Քաղաքական

24.10.2013 15:48


Նաիրա Զոհրաբյան. «Կառավարության տափակ ու անիմաստ հիմնավորումները և «copy past» մտքերը» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Կառավարության տափակ ու անիմաստ հիմնավորումները և «copy past» մտքերը» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօրվա իր ելույթում ընդգծել է, որ կառավարությունը տափակ ու անիմաստ հիմնավորումներով ու «copy past» մտքերով հետևողականորեն արգելափակում է ԲՀԿ–ական պատգամավորների օրինագծերի ճանապարհը:

Այս նախագիծը բերել է մի կառավարություն, որը խորհրդարանին իր կցորդն է համարում,-ընդգծել է նա՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծին.

Քանի՞ անգամ են խորհրդարանական մեծամասնության հանձնաժողովները մերժել կառավարության բերած օրինագծերը: Քանի՞ անգամ են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները դրական եզրակացություն տվել այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Ես կարող եմ հիշել միայն եզակի դեպքեր: Ուստի այսօր պահանջել կառավարությունից հարգել Սահմանադրությունը, կարծում եմ, ազնիվ չէ: Դեռ պիտի շնորհակալ լինենք, որ այս կառավարությունը չի դիմում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, և չի ասում՝ եկեք իմ դե ֆակտո արտոնյալ կարգավիճակն ամրագրենք նաև դե յուրե:

Ն. Զոհրաբյանը նաև հիշեցրել է, որ այս նախագիծը ներկայացրել է մի կառավարություն, որի ղեկավարը Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ ԱԺ ամբիոնից պատգամավորներին հրավիրում էր ԿԲ–ում հավաքարար աշխատելու։ Իսկ այդպիսի առաջարկ Տիգրան Սարգսյանն արել է, երբ ԱԺ պատգամավորներից ոմանք կարծիք են հայտնել, որ Կենտրոնական բանկի հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ԱԺ պատգամավորը.

Արդյոք անարդար չէ՞, երբ ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը բարձրացնում ենք շատ աննշան, իսկ պատգամավորների, նախարարների, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ շատ մեծ գործակցով: Իհա՛րկե անարդար է: Ես ինքս չեմ կարող նայել այն 20 հազար գործազուրկների աչքերին, որոնց մենք երեկ ձեր քվեարկությամբ զրկեցինք 18 հազար դրամ նպաստ ստանալուց։ Չեմ կարողանա բացատրել, թե ինչո՞ւ իմ պատգամավորական աշխատավարձը պետք է բարձրանա 12 գործակցով, իսկ նրանցը՝ ընդամենը 3 կամ 4:

Ն. Զոհրաբյանը զավեշտ է համարել կարծիքը, թե այս նախագծով աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը նվազելու են:

Հիշենք դատավորների հետ տեղի ունեցած պատմությունը։ Ինչքան բարձրացրեցինք, այնքան անվստահությունն արատավոր իրավական համակարգի հանդեպ աճում է,–եզրափակել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը