Քաղաքական

26.10.2013 15:58


Հովհաննես Իգիթյան. «Հարցը այն չէ, որ փողոցում կարելի է ամբողջ օրը գոռալ՝ Սերժ, հեռացի՛ր»

Հովհաննես Իգիթյան. «Հարցը այն չէ, որ փողոցում կարելի է ամբողջ օրը գոռալ՝ Սերժ, հեռացի՛ր»

ՀՀՇ նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը նոր է վերադարձել Ուկրաինայից, որտեղ զբաղված էր ԵՄ–ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու նախապատրաստական աշխատանքներով։

Իգիթյանը վերադարձել է հատուկ ՀՀՇ հիմնադիր համագումարին մասնակցելու համար։ Իսկ Մաքսային միությանը միանալը նա համարում է փակուղի։

«7օր»–ի հարցին, հետևաբար պահանջո՞ւմ եք Մաքսային միությանը միանալու որոշում ընդունած Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա պատասխանել է.

–Սերժ Սարգսյանի հրաժարականը, ընդհանրապես ոչ լեգիտիմ իշխանության հրաժարականը, ոչ թե հրաժարական՝ որպես հրաժարական, այլ մենք գտնում ենք, որ վերջին ընտրությունները լեգիտիմ չէին և այս իշխանությունը լեգիտիմ չէ և ընտրված չէ ժողովրդի կողմից։ Այ սա է պատճառը, որ թույլ է մեր իշխանությունը։ Հիմա հարցը այն չէ, որ փողոցում կարելի է ամբողջ օրը գոռալ՝ Սերժ, հեռացի՛ր, և սպասել 3 տարի, 3 տարի հետո կհեռանա՛։ Մենք ավելի լուրջ խնդիր ենք լուծելու հիմա։ Ես չեմ գտնում, որ որևէ կուսակցության ստրատեգիան պետք է լինի Սերժ Սարգսյանին հեռացնելը։

Իգիթյանը նշել է, որ հիմա ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու, քանի որ հիմա Հայաստանը կտրուկ շեղվում է 25 տարի առաջ որդեգրած կուրսից։

–Անկախ պետություն դառնալուց մենք վերցրել ենք այն արժեքները, որոնք կան Եվրոպայում,–ընդգծել է նա։

Մեր հետագա հարց ու պատասխանը ներկայացնում ենք առանց կրճատումների։

–Փաստորեն, այս նոր ՀՀՇ–ն հանդես է գալիս որպես ընդդիմադիր, բայց որոշակի օրերին վարչապետի թամադայությամբ խնջույքի սեղաններին է մասնակցում։

–Ես չեմ մասնակցել։

–Մասնավորապես Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձի թամադան է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը։

–Գնացեք, Արարատ Զուրաբ...գնացեք, հարցրեք...կարծեմ այդ հարցն այնքան է շոշափվել...ես չգիտեմ՝ ինչու եք դուք ուզում բացեք։ Ուրեմն ես մասնակցել եմ Լևոն Տեր–Պետրոսյանի ծնունդին, որտեղ ներկա են եղել և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը։ Ուզո՞ւմ եք սրա մասին խոսենք։

–Խոսե՛նք։ Թեև ինչու՞ Տեր–Պետրոսյանին հիշեցիք, մի քիչ անհասկանալի է, բայց խոսենք։

–Այո՛, ես մասնակցել եմ...խոսում եմ...ես մասնակցել եմ Լևոն Տեր–Պետրոսյանի ծնունդին...

–Ո՞ր թվականին։

–Ի՞նչ կապ ունի։ Անցյալո՛ւմ։

–Լևոն Տեր–Պետրոսյանն այդ ժասմանակ ընդդիմությո՞ւն էր։

–Ես չգիտեմ ինքը ինչ էր էդ ժամանակ։

–Ո՞նց չգիտեք, դա շատ կարևոր է։

–Ինքը քաղաքականությունից դուրս էր։

–Այսինքն, ձեր նման չէր, որ լինելով ընդդիմադիր՝ իր ծնունդին իշխանության ներկայացուցիչներին էր հրավիրել։

–Ես խնդրում եմ, այդ հարցը տվեք այն մարդկանց, որոնք մասնակցել են։

–2008–ից հետո՞ է դա եղել։

–Չգիտեմ։

–Չէ, որ ասում եք, մինչև վերջ ասեք։ Ե՞րբ են Քոչարյանն ու Սարգսյանը մասնակցել Տեր–Պետրոսյանի ծնունդին։

–Մինչև 2008 թիվը։

–Դա միանգամայն փոխում է ձեր համեմատության եզրը։

–Այսինքն, դուք ինչ...հարցը, ըըըըըըըըըըըըը, ճիշտ դրեք...դուք հարցը այդպես դրեք՝ դուք ֆինասավորվո՞ւմ եք...դուք Տիգրան Սարգսյանի պռոյե՞կտն եք։

–Չէ, ես դա՛ չեմ հարցնում։ Դու՛ք ասացիք։

–Ազնիվ և բաց ձևով հարցը տվեք, ես ազնիվ և անկեղծ պատասխանեմ։ Հարց տվեք այսպե՛ս՝ դուք ֆինասավորվո՞ւմ եք Տիգրան Սարգսյանից։ Պատասխան՝ ո՛չ։

–Բայց ես ձեզ դա չեմ հարցնում։ Ինչու՞ միանգամից Տիգրան Սարգսյանին հիշեցիք ֆինանսավորման ենթատեքստով։ Ես ասում եմ՝ դուք ներկայանալով ընդդիմադիր՝ նույն սեղանի շուրջ եք նստում իշխանությունների հետ։

–Ես չեմ նստել։

–Ձեր ընկերներն են նստել։

–Ուրեմն իրենց հարցրեք։

–Դո՛ւք էլ մի օր կնստեք։

–Ո՛չ, ես չեմ նստի։

–Չե՞ք մասնակցի Արարատ Զուրաբյանի ծնունդներից որևէ մեկին։

–Կմասնակցեմ։

–Դե Տիգրան Սարգսյանն էլ կգա։

–Դա՞ է ձեզ հետաքրքրում։

–Այո՛։

–Եթե հարցը սա՛ է, ասեք՝ Հովհաննես Իգիթյանը չի ուզում խոսել այդ թեմայով։ Եվ ինչ ուզում եք գրեք։ Բայց ինձ այսօր դա հետաքրքիր չէ, որովհետև ես ավելի գլոբալ հարց եմ փորձում լուծել, իսկ դուք ասում եք թե ով ում հետ ինչ է խմել։ Եթե դուք հիմա նայեք...Հայաստանը փոքր երկիր է...ով ում բարեկամն է և այդ խմելը..., ըըըըըըը, դուք այնքա՜ն կխճճվեք։ Եվ եթե սա՛ եք վերցնում ձեր՝ որպես քաղաքական ելակետ, թե ով ում հետ է խմում, դուք շատ հեռու կգնաք և կպարզվի, որ Հայաստանում ո՛չ իշխանություն կա, ո՛չ էլ ընդդիմություն։

–Դրա ահամար էլ մեր երկիրն էս օրի է։

–Ինչո՞ւ դուք հարցն այսպես չեք դնում՝ դուք՝ Տիգրան Սարգսյա՛ն, լինելով վարչապետ՝ ինչո՞ւ եք գնում ընդդիմադիր գործչի ծնունդին։ Կարո՞ղ է ինքն է ծախվել։

–Խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց, թե չէ կհարցնենք։ Համ էլ ինքը օֆշորի գործում է խճճված։

–Դե հարցրեք, հարցրեք։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը