Մեկնաբանություն

25.10.2013 00:05


Անձեռակերտ քծնանք ուղղված «ինտելեկտուալ» Սերժին

Անձեռակերտ քծնանք ուղղված «ինտելեկտուալ» Սերժին

Պարզվում է, Սերժ Սարգսյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին ոչ միայն դեսպանի պաշտոն է առաջարկել, այլ նաև մինչև այդ կարդացել է վերջինիս վեպը՝ դեռեւս ձեռագիր վիճակում:

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այդ մասին ասել է դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը։

«Մենք առաջին ընթերցողներն էինք եւ առիթ ունեցանք այդ թեմայով խոսելու՝ ես ոչ միայն ուրախ էի, որ հանրապետության նախագահն իմ ընկերոջ վեպը կարդացել է եւ հավանել, նաեւ առիթ ունեցա զարմանալու, հիանալու մեր պետության ղեկավարի՝ հումանիտար, ինտելեկտուալ բանավեճ վարելու հմտությամբ՝ լրջորեն տեղեկացված էր նա: Ի դեպ, շատ հետաքրքիր մասնակիցներ կային եւ սովորական մարդկային զրույցներից մինչեւ քաղաքական օրախնդիր հարցեր էին շոշափվումԽոսակցությունը գնաց-հասավ մինչեւ Քրիստոսից առաջ՝ առաջին դար, եւ իմ պետության ղեկավարը պարզապես զարմանալի գիտակ էր թե՛ մշակութային ու գրական, թե՛ պատմական ու դավանաբանական ոլորտներից»,– «խիարի թարս բուսնելու» և «կիքսային» այլ հարցերում աչքի ընկնող «ինտելեկտուալ» Սերժ Սարգսյանի մասին այսպիսի հիացմունքով է խոսում տիկին Պետրոսյանը:

Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին գովերգելու հարցում Շուշան Պետրոսյանի եւ իր զարմուհի Ալվարդ Պետրոսյանի միջեւ թեժ մրցակցությունը շարունակվում է: Նրանք իրար հետ չունեն, բայց կոնսենսուսի են եկել ՀՀԿ ղեկավարին գովերգելու հարցում։

Հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանը ընկեր Վահանի «Մանդիլիոն» ստվարածավալ վեպը (ինչը հունարենից հայերեն թարգմանաբար նշանակում է անձեռակերտ) կարդացել է ձեռագիր վիճակում:

Նկատի առնելով այն, որ Վահան Հովհաննիսյանն իր վեպը գրում էր մեկ տարի շարունակ, կարելի է ենթադրել, թե նրա ռուսերեն ձեռագրերը որ շրջանում էր ընթերցում Սերժ Սարգսյանը: Մասնավորապես այն ժամանակահատվածում, երբ «թունդ ընդդիմադիր» ՀՅԴ-ի ներկայացուցիչները, նույն ինքը՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանն ու այլք նախագահական ընտրությունների հետընտրական օրերին Ազատության հրապարակում հովանոցները ձեռքներին սատարում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ հարթակից ելույթներ ունենում ընդդեմ իշխանությունների:

Իսկ Ս.Սարգսյանը նույն այդ փուլում պալատում նստած կարդում էր իրեն «տոկոսներով» պարտված թեկնածուին սատարող ընկեր Վահանի ձեռագրերը: Փաստորեն, ՀՅԴ կարկառուն դեմքերը «տակից» Վահանի անտիպ գործերն էին հրամցնում Սերժ Սարգսյանին, իսկ Ազատության հրապարակում հանրությանը լրիվ այլ բան էին մատուցում բոցաշունչ ելույթների տեսքով։

Երեւի, Արմեն Աշոտյանն էլ էր տեղյակ, որ իր շեֆը հավանել է «Մանդիլիոնը» և դրա համար էլ վերջերս տեղի ունեցած այդ գրքի շնորհանդեսին ոչ միայն նվերով էր ներկայացել, այլեւ ջերմ համբույրով շնորհավորեց հեղինակին:

Այ այսպիսի՛ն պետք է լինեն իշխանություն-«ընդդիմություն» փոխհարաբերությունները: Առաջինը՝ ի դեմս Ս. Սարգսյանի, պետական գործերը թողած պետք է գիշերներ լուսացնի ՀՅԴ-ականի ձեռագրերի վրա, իսկ «ընդդիմադիրներն» էլ պետք է այդ ընթացքում Ազատության հրապարակում խոսեն համակարգային իշխանափոխության մասին:

Մնում է մի քիչ էլ սպասել եւ գուցե պարզվի, որ գրքի հովանավորը եղել է հենց Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ վերջինիս ֆինանսավորմամբ է հրատարակվել այդ վեպը, ինչը թարգմանվելու եւ հրատարակվելու է նաեւ հայերեն եւ անգլերեն:

Դե, որովհետեւ ինտելեկտուալ Վ. Հովհաննիսյանի հեղինակած գիրքը չէր կարող ոչ ինտելեկտուալ ինչ-որ մեկը ֆինանսավորել, եւ ամենայն հավանականությամբ նա կանգ է առել «ինտելեկտուալ, գիտակ եւ մշակութասեր» Ս. Սարգսյանի վրա:

Եթե ընկեր Վահանը ընդունում է դեսպան աշխատելու Ս. Սարգսյանի առաջարկը (բայց գերմանացիները ոնց որ թե չեն ընդունում), ապա ինչո՞ւ պետք է հրաժարվեր վերջինիս բարձր հովանու ներքո գիրք հրատարակելուց :

Ախր, ՀՅԴ-ն սիրում է ամեն ինչ «ամբողջական» անել. «ամբողջական իշխանափոխություն», «ամբողջական հովանավորություն», «ամբողջական հաճախորդացում» եւ այլն:

Ի դեպ, մի ժամանակ Ալվարդ Պետրոսյանի անդամությունը ՀՅԴ–ում սառեցվել էր։ Ասում էին, թե իբր ՀՅԴ–ում չէին ընդունել նրա պրոսերժական կեցվածքը։

Կյանքը ցույց տվեց, որ Ալվարդը տաք էր, իսկ ահա սառեցվել էր ՀՅԴ վերնախավի անդամությունը։ Հիմա ճիշտ ժամանակն է ամբողջությամբ տաքանալ և նետվել «ինտելեկտուալի» ապարանքները։ Սերժ Սարգսյանի մոտ հաճախորդների տեղերը միշտ էլ անսահմանափակ են եղել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը