Կարծիք

28.10.2013 11:48


Վախթանգ Մարգարյան

Վախթանգ Մարգարյան

Ռուսաստանի առաջին ալիքի շաբաթվա ամփոփիչ հաղորդմամբ՝ բառացիորեն հայտարարվել է հետևյալը. «Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է։ Եվ հենց այդ պատճառով ՄՄին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»։ Այսքանից հետո բացարձակապես կապ չունի, թե հաղորդման ժամանակ հնչեցրած այս և այլ մտքերն ադրբեջանցի Իրադա Զեյնալովայի հեղինակային եզրահանգումնե՞րն են, թե՞ հրահանգված են վերևից։ Ու անիմաստ էլ է ևս մեկ անգամ արձանագրել Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունների հակապետականությունը. նրան արդեն հեգնում են ռուսական հեռուստաալիքով։

Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ Հայաստանին նվաստացնող հայտարարություն է արվում։ Եվ եթե այսքանից հետո մեր իշխանությունները պաշտոնապես պարզաբանում չպահանջեն ռուսական կողմից, նշանակում է՝ նրանք պարզապես գոյություն չունեն։

Սերժ Սարգսյանին նվաստացնում են՝ նվաստացնելով նաև Հայաստանին։ Իսկ դա նշանակում է, որ ճիշտն այն կլինի, որ մե՛նք պարզաբանումներ պահանջենք ՀՀ իշխանություններից։ Իսկ է՛լ ավելի ճիշտ կլինի՝ համապատասխան ուղղությամբ ուղարկել Սերժ Սարգսյանին ու իր փոքրիկ թիմին։

Այս խորագրի վերջին նյութերը