Լրահոս

25.10.2013 08:14


ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին մասնակցեց Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին ԱՊՀ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացան 2015 թվականը ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելու և 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին: Մասնավորապես քննարկվեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաև մարդկանց առևտրի, հանցավորության, թմրամիջոցների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համատեղ միջոցառումների միջպետական ծրագրերի նախագծերը:

Արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց մինչև 2020 թվականը զբոսաշրջության բնագավառում համագործակցության Ռազմավարության նախագծին, որտեղ ամփոփված են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակները, Համագործակցության միասնական տարածք ձևավորելու մեխանիզմները:

Նիստի ընթացքում քննարկվեցին «2014 թվականին Ղազախստանի Հանրապետությունում (Ալմաթի) և Ղրղզական Հանրապետությունում (Օշ) քաղաքները «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման մասին» որոշումների նախագծերը:

Այս խորագրի վերջին նյութերը