Մեկնաբանություն

29.10.2013 13:42


Նոր՝ կոոպերատիվ «ՀՀՇ»-ն, կամ զգուշացե՛ք «ֆեյքերից»

Նոր՝ կոոպերատիվ  «ՀՀՇ»-ն, կամ զգուշացե՛ք «ֆեյքերից»

Սերժ Սարգսյանն աչքի է ընկնում իր «ֆեյքասիրությամբ», այսինքն՝ նա չի սիրում կամ չի կարողանում ինքնուրույն ինչ–որ բան ստեղծել, փոխարենը շատ է սիրում կրկնօրինակել եղածը: Անգամ նրա հրապարակային խոսքն ընդդիմադիր խոսքի կրկնօրինակումն է: Հնարավոր է՝ դա ինչ–որ հոգեբանական բարդույթի արդյունք է, կամ ստեղծագործելու անկարողության հետևանք։ Ամեն դեպքում, փաստ է, որ Հայաստանում ամենից շատ «ֆեյք» հենց նա ունի:

Հայտնի է, որ սոցիալական ցանցերում որոշ մարդիկ բացում են կեղծ էջեր՝ ուրիշի անունով, և որոշակի գործունեություն ծավալում՝ չբացահայտելով ինքնությունը: Ու ինչքան լավ «մասկիրովկա» արած ու հայտնի է լինում կեղծ էջը, այնքան հավանականությունը մեծանում է, որ մարդիկ չեն բացահայտի կեղծիքը: Ահա այս նույն սկբունքով էլ Սերժ Սարգսյանը ստեղծում է իրեն խանգարող բոլոր երևույթների կեղծ` «ֆեյք» տեսակները` «անկախ» լրատվամիջոցներից միչև կեղծ կուսակցություններ ու «բոցաշունչ հեղափոխականներ»։

Ահա նախորդ շաբաթ ազատիչյան քավորությամբ և վարչապետական թամադայությամբ ՀՀ-ում բացվեց ժողգործիքների նոր կոոպերատիվ, անունը՝ «ՀՀՇ», որի նպատակը քաղաքական դաշտում սեզոնային «թամաշա» անելն է:

Երևում է, որ անգամ Սերժ Սարգսյանի հավեսն է կորել նոր ֆեյքերին «կրեածիվի մեջ» PR անելուց։ Բացի այդ, էդ մարդը հո կրակը չի՞ ընկել՝ իրա լուրջ, «նաղդ» հաշիվները թողնի, գա իրանց համար ստեղ թիթեռ նկարի: Ահա այս անհետևողականության արդյունքում էլ նորաստեղծ «ֆեյքի» գործերը հենց սկբից թարս գնացին, ազատիչյան լեզվով ասած` հենց սկզբից խիյարը թարս բուսնեց:

Հասկանալի է, որ նորաստեղծ կոոպերատիվին Բաղրամյան 26-ի աշխատակիցները գովազդում են՝ ելնելով «գեոպոլիծիկ» նոր զարգացումների տրամաբանությունից, ասել է թե՝ ՄՄ ոճի մեջ: Այսինքն, իշխանական քարոզչությունն արվում է ոչ թե «երրորդ»` «անհայտուժական», «քաղաքացիականոտ», «արևմտամետ», «ազատմամուլական» ոճի մեջ, այլ շատ ուղիղ` հենց ՀՀԿ-ի միջոցով՝ ի դեմս Արմեն Աշոտյանի: Իհարկե, «ֆեյք» կուսակցության ռահվիրաները շատ կցանկանային, որ իրենց հարցով զբաղվեր Տիգրան Սարգսյանը, ով ավելի լուրջ, ինչու չէ` «կրեածիվ», «արևմտամետ» և ամենակարևորը՝ օֆշորային մոտեցում է ցուցաբերում նմանատիպ աշխատանքներին, սակայն, ի՞նչ արած, վարչապետի գլուխն էս վերջերս շատ խառն է ռուսաստաններից փող կպցնելու ու Կրեմլին քծնելու գործերով, նրան էլ է պետք հասկանալ:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում այսօր գոյություն ունի ՀՀՇ հ/կ։ Իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ գրանցել կուսակցություն այդ նույն անունով. դա օրենքի կոպտագույն խախտում է:

Հետևաբար, եթե այնուամենայնիվ իշխանությունները, խախտելով ՀՀ օրենսդրությունը, գրանցեն «ֆեյք» կուսակցությունը «ՀՀՇ» անվամբ, դա կլինի մի հավելյալ ապացույց, որ քաղաքական դաշտում հայտնվել է նոր իշխանական կառույց, սակայն հին ու վարկաբեկված դեմքերով:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը