Մեկնաբանություն

25.10.2013 17:20


«Նավապետ» Զորի Գայկովիչի «որդիները»

«Նավապետ» Զորի Գայկովիչի «որդիները»

Հրապարակախոս Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահին բացասաբար ընդունվեց հասարակության լայն շերտերի կողմից։ Միայն բացառիկ մարդիկ գտնվեցին, որ նրա հետ համակարծիք էին։ Այդ բացառիկներից են նաև ՀՀԿ–ականները, ովքեր ոչ առանց Բաղրամյան 26–ի միջամտության, նետվեցին Գայկովիչին պաշտպանելու։

ՀՀ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե նրա՞նք ինչ կարծիք ունեն Բալայանի նամակի մասին, և ստացանք հետևյալ պատկերը։

«Խայտառակություն»՝ մեկ բառով սահմանափակվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Գնահատականներում հակիրճ էր նաև ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը.

«Զառանցանք է, ի՞նչ դրա մասին խոսեմ»։

ՀԱԿ խմակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ կարծում է, որ Բալայանի նամակով իշխանությունները փորձում են իրենց աթոռը պահելու համար Ղարաբաղը զոհաբերելու միջավայր նախապատրաստել։ Նա Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու առաջարկը նույնն է համարում, թե առաջարկես հարևանիդ՝ գա քո տունն ու երեխաներին պահի։

Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ մազոխիստ չէ, և չի պատրաստվում կարդալ այդ նամակը.

–Զորի Բալայան գրողի, Զորի Բալայան մտավորականի մտքերն ինձ երբևէ չեն հետաքրքրել։ Շատ հպանցիկ ծանոթանալով մտքերի հիմնական դրույթներին և անվերապահորեն վստահելով ինձ համար շատ հարգարժան վերլուծաբանների և գործիչների կարծիքներին՝ կարող եմ միայն ասել, որ հերթական անգամ գործ ունենք «մտավորական» եզրույթի դեգրադացման հետ։ Սա՛ է պալատական մտավորականի կարգավիճակը։

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս շատ բացասական է գնահատում այդ նամակը։ Նա վստահ է, որ Բալայանը հենց այնպես չի գրել այն։

–Բայց այդ մտածողությունն ինձ համար խորթ է,–ընդգծեց Քոքոբելյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարդացել նամակը և չի կարծում, որ դրա շուրջ պետք է մեծ աղմուկ բարձրացվի։

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ իշխանությունները ղարաբաղյան հարցում զիջումների գնալու համար սկսել են հասարակական կարծիքը պատրաստել.

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում հայտնվել են անելանելի վիճակում, կորցրել են խնդրի հայանպաստ կարգավորման որևէ հեռանկար: Բայց իշխանությունները ոչ թե պատրաստվում են հրաժարական տալ, այլ Ղարաբաղը հանձնելու գնով պահապանել սեփական իշխանությունը:

Փոխարենը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համարում է, որ Բալայանը բավականին լուրջ աշխատանք է կատարել։

–Պատմական էքսկուրս է, հիմնական բովանդակությունն էլ նա է, որ ադրբեջանական հասարակություն ու պետություն չի՛ եղել ընդհանրապես տարածաշրջանում։ Սա՛ է դրական կողմը։ Ամբողջ տեքստը եթե կարդաք, ուղղակի որևէ էդպիսի բան չկա, որ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում պետք է տեսնել։ Մարդիկ քչփորում են տողատակերը, որի հետ ես համաձայն չեմ,–հայտարարեց Գ. Սահակյանը։

Գ. Սահակյանն ակնհայտորեն չի տեսել Գյուլիստանի մասին հիշատակումները, որով Ղարաբաղը ՌԴ–ի մաս է դիտարկվում, այն էլ այսօրվա իրողությունների ենթատեքստում։

ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունները մեկնաբանությունից դուրս են։ Ներկայացնում ենք մեր հարցուպատասխանն ամբողջությամբ.

–Բալայանի նամակի մասին ի՞նչ կարծիքի եք։

–Բալայանն ունի իր կարծիքը, ես էլ՝ իմ։

–Ձերը ո՞րն է։

–Եթե այդ ժողովրդի անվտանգության համար մենք ոչինչ չենք կարողանում անել, ուղղակի այդ մասին մտածելով՝ կարելի է համաձայնվել։ Համ էլ Ղարաբաղի հետ մեր սահմանը կդառնա Ռուսաստանի հետ սահման։

Նույն բանն ասացիք, ինչ որ Բալայանը, ով Գյուլիստանի մասին հիշելով ռուսներին ասում է, թե չկա Ղարաբաղի հարց, այլ կա Ռուսաստանի հարց։

–Բալայանը Գյուլիստանի պայմանագիր է ասում, ես՝ ոչ։ Ես ասում եմ՝ եթե անվտանգության խնդիր կա, և մենք չենք կարողանալու պաշտպանել, որովհետև գերտերություններ կան կանգնած, մենք անզոր ենք, ի վերջո։

Բայց դա պարտվողական դիրքորոշում է։ Եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ նույն կերպ մտածեինք, այսօր ազատագրված հող չէինք ունենա։

–Պարտվողական չի։ Դիվանագիտություն է դա։

–Գյուլիստանի մասին հիշե՞լն է դիվանագիտությունը։

–Մենք անզոր չենք, մենք կարող ենք մեզ պաշտպանել, բայց ինչքա՞ն։ Քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Մինչև հայ ժողովրդի վերանա՞լը։ Տենց չեն պաշտպանում։ Դիվանագիտությունը նա է, որ դու պիտի կարողանաս աշխարհով մեկ քաղաքականությունդ նենց վարես, որ պատերազմից զերծ մնաս և չպարտվես։

Այսինքն, մենք հիմա պարտվե՞լ ենք դիվանագիտական ասպարեզում, որ ստիպված դիմում ենք այդ քայլին։

–Ո՛չ, մենք չենք դիմում այդ քայլին։ Ես ընդամենը ասում եմ՝ մենք ունենք որոշում, որ Ղարաբաղը ՀՀ–ի անբաժան մասն է։ Բայց եթե մենք չենք կարողանում դա պաշտպանել, և շահերը չեն համապատասխանում գերտերությունների հետ, կարող ենք նրանց հետ ընդամենը փորձենք դիվանագիտական ճանապարհներ գտնել։

Այսի՞նքն։

–Այսինքն, քայլ՝ Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ, ինչն ապահովում է լիարժեք անվտանգությունը։ Իսկ դա նշանակում է՝ սահման ունենալ Ռուսաստանի հետ։ Նշանակում է, որ դա Արևմուտքը թույլ չի տա. ավելի լավ է՝ անկախությունը ճանաչի, քան թե թույլ տա՝ Ռուսաստան մտնի։ Էս ամեն ինչը դիվանագիտություն է։

Ավելացնենք, որ մեկ այլ ՀՀԿ–ական Հերմինե Նաղդալյանն էլ սովետական ժամանակների ոճով գրած հոդվածով էր պաշտպանել Զորի Բալայանի նամակում հնչեցված մտքերը։

Փաստորեն, իրենց նժդեհական գաղափարների հետևորդ համարող կուսակցության ներկայացուցիչները հականժդեհական քարոզ են տանում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը