Լրահոս

27.10.2013 00:15


Արամ Սարգսյանը խմբագրել է սեփական անցյալն ու խոսել ներքին և արտաքին քաղաքականությունից (տեսանյութ)

Արամ Սարգսյանը խմբագրել է սեփական անցյալն ու խոսել ներքին և արտաքին քաղաքականությունից (տեսանյութ)

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

–Ասում էիք, որ գրավելու եք փողոցը, բայց ձեզ այդպես էլ փողոցում չտեսանք։ Ի՞նչն է պատճառը։

Դուք խեղաթյուրում եք իմ ասածը։ Ես «գրավել» բառը չեմ օգտագործել։ Ես կարող եմ բառացի ցիտել։ Ես ասել եմ, որ ՀՀ բնակչության թվից միայն 131–ն է, որ մտնում է ԱԺ, մնացածը մնում են փողոցում։ Ես գերադասում եմ մնալ փողոցում մնացածների հետ։ Սա՛ է եղել իմ ասածը, կարող եք բացել, կարող եք կարդալ, կարող եք նայել։

–Դուք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք։

–Միանշանա՛կ պահանջում եմ։ Ես թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականները պահանջել եմ 99 թվականից, երբ վարչապետ էի։ Ես 2 անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել և 2 անգամ էլ հրաժարվել եմ այդ մանդատից՝ համարելով, որ այդ ԱԺ–ն գործադիր իշխանության դակիչ մարմինն է։

Ձեզ համարո՞ւմ եք ձեր եղբայր Վազգեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդ։

–Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ զոհվածի հետևից ոչ թե վրեժխնդիր լինել է պետք, այլ նրա կիսատ թողած գործը պետք է շարունակել։ Ես իմ պարտքն եմ համարում իմ համեստ ունակությունների չափով այդ գործը շարունակել։

–Բայց Վազգեն Սարգսյանը ռուսամետ էր համարվում, իսկ դուք որպես արևմտամետ եք հանդես գալիս։

–Էդ դուք կարող եք էդպես համարել, և էն մարդիկ, ովքեր քիչ են ճանաչել Վազգեն Սարգսյանին, և այն ուժերը, ում ձեռնտու է այդպես համարել։

–Վազգեն Սարգսյանն արևմտամե՞տ էր։

–Խնդիրն այն չի, որ մարդկանց պիտի դասեք արևմտամետների կամ ռուսամետների շարքը։ Վազգեն Սարգսյանը գործում էր հանուն ՀՀ շահերի։ Եվ ես էլ աշխատում եմ գործել հանուն ՀՀ շահի։ Եթե դուք մտածում եք, որ Վազգեն Սարգսյանը պիտի համաձայն լիներ, որ Հայաստանը Եվրասիական ինչ–որ միության անդամ դառնար, կամ ռուսական չինովնիկները գային էստեղ ու էսպես մեծ–մեծ խոսեին, ասեին, որ հայկական բանակի փոխարեն այսուհետ ՀԱՊԿ–ը պիտի ներկայացնի Հայաստանը ՆԱՏՕ–ում, դուք չարաչար սխալվում եք։

–Փաստորեն, այս նոր ՀՀՇ–ի հետ շատ ընդհանրություններ ունեք։ Մասնավորապես, դուք էլ եք հանդես գալիս որպես ընդդիմություն, բայց դա չի կաշկանդում, որ իշխանության ներկայացուցիչների հետ նստեք նույն սեղանի շուրջ։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

–Ես չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, որովհետև ձեր հարցն իր մեջ ենթատեքստ է պարունակում։ Դուք էդպես եք մտածում, էդպե՛ս մտածեք։ Համենայնդեպս, ինձ որևէ մեկը չի տեսել իշխանության ներկայացուցիչների հետ որևէ համագործակցության ժամանակ. չկա՛ որևէ փաստ, որտեղ ես փորձել եմ էս իշխանությունների հետ լեզու գտնել (հիշեցնենք, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսության հիմնական գաղափարախոսներից և ոգևորվածներից մեկը հենց Արամ Սարգսյանն էր. նա գրեթե ամեն օր հարցազրույցներ էր տալիս իշխանամետ լրատվամիջոցներին ու գովերգում երկխոսության բարեմասնությունները – Ա. Մ.)։ Ասեմ ավելին՝ ես խնդիր էլ չեմ դրել որևէ դեպքում որևէ խնդրի առումով ընդհանուր հայտարարի գալ որևէ ուժի կամ իշխանությունների հետ, և խնդիրը եղել է մեկը՝ էս երկրում ժողովրդի քվեով ձևավորել իշխանություն, որը կլինի ժողովրդին հաճո։ Եվ էս ժողովուրդն ինքը պիտի տնօրինի իր ապագան, ներկան ու անցյալը։ Նրանց, ում դուք ի նկատի ունեք, ձեր անձնական կարծիքն է։

–Բայց որքանո՞վ է կոմֆորտ ձեզ համար այսպիսի հայտարարություններից հետո գնալ տուն և իշխանության ներկայացուցիչներին ընդունել ձեր տանը, ովքեր պարբերաբար ձեզ հյուր են այցելում։

Իշխանության ներկայացուցիչներն այցելում են եղբորս՝ Վազգեն Սարգսյանի տուն, որտեղ ապրում են իմ հայրն ու մայրը։ Նրանք Վազգենի հետ անցել են երկար ճանապարհ և իրե՛նց (ու նաև՝ Վազգենի) իրավունքն է Վազգենի տուն գալը։ Եվ որևէ մեկն իրավունք չունի նրանց այդ տնից դուրս վռնդել։ Եկե՛լ են, իսկ ովքեր կգան, բարո՛վ գան։ Իսկ ձեր մոտեցումը ես համարում եմ հակամարդկային, ուղղորդված, քաղաքական և չար։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը