Մեկնաբանություն

25.10.2013 12:01


Սենեկան էլ չի փրկի

Սենեկան էլ չի փրկի

Ներքևներին վերաբերվեք այնպես, ինչպես որ կցանկանայիք ձեզ վերաբերվեին վերևները։ Իշխանություններին սա է խորհուրդ տալիս ֆեյսբուքերում դեգերող Երևանի նախկին փոխոստիկանապետի կողմից պարբերաբար մեջբերվող Սենեկան։

Հայաստանի իշխանություններին որևէ խորհուրդ ուղղելն այլևս անիմաստ է։ Չի՛ զգում մեր իշխանությունը վտանգը, և վերջ։ Իսկ վտանգն ամեն կողմից է։

Կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանն ասել՝ «Իմ տունը իմ ամրոցն է»։ «Ամրոցը» բոլոր կողմերից ճաքեր է տվել, ու ինչ ասես, որ չի լցվել այդ ճաքերով։ Դա չտեսնելն ինքնասպանություն է։ Իշխանությունները հենց դա էլ անում են՝ վճռականորեն գնում եմ ինքնաոչնչացման։

Ո՞նց կարելի է դա չտեսնել։ Գոնե բնազդո՞վ էլ չեք զգում՝ ինչ է կատարվում երկրի ներսում, ինչպես են ձեզ վերաբերվում դրսում...

Հետաքրքիր կլիներ, օրինակ, իմանալ Սերժ Սարգսյանի վախերը։ Ի՞նչն է նրան ամենից շատ տանջում։ Արդյոք նա որևէ պատկերացում ունի՞, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում վերևներին։ Իսկապես որ վախենալու է։

Հետաքրքրականն այն է, որ աշխարհի ոչ մի ավտորիտար առաջնորդ չի զգում իրավիճակի լրջությունը։ Բոլորին ու յուրաքանչյուրին թվում է, թե դա իր հետ չի պատահի։ Իսկ «դա»–ն գալիս է միանգամից ու անսպասելի։ Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Չաուշեսկուից, Մուբարաքից, Քադաֆիից ու այլ «անփոխարինելիներից»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը