Մեկնաբանություն

23.10.2013 11:55


Տիգրան Սարգսյանի աշնանային գաստրոլները

Տիգրան Սարգսյանի աշնանային գաստրոլները

Աշունը բավական թեժ է ստացվում Տիգրան Սարգսյանի համար։ Նա հա՛մ կարողանում է աշխարհաքաղաքական սալտոներ տալ, հա՛մ «ատկատահան» անել բյուջեն, հա՛մ իր սիրած հին մեթոդներով փողեր լվանալ։

Սեպտեմբերի 3–ից հետո վարչապետը, «А теперь я Наташа!» ծրագրի շրջանակներում փոխեց իր «արևմտամետ» շինելը «ռուսամետ» վալինկաներով ու սկսեց անսահմանորեն քծնել Կրեմլին՝ այդ հարցում գերազանցելով Սերժ Սարգսյանին ու մյուսներին։ Ճիշտ է, նա Զորի Գայկովիչի «ճկունությունը» չուներ, որ Գյուլիստանի մասին հիշեր, բայց դե, ամեն մեկը քծնում է իր փչացածության և կարդացածության չափով։

Ինչ վերաբերում է «ատկատներին» ու փող աշխատելուն, ապա Տիգրան Սարգսյանի մոտ բան չի փոխվել։ Այս հարցում նա կայուն վարքագիծ է դրսևորում և կրկին տարերքի մեջ է։

Վարչապետը շարունակում է իր սիրած գործը՝ դասախոսություններ է կարդում կամ էլ դասախոսությունների վրա փող է դուրս գրում։

Մեր հանրությանը դեռ բացատրություններ չեն տրվել Համաշխարհային բանկից ստացած գումարներով գյուղական համայնքներին կով կթելու ձևերը սովորեցնելու վրա 16 միլիոն դոլարի դասախոսություններ կարդալու մասով, և ահա նոր դասախոսությունների վրա է գումար դուրս գրվում։ Եվ դա այն դեպքում, երբ ֆինանսների սղությամբ է բացատրվում աշխատավարձեր և թոշակներ չբարձրացնելը, ինչպես նաև գործազրկության նպաստը (18 000 դրամ) հաջորդ տարվա հունվարի 1–ից կտրելը։

Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» թեմայով սեմինար–քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև վարչապետն ու միկրոֆոնը ձեռքը վերցրել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ շրջանակներ են ներկա գտնվել այդ սեմինարին, կարելի է պատկերացնել, թե ինչ ջուրծեծոցի է կազմակերպվել, և ինչպիսի գործնական օգուտներ է տալու այդ սեմինարը մեր երկրին։ Հատկապես որ Հայաստանի տնտեսությունը ստագնացիայի մեջ մտցրածներն են խոսել «իրականացվող հնարավորությունների երկրի» մասին։

«Միջազգային կենտրոններից», փաստորեն, անցում է կատարվում «Հայաստանը հնարավորությունների երկիր» դարձնելու ծրագրին։ Արդյունքների մասին դժվար չէ կանխատեսում անելը։

Թե ինչպիսի հնարավորությունների երկիր են դարձրել սրանք Հայաստանը, բոլորիս է տեսանելի։ Բայց դա վարչապետին ու մյուս «բարեշրջիչներին» չի հետաքրքրում։ Կարևորը՝ որ բյուջեից ահագին փող է դուրս գրվել սեմինարի վրա։ Մնում է միայն պարզել, թե այդ փողը հայտնվել է Կիպրոսի օֆշորային հաշիվներո՞ւմ, թե՞ ներդրվել է «իրականացվող հնարավորությունների երկրում»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը