Մեկնաբանություն

29.10.2013 14:06


ԲՀԿ թեկնածուն ընդդեմ Արարատի մարզպետարանի ու ՀՀԿ–ի դրածոյի

ԲՀԿ թեկնածուն ընդդեմ Արարատի մարզպետարանի ու ՀՀԿ–ի դրածոյի

Առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ղեկավարների ընտրություններ։

Թեժ պայքար է սպասվում Արարատում, որտեղ ԲՀԿ–ի ու ՀՀԿ–ի առաջադրած թեկնածուները կպայքարեն քաղաքապետի թափուր տեղի համար։ Նոյեմբերի 10–ին կայանալիք այդ ընտրություններին ընդառաջ՝ իշխանություններն արդեն իսկ գործի են դրել իրենց հոգեհարազատ բոլոր մեխանիզմները. Արարատի կողքի գյուղերից մարդկանց բերում գրանցում են քաղաքում, ԲՀԿ թեկնածուին մերժում են հանրահավաքի անցկացումը, բյուջետային հիմնարկների աշխատողներին ներգրավում են նախընտրական քարոզչության մեջ և այլն։

Տոկոս «խփելու» մենեջմենթով զբաղվում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ գործարար Արայիկը։

Բաղրամյան 26–ից ալկոհոլային խմիչքների բիզնես ունեցողներին են հանձնել Արարատի մարզպետարանը՝ պայմանով, որ ԲՀԿ–ի թեկնածուի դեմն առնեն։ Այսինքն, ընտրակեղծիքների հաջող անցկացումն այն գինն է, որը պետք է վճարեն Գրիգորյանները նրանցից մեկի՝ Արամայիսի մարզպետ դառնալու դիմաց։

Նկատենք, որ ԲՀԿ թեկնածուի դեմ պայքարելու գործը կազմակերպելիս իշխանությունները չեն բավարարվել միայն տեղական մակարդակի դրածոներով։ Գործի մեջ ներգրավված է նաև ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով արդեն սկսել է «պեպելնիցայություն» անել ԲՀԿ համակիրների ու քարոզչություն իրականացնող ակտիվիստների դեմ։

ԲՀԿ–ում որոշել են այս ամենին պատասխանել բացառապես քաղաքական հարթության մեջ։

Տեղին է հիշեցնելը, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն համատեղ ճակատ են կազմել, և միասնաբար են հանդես գալիս։ Այնպես որ, ուժեղ մրցակցություն է սպասվում, և արարատցիները լավ հնարավորություն ունեն, առանձին վերցրած, մեկ համայնքում խիարը թարս բուսացնել Բաղրամյան 26–ի համար։ Բացի այդ, մի քանի կուսակցություն փոխած (ՀՅԴ, ՕԵԿ) և ՀՀԿ–ական դարձած Արարատի քաղաքապետի թեկնածուին «ոչ» ասելով՝ «ոչ» է ասվում նաև դրածո մարզպետին։ Եվ, ի վերջո, նաև Սերժ Սարգսյանին։ Այնպես որ, առիթը չի կարելի բաց թողնել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը