկսեց տոկոսներ ասել, բայց էլի գլխներիս տակ փափուկ բարձ դնելով՝ թե կարող ենք հանգիստ մինչև 20% ընկնել։

ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը մի «հետաքրքիր» նկատառում է արել. «Այդ 16,3%-ը ԱՊՀ մյուս պետություններում արդեն 30%-ի է հասել»։ Պարոն Սահակյանը նկատի ունի՞, արդյոք, մեր պոտենցիալ հակառակորդին՝ Ադրբեջանին, որը գներն ընկած նավթի պայմաններում էլ պահպանում է տնտեսության զարգացման դրական ցուցանիշները։ Կամ, եթե օրինակ են բերվում ԱՊՀ երկրները, նրանցից ո՞ր մեկն է կանգնած այնպիսի միջազգային ճնշումների առաջ, ինչպես մենք, որ ամեն օր մի նոր միջազգային վարկ վերցնելով՝ ուղղակի տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ ենք ընկնում բրայզաների ու մերզլյակովների երկրներից։ Երևի՝ մի քիչ Ղրղզստանը։ Միաժամանակ շնորհակալություն պիտի հայտնենք Գալուստ Սահակյանից, որ Արմեն Մազմանյանի պես մեզ չհամեմատեց աֆրիկայան ցեղերի, իր տերմինալոգիայով՝ «բոմժերի» հետ, որոնց մարտական դիմակները գրեթե չեն տարբերվում մեր «ազգային» շատ գործիչների իրական դիմանկարից։

Ինձ մի քիչ էլ զարմացնում է մեր պաշտոնյաների անտեղի մեծահոգությունը։ ՀՆԱ-ի 16,3 %-ի մասին այնպիսի վերամբարձ տոնով են խոսում, ասես դա խաղատանը տանուլ տված մի «պեռեռիվի» փող լինի։ Մի քանի օր առաջ «7օր» կայքէջի բլոգում քննարկման էինք դրել Հայաստանի տնտեսական վիճակն ու երկրի կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությունը։ Բլոգային քննարկումների տեսակը համացանցում բավական տարածված լինելով՝ հասարակության մեջ գոյություն ունեցող տրամադրությունների յուրատեսակ հայելի է ներկայացնում, որն այս դեպքում տրամագծորեն տարբերվում է իշխանական քաղաքական շրջանակներում ներքուստ պայմանավորված  մոտեցումներից։

Մասնավորապես, «Դեմք» կեղծանունով մեկը հռետորական հարց էր բարձրացրել. «Բա երկրի մասին  մտածող վարչապետը ցինիկավարի ելույթներ կունենա, թե 16,3 տոկոսը նորմա՞լ ա։ Իրա համար կարող ա՝ նորմալ ա, բայց հաշվել  ա՞, թե էդ տոկոսները քանի՞ թոշակառուի թոշակ ա անում, քանի՞ հատ հացի փուռ ու պանրի ցեխ ա փակվում, քանի՞ երեխա ա ուսումից հրաժարվում վարձի պատճառով։ Մեկը չկա՝ հաշվի ու մտցնի.... աչքը»։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը