Մեկնաբանություն

28.10.2013 23:55


Առա՛ջ դեպի ապահով քուն

Առա՛ջ դեպի ապահով քուն

Իջեք, իջեք, երազներ,
իջեք մաքսային երազներ,
շոյող, անո՜ւշ, երազներ,
իջեք ապահով երազներ...

Երբ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը ասում է, թե շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է, նորից ես նայում հայտնի տեսանյութը ու կրկին համոզվում ես, որ ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները «բոդրի» են, իսկ ահա Սերժ Սարգսյանը քնած է կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «աչքը կպցրել է»:

«Ընթերցող» մարդը 11 վայրկյան նույն դիրքում չի մնում. տեքստի հետ գործ ունեցող մարդը թեկուզ աննշան, բայց ինչ-որ «ռեակցաներ» է տալիս: Իսկ կադրում նման բան չենք տեսնում:

Ինչ վերաբերում է Արման Սաղաթելյանի այն պնդմանը, թե մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է, չի դիմանում ոչ մի քննադատության: Մի՞թե Սաղաթելյանը կարծում է, թե նման կարեւոր հավաքի լուսաբանումն ու նկարահանումը վստահում են ոչ պրոֆեսիոնալների: Ի՞նչ է, Մինսկի գագաթնաժողովին հավատարմագրել էին հայկական սերիալների օպերատորների՞:

Եթե ընդունենք, որ ոչ պրոֆեսիոնալ օպերատոր է եղել, ապա մոնտաժողը կամ լուրերի թողարկող խմբագիրը հո՞ կարող էին տեսնել, որ այդպիսի կադրով անհարմար դրության մեջ են դնում նախագահի կարգավիճակ ունեցող մարդուն։ Անշու՛շտ, նկատել են։ Իսկ եթե նկատել են ու այդպես էլ թողել են եթեր, ուրեմն դա քաղաքական որոշման խնդիր է եղել, այլապես ուրիշ կադր կդնեին Սերժ Սարգսյանից։

Այնուհանդերձ՝ որքան էլ զավեշտական ու արտառոց համարենք, նույնքան էլ տխուր ու տհաճ է տեսնել քո երկրի ղեկավարին նման կարեւորագույն հավաքին, ինչպես ասում են՝ նստած տեղը քնած վիճակում:

Նախ մտածում ես՝ լավ, մինչ այդ «քար է քաշել» ու այնքան է հոգնել, որ տեղ հասնելուն պես չի դիմացել ու քնել է:

Հազիվ թե: Այնպես, ինչպես նա է ղեկավարում երկիրը եւ այն վիճակում, որում հայտնվել է երկիրը՝ այդպես կարելի է կառավարել հեշտ ու հանգիստ՝ առանց հոգնելու:

Բայց, իհարկե, Մինսկում քնելու տեսարանն ավելի լուրջ ու կարեւոր բան է խորհրդանշում կամ ավելի լուրջ բանի մասին է վկայում:

Քնած է ողջ իշխանությունը, ողջ կառավարությունը, հայոց դիվանագիտությունն ու ընդհանրապես՝ հայաստանյան քաղաքական իրականությունը:

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քնած էր իշխանությունը, հատկապես արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը, երբ տեղի ունեցավ Սաֆարովի արտահանձնումը: Զարթնեցին միայն այն ժամանկ, երբ արդեն ուշ էր:

Օրեր առաջ էլ էին քնած, որբ Եվրախորհրդարանը Ղարաբաղի վերաբերյալ մեզ համար աննպաստ բանաձեւ ընդունեց, ուր տեղ են գտել 20 տարի առաջվա ՄԱԿ-ի փաստաթղթերը: Սրանք բանաձեւի ընդունումից հետո նոր միայն զարթնեցին:

Ներքին կյանքում էլ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները քնած են:

Ավելի քան հինգ տարի քնած են, աչքերը փակել են ու չեն տեսնում, թե ինչ է կատարվում երկրում, տնտեսության անկումն ուր է հասել, աղքատության, գործազրկության, արտագաղթի ծավալները ինչ չափերի են հասել:

Եթե քնած չլինեին, ապա կփորձեին կանխել այս ամենը եւ գոնե փոքր-ինչ թեթեւացնել ժողովրդի վիճակը:

Եթե չեն փորձում իրենց իսկ ձեռքով այս օրին հասցրած երկրի ու ժողովրդի վիճակը շտկել, ուրեմն՝ քնած են, կամ քնած են ձեւանում:

Ուղղակի, Սերժ Սարգսյանը մեկ-մեկ արթնանում է ու զարմանում, է թե բյուջեն էս ինչքան են թալանել, «ատկատները» էս ինչ չափերի է հասել: Անմիջապես հրահանգում է «գլխից բռնել» ու նորից քնում է:

Հիմա էլ Մինսկից հետո, երբ քունն առնի ու արթնանա, երեւի, նորից կտեսնի ու կզարմանա, թե ոնց են կերել գործազուրկներին տրվող գումարի 94 տոկոսը:

Չէ, նրան չի անհանգստացնի այն, որ գործազուրկների 18 հազար նպաստներն էլ են վերացնում: Պարզապես, մի քիչ կզարմանա, թե նպաստների համար հատկացվող գումարի 94 տոկոսը գողացվել է ու նորից կքնի: Արթուն լիներ՝ նախ կհետեւեր, որպեսզի այդ գումարները չլափեին:

Դեռ պարզ չէ՝ կառավարությունը ինչպես է վարվելու սոցծառայությունների հետ, քանի որ այս կառույցներում է անհետացել նշված 94 տոկոսը: Պարզ չէ, քանի որ Տիգրան Սարգսյանը այդ տեղեկությունն այնպիսի դնջությամբ հայտնեց, որ կարծես այդպես էլ պետք է լիներ, պետք է մսխվեր 94 տոկոսը, իսկ մոտ 10 հազար գործազուրկներն էլ մնային նպաստին սպասող: Հիմա արդեն՝ չսպասող:

Ապահով Հայաստանում այդպես է վերացնում են նպաստների համակարգը, բայց 54 միլիոն տալիս են ինչ-որ մի երգչուհու, վերացնում են այդ համակարգը, բայց կրկնապատկում եւ եռապատկում են բարձրաստիճան պաշտոնյաների ու չինովնիկական դասի աշխատավարձերը, գործազուրկներին ուղարկում են գրողի ծոցը, բայց Երեւանի տոնի համար 200 միլիոն են ծախսում…

Իսկ Սերժ Սարգսյանը քնած է, նրա հետ նաեւ ողջ իշխանությունը…

Ինչ ասես՝ մարդիկ ապահով քուն են մտել: Արթուն են միայն տոկոս «խփելիս»։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը