Մեկնաբանություն

26.10.2013 16:01


Կոոպերատիվ «ՀՀՇ»–ն ու Արմեն Աշոտյանի «նավսը»

Կոոպերատիվ «ՀՀՇ»–ն ու Արմեն Աշոտյանի «նավսը»

Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը (Բեյրութ) և Հովհաննես Իգիթյանը նախաձեռնել են նոր ՀՀՇ–ի ձևավորումը։ Այլ կերպ ասած՝ կոոպերատիվ «ՀՀՇ» են ուզում գրանցել։

«Կոնգրես» հյուրենացում տեղի ունեցած կոոպերատիվ «ՀՀՇ»–ի «հիմնադիր» համագումարը և հյուրերի ցանկը հուշում են, որ գործ ունենք համահաճախորդական հավաքի առանձին դրսևորման հետ, քանզի հրավիրյալների թվում էին այնպիսի «վաստակավորներ», ինչպիսիք էին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու նրան կցված Սուրիկ Աբրահամյանը, «ազնիվ քյարփինջությունը» գեղամյանությամբ փոխարինած Պետրոս Մակեյանը և ՀԱԿ–ը լքած այլ «երևելիներ»։

Օֆշորագետ Տիգրան Սարգսյանի թամադայությամբ ծնունդ անող կոոպերատիվիստ–«թունդ ընդդիմադիրները», ըստ ամենայնի, «ա լյա» Արամ Սարգսյան են գործելու։ Այսինքն՝ հանգստյան օրերին սիլի–բիլի են անելու իշխանավորների հետ ու հետները սեղան են նստելու, իսկ աշխատանքային օրերին հանդես են գալու որպես կատաղի ընդդիմություն՝ պահանջելով ... ՀԱԿ–ի հրաժարականը և դաժան քննադատության ենթարկելով «քաղաքագիտական վերլուծությունը»։

Ասել է թե՝ իշխանությունները որևէ նոր և օրիգինալ բան չեն կարողանում մտածել։ Ինչ անում են, վերջում Դավիթ Շահնազարյան է ստացվում, կամ լավագույն դեպքում՝ Նիկոլ Փաշինյան։

Թե կոնկրետ ինչպիսի ճակատագրի կարժանանա կոոպերատիվ «ՀՀՇ»–ն, երկրորդական հարց է։

Միայն մեկ դիտարկում. իշխանությունները շատ «նագլի» են։ Հա՛մ «սխրանքի» են մղում իրենց հաճախորդներին, հա՛մ «էս գլխից» նրանց «պայթացնում» են և «նավսում» գործը։

Բանն այն է, որ կոոպերատիվ «ՀՀՇ»–ի համագումարն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը։

«Շնորհավորում եմ ՀՀՇ հիմնադիր համագումարը: Ուրախ կլինեմ, եթե քաղաքական պատկառելի կենսագրություն ունեցող այս համախոհների թիմին հաջողվի Հայաստանում վերջապես կայացնել պետականամետ լիբերալ քաղաքական բևեռը, կորիզացման կենտրոն դառնալով ազատականության գաղափարախոսության շրջանակներում դեռևս սեփական տեղը վերջնականապես չգտած ու ջլատված այլ լիբերալ ուժերի համար»,– գրել է կարմիրշորտիկավոր նախարարը։

Իսկ այն, որ Աշոտյանը «նավսոտ» է և «բեխեր», կարող են հավաստել ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանն ու ՀԱԿ–ի հաշվին պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը։

Վահանին Արմենը շնորհավորեց գրքի համար ու գրիչ նվիրեց, և ահա գերմանացիները չեն հաստատում նրա «ագրեմանն» ու դեսպան չեն թողնում դառնալ։

Փաշինյանն էլ «չխերվեց» Աշոտյանից։

Եթե հիշում եք, Նիկոլը մի լավաշ–պայմանագիր էր առաջարկել բովանդակ հայությանն ու անունը դրել «Քաղաքացիական պայմանագիր»։ Այդ փաստաթղթով հայերն ու Նիկոլը պետք է պայմանագիր կնքեին ու անցնեին գործի։

Նիկոլի այդ նախաձեռնությունն առաջինը շնորհավորեց Աշոտյանը և մեծ ապագա ցանկացավ պայմանագրի նախաձեռնողին։ Արդյունքում՝ բացի Նիկոլի տնեցիներից ու մեկ–երկու հոգուց «Քաղաքացիական պայմանագրին» որևէ մեկը չմիացավ։ «Գյոզալական» գաղափարը կորավ գնաց։

Այնպես որ Աշոտյանի ոտքը, կամ ավելի ճիշտ՝ ձեռքը «խերով» չէ։ Եթե նա «Ֆեյսբուքով» շնորհավորում է հերթական հաճախորդի կամ հաճախորդների նախաձեռնությունը, ապա նախագծի տապալումը երաշխավորված է։

Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը նոր մարդ պետք է գտնեն որպես իշխանական թևից «թունդ ընդդիմադիրներին» շնորհավորող։ Ասենք՝ Աշոտ Աղաբաբյանին կամ Սամվել Ալեքսանյանին։ Մանավանդ որ Փակ շուկայի տիրոջ համար արևմտյան արժեքների ջատագով ներկայացող Արամ Սարգսյանի գաղափարակից ընկեր Սուրեն Սուրենյանցն է հրապարակային փաստաբանություն անում։ «Կակռազ» լիբերալ արժեքների «մոմենտով» Լֆիկի խոսքը խրախուսական կլինի բոլոր տիպի «արևմտամետ» հաճախորդների համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը