Լրահոս

24.07.2009 16:59


Աբդուլա Օջալանի 10 պայմանները

Աբդուլա Օջալանի 10 պայմանները

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Քրդական աշխատավորական կուսակցության(PKK) առաջնորդ Աբդուլա Օջալանի 10 պայմանները, որոնք նա պատրաստվում է հրապարակել օգոստոսի 15-ին։ Այդ պայմանների մասին, որոնք քրդերը անվանում են Թուրքիայում քրդական հարցի լուծման հիմնարար սկզբունքներ, Օջալանը հանրությանը տեղյակ է պահել իր փաստաբանների միջոցով։ «Սա, ինչ-որ տեղ, ճանապարհային քարտեզ է՝ Թուրքիայում լուծելու քրդական հարցը։ Թուրքիայում գոյություն ունեն երեք տիպի դեմոկրատներ՝ լիբերալներ, պահպանողականներ և ռադիկալներ։ Ինքս ինձ դասում եմ վերջինների շարքը։ Համոզված եմ, որ քրդական հարցի կարգավորման գործում վերջին խոսքը պատկանելու է ռադիկալներին»,-ասել է Օջալանը։  
Թուրքական Sabah թերթը ներկայացրել է Օջալանի 10 պայմանները.

1.Թուրքիայի սահմանդրության մեջ քաղաքացիությանը վերաբերող դրույթում պետք է ազգային փոքրամասնություններին վերաբերող լրացումներ կատարվեն,
2. Կրթությունը պետք է լինի նաև քրդական լեզվով, ինչը պետք է սահմանադրորեն ամրագրվի,
3. PKK-ի և Թուրքիայի միջև հրադադարը պետք է շարունակվի, իսկ թուրքական իշխանությունները պետք է հայտարարեն մասայական համաներում,

4. Քուրդ մտավորականները պետք է քրդական հարցի լուծման հարցում նախաձռնություններ ներկայացնելու իրավունք ունենան,
5. Պետք է վերանան բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են քրդերին զբաղվել քաղաքականությամբ։ Այդ իրավունքը պետք է ունենան բոլորը, նույնիսկ ազատության մեջ հայտնված PKK անդամները,

6. Պետք է չեղյալ հայտարարվեն Աբդուլա Օջալանի մեկուսացման պայմանները,
7. ՏԻՄ մարմինները պետք է ուժեղացվեն լրացուցիչ իրավասություններով,
8. Պետք է ստեղծվի իրավական հանձնաժողով, որը կուսումնասիրի PKK և թուրքական բանակի դիմակայության փաստերն ու կտա դրանց արդարացի գնահատական,

9. Պետք է զինաթափվեն PKK-ի դեմ պայքարելու նպատակով ստեղծված գյուղական ջոկատները,
10. Պետք է իրականացվեն հողային բարեփոխումներ։

 Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ սրանով Աբդուլա Օջալանը Թուրքիայի իշխանություններից պահանջում է հնարավորություն տալ իրեն՝ կառավարելու քրդաբնակ շրջանները։

Այս խորագրի վերջին նյութերը