Մեկնաբանություն

31.10.2013 17:09


Տիգրան Սարգսյանի Արևը

Տիգրան Սարգսյանի Արևը

Տիգրան Սարգսյանը ոչ միայն փորձում է քաղաքական դաշտում դրածոներ ունենալ (թեև դրանք շատ արագ բացահայտվում են ու դառնում օգտագործման համար անպիտան), այլ նաև պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում մարդկանց ներդնել։

Նա հաջողացրեց անգամ իր սանիկ Դավիթ Սարգսյանին ֆինանսների նախարար դարձնել։ Բացի այդ, տարբեր նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները նրա «մարդիկ» են։

Փոխնախարարների կազմում էլ կարելի է տեսնել նրա դրածոներին։ Իսկ դա հուշում է, որ վարչապետն ուզում է «կիսելային» տարբերակով տարածվել ու մետաստազներ տալ պետական կառավարման օրգանիզմում։ Համաձայն օրենքի` փոխնախարարին նշանակում է վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Ու ամենևին կարևոր չէ, որ նախարարը դրական եզրակացություն տա։ Միևնույն է՝ դա վարչապետի նշանակման լիազորությունների շրջանակներում է։ Այսինքն, ստացվում է, որ տվյալ հայեցողական պաշտոնյան ոչ թե նախարարի նշանակածն է, այլ վարչապետի ներկայացուցիչն այս կամ այն նախարարությունում: Այդպիսիներից է, մասնավորապես, Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցան 2014թ. բյուջետային քննարկումները, որոնց ժամանակ Մշակույթի նախարարության բազմաբնույթ խնդիրների մեջ առանձնահատուկ կարևորվեց հուշարձանների ոլորտը` որպես ամենաբարդ, խնդրահարույց, եթե չասենք՝ ձախողված:

Ինչ խոսք, նախարարության բոլոր ոլորտների համար պատասխանատուն առաջին դեմքն է` նախարարը։ Բայց ոչ միայն նրան պետք է մեղադրել ստեղծված վիճակի համար։ Բա ինչի՞ համար են ոլորտային փոխնախարարները։

Ուշագրավն այն է, որ հատկապես քննադատության է արժանացել հուշարձանների ոլորտը։ «Երջանիկ պատահականությամբ» դա այն ոլորտն է, որը համակարգում է փոխնախարար Արև Սամուելյանը։

Բայց ո՞վ է այս «էկզոտիկ» եիտասարդ տիկինը, ում վիճակված է համակարգել, եթե թեկուզ Հայկ Նահապետից հաշվենք, ապա 4500 տարվա մեր քաղաքակրթության քարե կանգուն վկայությունները:

Պարզվում է` նա մի այնպիսի անգնահատելի ծառայություն է մատուցել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ դրա համար կարող էր նույնիսկ ավելի բարձր պաշտոնի հավակնել, եթե, իհարկե, Տիգրան Սարգսյանի լիազորությունները ներեին:

Ասում են` տիկին Արևիկը վարչապետի տունը վերանորոգելիս շատ հաճելի գույն է բռնել տան պատերը ներկելու համար: Եվ այս արժանիքը միանգամայն բավարար էր, որ այս «բարձրաճաշակ մալյարուհուն» փոխնախարար նշանակեին` հուշարձանների ոլորտի համակարգող:

Ասում են նաև, որ սույն տիկինն էլի արժանիքներ ունի. որոշ ժամանակ Փարիզում է ապրել, բայց ցավն էլ այն է, որ Արևիկը Ֆրանսիայում ինչ ասես՝ սովորել է, բացի վարվեցողության կանոններից: Ըստ տարածված տեղեկությունների՝ Փարիզից նա այլ բաներ էլ է սովորել, բայց դա չի խանգարել, որպեսզի փոխնախարար նշանակվի, քանզի ամուր թիկունք ունի՝ ի դեմս «միջազգայնագետ» Տիգրան Սարգսյանի:

Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը հերթական այցելությունն է կատարելու հերթական նախարարություն։ Հերթը հասնելու է Մշակույթի նախարարությանը: Եվ թեպետ նման ինֆորմացիան գաղտնի է պահվում, բայց քանի որ նախարարությունում, քափուքրտինք կտրած, աշխատասենյակներն են կարգի բերում, որպեսզի նախագահը բարվոք վիճակ տեսնի, վազվզում միջանցքներով ու մեկը մյուսին հանձնարարություններ տալիս, դժվար է այդքանից հետո գաղտնի պահել մոտալուտ այցելությունը:

Այդ համատեքստում նախարարության միջանցքում այցելուներից մեկը մի այնպիսի խոսակցության է ականատես եղել, որ դրանից հետո անգամ անիմաստ է որևէ լուրջ հարցով մտնել Արև Սամուելյանի մոտ: Նախարարության ինչ–որ աշխատակից, հավանաբար, տնտեսվարը, միջանցքում գոռգոռալով այս ու այն կողմ է գնում, թե քանի՞ անգամ պիտի Արև Սամուելյանի աշխատասեղանը վերանորոգեմ, ինչ է՝ չե՞ն հասկանում, որ սեղանը մահճակալ չի, ու նրա վրա երկուսով բարձրանալուց կկոտրվի: Իհարկե, ավելի զավեշտալի մտքեր էլ են հայտնում, երբ տիկին Արևիկը փորձում է իր լաչառությամբ գործն առաջ տանել։

Նախարարության աշխատակիցները փոխնախարարուհու մոտ Զիգմունդ Ֆրեյդի նկարագրած բոլոր սիմպտոմները տեսնում են և ափսոսանք հայտնում, որ Կրկեսի շենքը պայթեցվեց, ու որոշ մարդկանց համար դրա տարածքում հիմա կանգնելու տեղ չկա։ Ինչևէ։

Վաղը, հավանաբար, հուշարձաններին վերաբերող խորհրդարանական լսումների համատեքստում Արև Սամուելյանն էլ հաշվետու զեկույցով հանդես կգա։

Ենթադրաբար, շահագրգիռ քննարկումներ տեղի կունենան, կլինեն հարցեր ու պատասխաններ, բայց, միևնույն է, պրոբլեմը չի լուծվի, քանի որ լուծողը մեր վարչապետի կարկառուն թիմակիցն է՝ ինքնահավան, որի պատճառով ոչ մեկի խորհուրդն էլ չի լսում, այդ իսկ պատճառով, քանի տարի էլ աշխատի, որքան էլ սովորի, անգամ եթե աշխարհի ամենաբարձրակարգ համալսարանն էլ ավարտի, դրանով ոչինչ չի փոխվի, քանի որ առավելագույնը կլինի ուսյալ ու կրթյալ, բայց, միևնույն է, գործից անտեղյակ, քանի որ դա է մեր վարչապետի թիմի առանձնահատկությունը. այդ որակներով են նրանք նշանակվում պատասխանատու պաշտոնների, դրա համար էլ ձախողվում են բոլոր ծրագրերը, իսկ բոլորը մեղավոր են դրանց համար, բացի օֆշորագետ վարչապետից ու իր թիմից:

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը