Մեկնաբանություն

25.10.2013 21:49


Երազ իմ երկիր մղձավանջ

Երազ իմ երկիր մղձավանջ

Վաղը տեղի է ունենալու Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարը: Միություն, որ արդեն 22 տարի ղեկավարում է Ռոբերտ Ամիրխանյանը:

Համագումարի օրակարգում է միության նախագահի ընտրության հարցը:

Դեռեւս մեկուկես ամիս առաջ միության ընդդիմադիր թեւը սկսեց աշխուժանալ եւ մամուլում հանդես եկավ Ամիրխանյանի հասցեին ուղղված մեղադրանքներով, ինչը շարունակվում է մինչ օրս:

«Ամիրխանյանական բռնակալությունը» թոթափելու պատեհ առիթ է ստեղծվել միության գործող նախագահից վերջապես ազատվելու համար եւ նրա ընդդիմախոսները իրար հերթ չտալով կառույցի «կեղտոտ սպիտակեղենը» փռեցին հանրության առաջ:

Հիշեցնենք Ռոբերտ Ամիրխանյանին հասցեագրված մեղադրանքների «փաթեթը»:

Սակայն մինչ Ամիրխանյանի ընդդիմախոսների մեղադրանքները ներկայացնելը, կարեւոր ենք համարում հիշեցնել մի փաստ, որ պակաս ուշագրավ չէ, ինչի մասին, սակայն, անցած շրջանում զարմանալիորեն չի խոսել հակաամիրխանյանական թեւը: Խոսքը 2011-ին Մշակույթի աջակցման խորհրդի մասին է, որի ղեկավարման գործը վստահվեց Ռոբերտ Ամիրխանյանին, սակայն վերջինս տապալեց այդ գործը: Գագիկ Ծառուկյանը այդ խորհրդին հատկացրել էր 100 միլիոն դրամ, որպեսզի Ամիրխանյանի ղեկավարությամբ խորհուրդը մրցույթներ անցկացներ եւ ընտրեր արժանավոր ստեղծագործողներին: Բայց Ամիրխանյանն այդպես էլ ոչ մի նախագծի հավանություն չտալով, ավելի ճիշտ՝ բացահայտ չկամություն դրսեւորելով՝ հարուցեց խորհրդի անդամների զայրույթը եւ ԲՀԿ առաջնորդն ստիպված եղավ լուծարել խորհուրդը, իսկ 100 միլիոնը փոխանցվեց «Գագիկ Ծառուկյան» հիմանդրամին, ինչը դարձյալ ուղղվելու է մշակույթի աջակցմանը: Ի դեպ, խորհրդի լուծարումից հետո Ամիրխանյանը հայտարարեց, թե շուտով նմանատիպ խորհուրդ է ստեղծելու Սերժ Սարգսյանը եւ ինքը կտնօրինի այդ խորհուրդը: Մինչ Սերժ Սարգսյանի փողերի մասին խոսք անգամ չկա:

Այժմ հրապարակված մեղադրանքների մասին:

ԴՈ – Նա լավ կոմպոզիտոր է, բայց նրա նախագահության օրոք երբեմնի փառավոր կառույցը դարձել է պարփակված, մեռած մի կառույց, որը չի կատարում իր առաքելությունը: Ըստ էության, Ամիրխանյանը հաշվի չի առնում միության անդամների կարծիքը, բոլոր որոշումներն ընդունում է միանձնյա: Միության գործունեության նպատակներից մեկը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է, համաշխարհային շուկա հանելն է, ինչը, սակայն, Ամիրխանյանն իր երկարամյա նախագահության շրջանում չի արել: Ավելին՝ միության կազմակերպած համերգների ծրագիրը ճիշտ չի կազմում, ընդգրկում է գորշ հեղինակների միջակ գործեր: Միությունը եւ նրա նախագահը արդեն 22 տարի երբեւէ դիրքորոշում չեն հայտնել ազգային երգարվեստը աղավաղող հեղինակների եւ կատարողների վերաբերյալ:

ՌԵ – Ամիրխանյանը անօրինական նախագահ է, քանի որ խախտել է կանոնադրությունը եւ սահմանված ժամկետում համագումար չի հրավիրել: Երկու տարի է, ինչ լրացել է միության նախագահի լիազորությունների ժամկետը, սակայն համագումար չի հրավիրվել եւ նախագահի ընտրություն չի կազմակերպվել: Իսկ վարչության կազմ եւ վերստուգիչ հանձնաժողով չի ձեւավորվել արդեն 4 տարի: Այդ պատճառով ընդդիմախոսները ստորագրահավաք են իրականացրել, նամակ են կազմել եւ ուղարկել են Ամիրխանյանին՝ արտահերթ համագումար անցկացնելու պահանջով: Եթե նա չկատարի այդ պահանջը, ապա կդիմեն դատարան:

ՄԻ – Անօրինականությունների շղթան շարունակվում է: Միության անդամների շարքից հեռացվել է հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Փոխարենը միության անդամներ են դարձել մարդիկ, որոնց ոչ ոք չի ճանաչում եւ հայտնի չէ, թե նրանք աշխատանքներ ունեն: Միության գործունեության աուդիտ երբեք չի իրականացվել եւ ենթադրվում է, որ «ֆինանսական մախինացիաներ» են կատարվել:

ՖԱ - «Մենք ուզում ենք դուրս գալ սովետական մոդելից եւ ստեղծել նոր մեխանիզմ: Միությունն իրենից պետք է ներկայացնի մի կառույց, որի առաջին պայմանը թափանցիկությունը պետք է լինի: Այն պետք է կապեր հաստատի նաեւ մյուս երկրների կոմպոզիտորների միությունների հետ: Կարծում եմ' շատ կարեւոր է նաեւ երաժիշտ կատարողների դերը, եւ նրանք պետք է միասնական լինեն: Մենք պետք է կարողանանք Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն օգտագործել: Ես մեծ հույսեր եմ կապում մեր երիտասարդության հետ. կա երիտասարդություն, որի մեջ ճորտի մտածելակերպ չկա: Հայ ազգը տաղանդավոր է, դրա համար էլ չի սիրվում աշխարհի կողմից: Ցավոք, այդ տաղանդն օգտագործում ենք ի վնաս մեզ: Մենք պետք է հնարավորինս գնահատենք երիտասարդներին եւ աջակցենք նրանց կայացմանը» (Կոմպոզիտոր Լեւոն Չաուշյան):

ՍՈԼ - 2012-ի նոյեմբերին համաշխարհային աստղերը' Վալերի Գերգիեւը, Յուրի Բաշմետը նամակով դիմեցին ՀՀ նախագահին` որ ճիշտ կլինի հավերժացնել Էդվարդ Միրզոյանի հիշատակը եւ նրա անունով կոչել Դիլիջանի ստեղծագործական տունը: Նույն պահանջով մի խումբ հայ մտավորականներ նույնպես դիմեցին նախագահին, որից հետո Դիլիջանի ավագանին միաձայն որոշում ընդունեց եւ նույնպես իր համաձայնությունը տվեց: Այնուհետեւ Հանրային խորհուրդը, որն ունի մշակույթի ենթախումբ, նույնպես իր համաձայնությունը տվեց այն անվանափոխելու, բացի դրանից, Կոմպոզիտորների միության 124 անդամից 80-ը նույնպես (այսինքն' գերակշռող մեծամասնությունը) պահանջեցին անվանակոչել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ: Շուտով կլրանա այդ գործընթացի 1 տարին, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա միության նախագահից, քանի որ Ամիրխանյանն ասում է, թե իրեն ոչ ոք պաշտոնապես չի դիմել:

ԼՅԱ - Ամիրխանյանը ագրեսիվ է, կոպիտ է, ոչ մի կոմպոզիտորի չի բարեւում, նույնիսկ եղել են դեպքեր, երբ միության անդամի է ծեծել (Արամ Սաթյան): Իսկ հիմա, երբ իր կամքով համագումարի օր է նշանակել, սկսել է 10 հազար դրամով կաշառել միության անդամներին, որ քվեարկեն իր օգտին (Վահրամ Բաբայան):

Ավելին՝ նա գրագող է, քանի որ դեռ 30 տարի առաջ սեփականել է «Երազ իմ երկիր, հայրենի» երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ինքը չէ: Այսինքն՝ հայկական բանակի հիմնը գողացված երգ է: Իսկ երբ երգի տեքստի հեղինակի՝ Աղասի Այվազյանի կինը բողոքել է դրա դեմ, Ամիրխանյանն սպառնացել է ՝ «Եթե տղամարդ լինեիք, Ձեր գլուխը կջարդեի» (Գրետա Վերդիյան):

ՍԻ - Երիտասարդ կոմպոզիտորներն իրենց բաց նամակում, որին ի դեպ, միացել են շուրջ 30 հոգի, անդրադարձել են ՀԿԵՄ-ում վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականությանը, միության անհեռանկար գործելակերպին, երկրի մշակութային կյանքում որեւէ դերակատարում չունենալու փաստին, ինչպես նաեւ հանդես են եկել հետեւյալ կոչով. «Հաշվի առնելով այս եւ այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, եւ կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին»:

Ի դեպ, առայժմ միայն կոմպոզիտոր Արամ Սաթյանն է հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը միության նախագահի պաշտոնում:

ԴՈ - Այս եւ այլ մեղադրանքներին ի պատասխան՝ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարել է. «Սադրանքներին չե՛մ տրվելու եւ չե՛մ հեռանալու»:

Ի դեպ, Ամիրխանյանը որոշել է ընդամենը 124 անդամ ունեցող միության համագումարը անցկացնել 1800 տեղանոց Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում. «Իմ առաջարկը հետեւյալն է` բաց զրույց ունենալ հասարակության հետ, քանի որ միությունը ոչ թե իր մեջ պարփակված կառույց է, որը մի շենքի մեջ հավաքված ընտրություն է անցկացնում, այլ` Հայաստանի պրոֆեսիոնալ երաժշտարվեստի կարեւորագույն մի դաշտ` իր փառավոր պատմությամբ»։ Սեփական որոշումը այսպես է բացատրում միության գործող նախագահը:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Այն, որ նրա ընդդիմախոսներին այդպես էլ չհաջողվեց դատարանի միջոցով հասնել արտահերթ համագումարի անցկացման (կարծես թե անհետեւողականություն դրսեւորեցին եւ չդիմեցին դատարան) եւ նաեւ այն, որ Ամիրխանյանը վաղը դահլիճը լցնելու է իր երկրպագուներով, որոնք լռեցնելու են ընդդիմադիրներին, այս ամենից կարելի է ենթադրել, որ միության նախագահի փոփոխություն չի լինելու: Այսինքն՝ կրկին տոկոս է «խփվելու»։

Այս խորագրի վերջին նյութերը