Մեկնաբանություն

22.10.2013 22:15


Մեր պետության հալը և Գյուլիստանի պայմանագիրը

Մեր պետության հալը և Գյուլիստանի պայմանագիրը

Եթե դուք սա պետություն եք համարում, ապա ես այդպիսին չեմ համարում:

Նորմալ պետության ղեկավարը, կամ ավելի ճիշտ՝ նորմալ ղեկավարը Սպորտի եւ երիտասարդության նախարար չի նշանակում մեկին, ով հանդիպում է գողական աշխարհի ներկայացուցիչների հետ ու նրանց հետ տալիք–առնելիք ունենում: Իսկ դրանից առաջ նրան մի քանի տարի տաքուկ պահում էր իր պալատում՝ իբրեւ նախագահի խորհրդական:

Հետաքրքիր է, այդ տարիներին ի՞նչ խորհուրդ է տվել Յուրի Վարդանյանը Սերժ Սարգսյանին, որ վերջինս որոշեց խորհրդականին պարգեւատրել նախարարի պաշտոնով:

Գուցե սահմանակետով թմրանյութեր անցկացնելու վրա աչք փակելու մասի՞ն են եղել նրա խորհուրդները, այլապես Վարդանյանի որդին ինչպես կարող էր հանդգնել զբաղվել նման գործով:

Եթե դուք սա պետություն եք համարում, ապա ես այդպիսին չեմ համարում:

Նորմալ պետության ղեկավարը, կամ ավելի ճիշտ՝ նորմալ ղեկավարը աչք չէր փակի Լիսկայի «քաջագործունների» վրա, ավելին՝ թույլ չէր տա, որ նրա մարդասպան որդին հայտնվեր ազատության մեջ: Բայց քանի որ լիսկաներն ու նմանատիպ դեմքերն են տոկոս «խփելու» հարցում աջակցում իրեն, ապա Սերժ Սարգսյանին մնում է վերացական պայքար սկսել ու հրահանգել՝ «Գլխից է պետք բռնել, գլխից»:

Նորմալ պետության հասարակությունը հազիվ թե հանդուրժեր օֆշորային սկանդալի մեջ ներքաշված վարչապետի եւ բարձրաստիճան հոգեւորականի՝ կառավարության ղեկավարի եւ թեմի առաջնորդի պաշտոններում գործունեության շարունակումը: Բայց քանի որ դա հանդուրժում է Սերժ Սարգսյանը, ավելին՝ ձեւացնում է, թե ոչինչ էլ չի եղել՝ հասարակությունը նահանջում է եւ այլեւս չի փորձում ընդդիմանալ կառավարման եւ հոգեւոր համակարգերն իրենց գոյությամբ նսեմացնող անձերի դեմ:

Նորմալ պետության ղեկավարը, կամ ավելի ճիշտ՝ նորմալ ղեկավարը ազգային-պետական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը գաղտնի չի պահում քաղաքական ուժերից եւ հասարակությունից: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշմանը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ պահմտոցի է խաղում: Մարդիկ քնում-արթնանում են եւ հո՛պ՝ լսում ու իմանում են, որ «նախաձեռնողական» Սարգսյանը սկսել է իրականացնել «ֆուտբոլային» դիվանագիտություն: Հետո նորից բանից անտեղյակ քնում-արթնանում են եւ հո՛պ՝ լսում ու իմանում են, որ նա արտաքին կողմնորոշման ուղղությունը կտրուկ փոխել է ու գազ տված մտել է Մաքսային միություն: Հետն էլ հիշել է Գյուլիստանի պայմանագիրն ու Ղարաբաղի «իրական տեղը» տարածաշրջանում:

Պետությունը նորմալ կառավարելու ունակ ղեկավարին անհանգստացնում է անգամ մի քանի տասնյակ քաղաքացիների արտագաղթելու փաստը, այնինչ՝ ավելի քան 250 հազար մարդու փախուստը երկրից, ամենեւին չի մտահոգում Սերժ Սարգսյանին:

Այս սարսափելի եւ վտանգավոր ցուցանիշի հանդեպ այնպիսի «օլիմպիական հանդարտություն» է դրսեւորում, ասես՝ խոսքը ոչ թե արտագաղթի, այլ ներգաղթի մասին է: Սարգսյանը առավելապես կարեւորում է իր «հաճախորդների» թվի ավելացման հարցը, քան՝ արտագաղթի խնդիրը:

Տնտեսության անկման, արտաքին ներդրումների ծավալների կրճատման, աղքատության աճի եւ մարդկանց ցածր կենսամակարդակի մասին չարժե խոսել:

Այսպիսով, երկրում արդարադատությունը մեռած է, ժողովրդավարություն ասվածը ֆիկցիա է, սոցիալական արդարություն ապահովելու մասին խոստումները մնացել են թղթի վրա, դե իսկ հանրային մթնոլորտն էլ աղտոտված է ստերով, կեղծիքներով, քծնանքի ու ստորաքարշության հսկայական չափաբաժնով եւ պալատից հանձնարարվող տարաբնույթ «մուտիլովյաներով»:

Ուրեմն՝ ի՞նչ պետություն:

Իրենք էլ երևի լավ գիտեն իրենց ղեկավարած պետության հալը ու դրա համար էլ հիշել են Գյուլիստանը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը