Լրահոս

30.10.2013 15:32


Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում իրավաբանական անձանց միությունը (ՀԱԱՊ), հանդիսանալով անկախ և ինքնաֆինանսավորվող կառույց, որը միավորում է Հայաստանում միջազգային եւ տեղական կապիտալով գործող տարբեր ոլորտների ավելի քան 100 կազմակերպությունների, իր մտահոգությունն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ համաձայն ՀՀ կառավարության 846-Ն որոշման հավելված 1-ի, նոր սերնդի Հսկիչ-դրամարկղային մեքենաներին (այսուհետ՝ ՀԴՄ) ներկայացվող տեխնիկական պահանջների, ինչպես նաեւ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման պարտադիր ժամկետները սահմանելու մասին 968-Ն ՀՀ կառավարության որոշման, 2013 թվականի նոյեմբերի 1-ից ՀԴՄ-ների կիրառումը դառնալու է պարտադիր ավելացված արժեքի հարկ վճարողների եւ այն հարկ վճարողների համար, որոնց կողմից «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմելու է 10 մլն ՀՀ դրամ եւ ավելին: Մտահոգում է նաեւ այն փաստը, որ նոր սերնդի ՀԴՄ-ները, որոնք արժեն 369,600 ՀՀ դրամ, կարող են ձեռք բերվել միայն մեկ կազմակերպությունից («Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ) (ՀՀ կառավարության 692-Ն որոշում): ԱԱՀ վճարողների խմբի մեջ են ներառվում նաեւ փոքր շրջանառություն ունեցող կազմակերպություններ, որոնք «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4.3.4-րդ հոդվածի համաձայն չեն կարող հանդես գալ որպես շրջանառության հարկ վճարողներ: Այս պայմաններում թիրախային գոտում կարող են հայտնվել ԱԱՀ վճարող, սակայն փոքր եւ միջին (այսուհետ՝ ՓՄՁ) ձեռնարկությունները: Տվյալ կազմակերպությունների կողմից նման արժեքով ՀԴՄ-ի ձեռք բերումը հանդիսանում է լրացուցիչ չնախատեսված ծախս, որը կարող է կործանարար լինել այդ տնտեսավարողի համար: Ավելին՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման» մասին ՀՀ օրենքի 11.3 եւ 11.4 հոդվածի համաձայն՝ սահմանված պարտադիր ժամկետները խախտելու դեպքում, կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն մի շարք տուգանքներ, մինչեւ 300,000 ՀՀ դրամի չափով: Նման տուգանքների կիրառումը բավականին մեծ խնդիրներ կարող է առաջացնել հատկապես ՓՄՁ-ների համար: Նշենք նաեւ, որ ՀԴՄ-ների կիրառման պարտադիր ժամկետները սահմանող ՀՀ կառավարության 968-Ն որոշումը հրապարակվել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին՝ կազմակերպություններին երկու ամսից քիչ ժամանակ տրամադրելով նոր սերնդի ՀԴՄ-ների գնումը եւ կիրառումը կազմակերպելու համար: Հիմք ընդունելով վերոնշյալը ՝ խնդրում ենք. - մեկնաբանություններ տրամադրել մեր կողմից բարձրացված հարցերի շուրջ, - հարկ վճարողներին տրամադրել առնվազն ութ ամիս ժամանակ նոր սերնդի ՀԴՄ-ները ներմուծող միակ կազմակերպությունից գնելու կամ այլ՝ ավելի մատչելի տարբերակներ որոնելու համար, -հստակեցնել, թե արդյոք նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է հանրային սննդի օբյեկտների համար, ովքեր վճարում են հաստատված չափով արտոնագրային վճարներ, - տրամադրել տեղեկություն հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի գնագոյացման վերաբերյալ, - նոր սերնդի ՀԴՄ-ների վաճառքի հնարավորություն ընձեռել նաեւ այլ Ընկերությունների, որոնք կստեղծեն համապատասխան մրցակցային միջավայր, -կարծում ենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ների վաճառքը նույն արժեքով թե խոշոր եւ թե ՓՄՁ- ների համար անընդունելի է` հաշվի առնելով ՓՄՁ-ների գնողունակությունը, - նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը ապահովելու համար ՓՄՁ-ներին անհրաժեշտ կլինի ինտերնետ կապ, որի ամենօրյա ապահովումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ կպահանջի այդ ընկերություններից:

Տնօրենների խորուրդ

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում

Այս խորագրի վերջին նյութերը