Մեկնաբանություն

31.10.2013 11:10


Ժողովրդի «շլյուզները» փակելով՝ «Ապահով Հայաստան» են կառուցում

Ժողովրդի «շլյուզները» փակելով՝ «Ապահով Հայաստան» են կառուցում

Նախագահական ընտրություններից հետո, ինչպես կանխատեսվում էր, հոգատար իշխանությունն ավելի բարձրացրեց առաջին անհրաժեշտության ապրանքների գները, հետո բարձրացրեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, ուսանողների ուսման վարձավճարները, շուտով կբարձրացնի տրանսպորտի ուղեվարձը, ու ժողովրդի «լիակատար երջանկությունն» ապահովելու համար երեւի առաջիկայում էլի ինչ-որ բանի գին «կխփի»: Ասենք, թթվածին շնչելու համար քաղաքացիները ստիպված կլինեն հարկ վճարել:

Եվ այս թանկացումների ֆոնին կառավարությունը որոշում է վերացնել գործազուրկներին տրվող 18 հազար դրամը:

Այս անմարդկային որոշումից հետ ՀՀԿ-ական մեծահարուսները հերթով լկտիաբար հանդես են գալիս կառավարության որոշման օգտին:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը ասում է, թե. «Հայտնի փաստ է, որ կան որոշ տիպի մարդիկ, ովքեր համաձայն են այդ չնչին գումարը ստանալ, միայն թե ոչինչ չանել, սրանք պարազիտներն են, որոնց ես գտնում եմ, որ պետք չէ որևէ կերպ ընդառաջել Ձգտում չունեցող մարդկանց կա՛մ պետք է հասկացնես, որ ձգտի, կա՛մ պետք է թթվածինը կտրես, որ ինքը ստիպված ձգտում ունենա»։

Ուրեմն՝ 18 հազար դրամ ստացողները պորտաբույծ են, որոնց չպետք է ընդառաջել, հակառակը՝ պետք է նրանց «թթվածինը կտրես», որ ձգտեն աշխատանք գտնել:

Իսկ այն, որ սեփական «բարեշրջումներով» հիացած վարչապետը աշխատատեղեր չի ստեղծում եւ չի ձգտում ստեղծել՝ դա Բադեյանին չի հետաքրքրում: Նրան չի հետաքրքրում նաեւ հարցը, որ տարիներ շարունակ գործազուրկներին համապատասխան կենտրոնները աշխատանք չեն առաջարկում կամ եթե առաջարկում էլ են, ապա առնվազն 30 հազար դրամ աշխատավարձով ինչ-որ աշխատանք: Այն դեպքում, երբ գործազուրկների մեջ քիչ թիվ չեն կազմում բարձրագույն կրթություն ունեցողները:

Իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Հերմինե Նաղդալյանը ԱԺ փոխնախագահի իր բարձր դիրքից բացահայտորեն ստելով հայտարարում է, թե. «Ինչքան աշխատանք փնտրող կա, այնքան էլ ազատ աշխատատեղ կա»:

Նման հայտարարություն անելիս Նաղդալյանի ուղեղում երեւի կարճ միացում է տեղի ունեցել ու Հայաստանը շփոթել է Շվեյցարիայի հետ: Կամ էլ սույն տիկինը նման պնդում անում է ելնելով Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից, որում աշխատատեղերի ստեղծման խոստում կա: Բայց մինչ օրս այդ խոստումը մնացել է թղթի վրա, իսկ Նաղդալյանը գիտի, թե արդեն ստեղծվել են այդ աշխատատեղերը:

Հաջորդը ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն է, ով համարում է, որ նպաստները ծուլացրել են ժողովրդին. «Էդ նպաստները մեր ժողովրդին ծուլացրեցին: Էդ նպաստները մեր ազգին սարքել են ծույլ»: Հետո էլ ավելացնում է, թե. «Պատշար, կաֆել, մետլախ, գաջ քսող չկա, որովհետեւ չեն ուզում աշխատել: Էդ նպաստներն են եղել արդյունքը»:

Սա էլ անտեղյակ է ձեւանում, քանի որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների վարած «իմաստուն» քաղաքականության հետեւանքով օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է, ավելի քան 5 տարի, կարելի է ասել, երկրում շինարարությունը կանգնած է եւ այս պայմաններում, բնականաբար, պատշարի, գաջ քսողի ու կաֆել խփողի անհրաժեշտություն չկա:

Մի խոսքով, ծույլ, անբան, պարազիտ ժողովուրդ ենք, իսկ իշխանությունները բանող, աշխատասեր են, ավելին՝ թալանելու մեծ ձգտում ունեն:

Ոչ միայն թալանելու, այլեւ՝ հանցագործությունները պարտակելու հարցում բավական հմուտ են:

Մարդկանց նպաստներից զրկելու որոշումը կառավարությունը բացատրում էր նրանով, թե այդ գումարներով կվերապատրաստեն գործազուրկներին:

Մինչդեռ, պարզվում է, Տիգրան Սարգսյանը մտադիր չէ պատժել կամ դիմել դատախազությանը՝ նպաստների գումարների 94 տոկոսը փոշիացնողներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Հարցը չպետք է դիտարկել մեղավորներ որոնելու հանգամանքով։ Խոսքը գնում է ոչ թե անհատների մասին, այլ խոսքը անարդյունավետ մեխանիզմները արդյունավետ մեխանիզմներով փոխարինելու մասին։ Այսօր էլ Հայաստանում, ցավոք, դեռևս սոցիալական ոլորտում կան անարդյունավետ մեխանիզմներ, որոնք բերում են ֆինանսական միջոցների փոշիացմանը։ Մեր խնդիրն է արդիականացնել տնտեսական համակարգը»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Այսինքն՝ հսկայական գորմարները լափել են ոլորտի պատասխանատուները, բայց դա Տիգրան Սարգսյանի համար կարեւոր չէ: Կարեւորը «արդյունավետ մեխանիզմներ»,, ստեղծելն է:

Հետաքրքիր է՝ եթե մեղավորները չեն հայտնաբերվելու եւ պատժվելու, ապա հետագայում երաշխիք կա՞, որ նպաստներին հատկացվող գումարներով «վերապատրաստման» գործընթաց սկսելու դեպքում դարձյալ դրանց 94 տոկոսը չի մսխվի կամ թալանվի:

Եթե գործազուրկներին առձեռն տրվող գումարների 94 տոկոսն է փոշիացել, ապա ձեւականորեն կազմակերպվող «վերապատրաստումների» դեպքում հատկացվող փողերը գրպանելու շանսերն առավել մեծանում են: Մանավանդ երբ գործազուրկներն արդեն 18 հազար էլ չունեն, որ գոնե դրանով հոգան տրանսպորտի ծախսերը՝ «վերապատրաստման դասընթացներին» հաճախելու համար:

Ինչեւէ, «բարեշրջումները» շարունակվում են, գործազուրկները զրկվում են անգամ ցամաք հաց ուտելու հնարավորությունից, իսկ նաղդալյանների ու բադեյանների աշխատավարձերը եռապատկվում են:

Երկար ժամանակ փորձում էինք երեւակայել ու պատկերացնել, թե ինչպիսին է լինելու «Ապահով Հայաստանը»: Այնինչ, արդեն հենց այդ Հայաստանում ենք ապրում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը