Մեկնաբանություն

24.10.2013 13:04


«Ֆուտբոլային» դիվանագիտություն-3

«Ֆուտբոլային» դիվանագիտություն-3

Ներքին խնդիրներն արտաքին «նախաձեռնողականությամբ» լուծելու արդյունքում Սերժ Սարգսյանը աճուրդի հանեց մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը։

Նա այնպիսի վիճակի մեջ է այժմ դրել Հայաստանը, որ արդեն ձրի էլ վերցնող չկա։

Զորի Գայկովիչի միջոցով ռուսներին Գյուլիստանի մասին հիշեցնելը ոչ այլ ինչ էր, եթե ոչ «արևմտամետ» Սերժ Սարգսյանի կողմից Կրեմլին անմնացորդ տրվելու պատրաստակամություն, այսպես ասած՝ անպատասխան սիրո խոստովանություն։

Սերժ Սարգսյանը, փաստորեն, շարունակում է հայ կղերականության տխրահռչակ քաղաքականությունը, ըստ որի՝ պետք է ապավինել երրորդ ուժին ու ստրուկի պես հնազանդվել։

«Ֆուտբոլային» դիվանագիտություն

Սերժ Սարգսյանի մոտ ամեն ինչ սկսվեց հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությամբ, որի շրջանակներում առևտրի առարկա դարձավ Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան, օգտվելով պաշտոնական Երևանի կոպիտ սխալից, լեգիտիմ մակարդակով սկսեց ակտիվացնել իր միջամտությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։

Թուրքիայի հետ սահմանը բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, «չերեզ» Թուրքիա Արևմուտքին ինտեգրվելու և ռուսական «սապոգը» Հայաստանից հանելու նպատակներ դրած իշխանությունը «ֆուտբոլն» ավարտեց հայ–թուրքական հարաբերություններն է՛լ ավելի վատացնելով և ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում ամրագրող կեսդարյա պայմանագիր կնքելով։

«Ֆուտբոլային» դիվանագիտություն-2

Ձգտելով վերարտադրվել և հավերժացնել իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը ԵՄ–ի հետ ասոցացման գործընթաց նախաձեռնեց։ Գործարքն ակնհայտորեն ձեռնտու էր կողմերին։ Սերժ Սարգսյանը եվրոչինովնիկներից գաղափարական ու քարոզչական աջակցություն էր ստանում ընտրակեղծիքներ անելու և տոկոս «խփելու» հարցում, իսկ փոխարենը Հայաստանը մտցնում էր հակառուսական խաղի մեջ։ Խաղ, որի գինը Ղարաբաղի կորուստն էր լինելու։ Ասել է թե՝ Սերժը «Ֆուտբոլային» դիվանագիտություն-2–ի շրջանակներում առևտրի առարկա էր դարձրել արդեն Ղարաբաղը (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց արդեն վաղուց չկա)։

Մեզ մնում է միայն հիշեցնել, որ ԵՄ–ի հետ ավելի քան երեք տարի ասոցացման շուրջ բանակցած, Հայաստանի ներսում արևմտամետ խաղացած և հակառուսական հիստերիա խրախուսած այս վարչախումբն իր հերթական «նախաձեռնությունը» ավարտեց սեպտեմբերի 3–ին՝ հայտարարելով ՌԴ–ի լիդերությամբ Մաքսային միություն մտնելու և հետագայում Եվրասիական միության մաս կազմելու մասին։

«Ֆուտբոլային» դիվանագիտություն-3

Հիմա «արևմտամետ» Սերժ Սարգսյանն ու իրեն կցված տարատեսակ շավարշքոչարյանները մոլի ռուսամետ են դարձել և հնարավոր բոլոր ձևերով քծնում են ռուսներին (Տիգարն Սարգսյանն, օրինակ, այնպես է քծնում, որ հայտնվել է կրեմլյան չինովնիկների «հաստ աղիքում»)։

Ռուսներին քծնելու հարցում բանը հասավ Մոսկվայի քաղաքապետին շնորհավորելուն։ Սակայն «նախաձեռնողական» Սարգսյանն այդքանով չբավարարվեց։

Նա կոմերսանտ Զորի Բալայանի միջոցով դիմեց Պուտինին՝ սեփական իշխանության պահպանման դիմաց առաջարկելով վերցնել Հայաստանն ու Ղարաբաղը։ Գյուլիստանի պայմանագրի մասին հիշելն այլ բան չի ենթադրում։

Թե ինչով է ավարտվելու Սարգսյանի այս մի «ճկուն» քայլը, հեշտությամբ կարելի է գլխի ընկնել։ Հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչով ավարտվեցին նրա մյուս նախաձեռնությունները։

Այնպես որ քանի Հայաստանը Կալինինգրադի մարզից ավելի ցածր կարգավիճակ չի ստացել ՌԴ–ի կազմում, անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին ու նրա արևմտամետառուսամոլախառը շրջապատին շտապ կարգով Գյուլիստան ուղարկել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը