Քաղաքական

29.10.2013 00:20


Արարատ Զուրաբյանը՝ կուսակցական փողերի, օֆշորային սկանդալի, Տիգրան Սարգսյանի անմեղության կանխավարկածի և այլնի մասին

Արարատ Զուրաբյանը՝ կուսակցական փողերի, օֆշորային սկանդալի, Տիգրան Սարգսյանի անմեղության կանխավարկածի և այլնի մասին

Հայոց համազգային շարժում Հ/Կ ղեկավար Վահագն Հայոցյանը ապօրինի է համարում նույն անվանմամբ կուսակցություն գրանցելը։ Այլ կերպ ասած՝ նոր ՀՀՇ–ն գողությամբ է զբաղվել և վերցրել է արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպության անունը։

Թե ինչպիսի ընթացք կստանա Տիգրան Սարգսյանի սեղանակից ընկերների հիմնադրած կուսակցության գրանցումը, պարզ կդառնա առաջիկայում։ Մինչև այդ՝ Արարատ Զուրաբյանն ընտրվել է ՀՀՇ–ի անվան տակ հանդես եկող կուսակցության նախագահ։

Ստորև ձեզ ենք ներկայացնում նրա հետ հարցազրույցը։

–Դուք քննադատում եք Մաքսային միությանը միանալու որոշումը։ Այդ դեպքում պահանջո՞ւմ եք դրա հեղինակ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

–Ոչ թե քննադատում ենք Մաքսային միությունը, այլ կողմնակից ենք Եվրաինտեգրմանը, շատ խո՛ր ինտեգրմանը։ Կարծում ենք, որ 4 տարի ասոցացման պայմանագրի վրա աշխատելուց հետո, երբ արդեն պատրաստ էր ստորագրման, դրանից հրաժարվելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եվ բոլոր նրանք, ովքեր կիսադեմագոգիկ կամ ինչ–որ ձևերով ուզում են խուսափել պատասխաններից, չասեն–չխոսեն սրա մասին, որ չերևա՝ իրենք այս կամ այն ուղղության կողմնակից են, մի բան են մոռանում՝ այստեղ առկա է քաղաքակրթական ուղու ընտրության հարց։

–Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք։

–Ես Սերժ Սարգսյանի հրաժարակա՛նը միայն չէ, ես ամբողջ իշխանական համակարգի, այդ ամբողջ... ընդհանարապես, ընդդիմադիր քաղաքական ուժը պետք է պայքարի, որպեսզի այն քաղաքական ուժը, որը չի բավարարում այս ժողովրդի կարիքները հոգալուն, ընդհանրապես քաղաքական ուղղությունը տանելու գիծը հեռանա իշխանությունից։ Բնականաբար, առանց վարանելու, հանգիստ ասեմ՝ իհա՛րկե, մենք պահանջում ենք թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ մյուսների, թե՛ մյուսների...

Նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՞։

–Միանշանա՛կ։ Այլ հարց է, որ տեխնիկական խնդիր է՝ որ պահին որ հարցը հնչեցնել առավելապես, և պետք է լինել իրատես, կոնկրետ։ Եվ, ընդհանրապես, մեր ծրագրում նշված է, որ ՀՀՇ–ն միշտ առաջնորդվել է իր հիմնական գաղափարական ծրագրային ուղղություններով, որոնք միշտ հիմնված են եղել իրատեսության հիմքի վրա։

–Այսինքն, հիմա այդ պահանջն իրատեսակա՞ն չէ։

–Այդ պահանջը միշտ օրակարգում է։ Դրա իրագործումը՝ կոնկրետ, ասենք թե, հասցնել իր տրամաբանական կետին, կարծում եմ՝ լուրջ աշխատանքի արդյունքում կարող է լինել։ Որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ես ուզում եմ, որ այս իշխանությունը փոխվի, գնա, հեռանա։ Ինչպե՞ս ենք դա իրագործելու, պետք է մշակենք մեր քայլերը և տեսնենք այն ուղղությունները, որոնցով որ գնալու ենք։ Սերժ Սարգսյանի հարցը, որպես այդպիսին, առանձնացնել, բարձրացնել և այլն, դա չէ մեր առաջնային այսօրվա խնդիրը։

–Ո՞րն է այսօրվա ձեր խնդիրը։

–Մեր խնդիրն է տեսնել ընդհանրապես՝ ինչպես ենք կարողանալու իրագործել այդ խնդիրը նույնպես այլ խնդիրների հետ միասին։ Իսկ Հայաստանում բոլոր խնդիրների լուծման բանալին իրականում այն է, որ պետք է փոխվի այս իշխանական համակարգը։

–Իսկ ո՞նց եք համատեղելու ձեր ընդդիմադիր կեցվածքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նույն սեղանի շուրջ քեֆերին մասնակցելով, այն էլ՝ նրա թամադայությամբ։

–Ես, գիտեք՝ ինչ, կոնկրետ կարող եմ ձեզ հետ էլ քեֆի մասնակցել, բայց որևէ, ասենք թե, բան դա չի ասի մեզ։ Այդ քեֆը կավարտվի, յուրաքանչյուրս կմնանք մեր տեսակետին և մեր հայացքներին, ասենք թե։ Կարծում եմ, որ դուք դա շատ նորմալ պետք է որ համարեք, կամ էլ մենք պետք է վերադառնանք 19–րդ դար։

–Պարզ է։ Անցնենք առաջ։ Ձեր նորաստեղծ կուսակցության ֆինանսավորումը ո՞րտեղից։

–Ֆինանսավորումն իրականացվելու է կուսակցության անդամների միջոցով։ Հավաքվելու են անդամավճարներ, և այդ պրոցեսը մշտապես այդպես է տեղի ունենում։ Մենք չունենք կոնկրետ օլիգարխներ, մեծահարուստներ, որոնք դա պետք է անեն, և, բնականաբար, մենք ընկերներով, մեր համախոհներով մեր խնդիրները պետք է լուծենք (Արարատ Զուրաբյանը բիզնեսներ ունի և խոսվում էր, որ նա 2008–ից հետո այդ բիզնեսները չկորցնելու համար «լեզու գտավ» իշխանությունների հետ– Ա.Մ.)։

–Իսկ արժանահավատ համարո՞ւմ եք Տիգրան Սարգսյանի պնդումները, որ ինքն օֆշորային սկանդալի հետ կապ չունի, և անմեղ է։ Քեֆի ժամանակ այդ թեմայով չե՞ք խոսել։

–Ես գտնում եմ, որ երբ որ ինչ–որ մի պրոցեսի վերաբերյալ լինում են այսպիսի զարգացումներ, ուրեմն այդ ծուխն առանց կրակի չի լինում. ինչ–որ մի բան հնարավոր է, որ կա։ Սակայն ուզում եմ նաև, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով (այն, ինչը երբևիցե մեր իշխանությունները իրենց հակառակորդների դեպքում հաշվի չեն առել), եթե նա ունի հնարավորություն՝ հիմնավորելու, որ ինքը կոնկրետ կապ չունի, և այդ հիմնավորումը կլինի արժանահավատ, ապա, տա Աստված, որ այդպես լինի։

–Բայց մեր իրավապահներն ում անմեղությունն ասես՝ կարող են հիմնավորված համարել, կամ ապացուցել, որ յուրաքանչյուրս ոչ թե մարդ ենք, այլ ուղտ։

–Չէ՛, մեր հասարակությո՛ւնը պետք է դրանում համոզվի, և եթե կարողանան գտնել գործուն միջոցներ՝ դրանում համոզելու հասարակությանը, բնականաբար, դա նորմալ կլինի հենց Հայաստանի վարկանիշի համար։ Սակայն, ինչևէ, մեկ անգամ ևս կրկնեմ առաջին պարբերությունը, որ ասացի։

–Մի խոսքով, շանս թողնում եք վարչապետին։

–Շանս թողնում եմ, բայց ասում եմ՝ առանց կրակի ծուխ չի լինում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը